Տարիներ առաջ Մուշեղ Սաղաթելյանը հերթական անգամ բանտից դուրս եկավ: Գիտեի, որ բաց պիտի թողնեն, սակայն՝ որ օրը՝ տեղյակ չէի, ինչպես երեկ, երբ արդեն կեսօրին իմացա, որ Մուշեղ Սաղաթելյանի հոր՝ Ագուն Սաղաթելյանի թաղման օրն է: Իմացող ընկերներս մոռացել էին ինձ տեղյակ պահել: Ինչևէ, տարիներ առաջ, արդեն երեկոյան, մեքենան քշեցի ու հասա Մուշեղենց տուն: Մուշեղին ողջունեցի, աչքալուսանքի խոսքեր ասացի բոլորին: Ագուն հայրը Մուշեղի ինձ նստեցրեց իր կոքին: Որպես հեռուստալրագրող և «Հին ընկերների ակումբ» հաղորդաշարի հեղինակ՝ մինչ օրս էլ հանրապետության բոլոր ծայրերում մարդիկ հարգանքով են վերաբերվում ինձ: Խոսք գնաց, բնականաբար, մարդու տեսակի մասին, ու Ագուն հայրիկն ինձ պատմեց իր, այսպես ասած, առաջին ու միակ ակամա գողության մասին:
-Սովի տարի էր,- պատմեց Ագուն հայրը,-14-15 տարեկան տղա էի, կոլխոզի հոտին մի անտեր ոչխար էր խառնվել: Մեկ օր սպասեցի, տեսա՝ տերը չի հայտնվում, սուսուփուս մորթեցի այդ ոչխարը, աղ դրեցի, պահեստավորեցի: Երբ մայրս իմացավ, ասաց՝ Ագուն տղա, կորցրու իմ տնից էդ հարամ միսը, իմ էրեխեքը չպիտի օգտվեն գողացած ապրանքից: Իմ բոլոր բացատրությունները,-շարունակեց Ագուն հայրիկը, ձայն բարբառո էին, իմ շիտակ մայրն այնպես էր բորբոքվել, որ հայտարարեց՝ եթե տնից չհանես, ապա գյուղով մեկ խայտառակ կանեմ:
Հետո լուռ բաժակ բարձրացրեց իր լուսահոգի մոր, բոլորիս մայրերի ու նրանցից ստացած դաստիարակության համար: 
Լույս իջնի գերեզմանիդ, Ագուն հայրիկ, վերջին հրաժեշտիդ չհասցրի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել