Քիմը գնաց ..... Անցանք Շարլ Ազնավուրին։ Այսօր սոց. ցանցերում աչքովս ընկավ Շարլ Ազնավուրի հին հոդվածներից մեկը, որտեղ վերջինս քննադատում էր Հայաստանի հայաթափումը և այլ բացասական երևույթներ: Իհարկե հոդվածը հին էր, սակայն այն այսօր կարծես երկրորդ շունչն էր առել սոց. ցանցերում: Մեկնաբանություններում կարդում էի «ռազմահայրենասիրական զուռնա-դհոլի» քլնգոցը՝ թիրախավորված շանսոնյեին: Կոռեկտ չեմ համարում, երբ տաքուկ սենյակում նստած անհայտ անձիք նման կերպ են արտահայտվում Շարլի կենսագրություն-վաստակ-ներդրում ունեցող մարդու հասցեին: Ազնավուրի նվիրումը պատմական հայրենիքին երկրաշարժի տարիներին, նրա դերը Ֆրանսիայում Հայաստանի հանդեպ համակրանքի ձևավորման շրջանակներում անուրանալի փաստեր են: Վերջինս, ի դեպ, համաձայնեց դառնալ ՀՀ դեսպան ոչ թե աշխատավարձի կամ սեփական P.R.-ի, այլ կրկին մեր երկրի հեղինակության բարձրացման համար: Ազնավուրը հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս միշտ ընդգծում է, որ նա քաղաքագետ չէ: Իսկ նրա քննադատությունը մեր երկրի ներքին բացթողումների վերաբերյալ ակնհայտորեն փաստում են, որ Շարլը կտրված չէ մեր երկրի իրականությունից, մտահոգված է ՀՀ ապագայով և խնդիրներով (արտագաղթ, սոցիալական խնդիրներ և անհավասարություն….): Նրա տեսակետները, մտորումներն ու ելքերի տեսլականը (թեպետ վերջինս որոշակիորեն մակերեսային է) փաստում են նրա որակական տարբերությունն այն սփյուռքահայերի տիպից, ովքեր բացի «Արարատ սարը գսիրեմ», «Թուրքերի տիրու նանը» ասելուց գլուխ չեն ցավացնում այն հարցերի շուրջ, թե ինչու են հարյուր հազարավոր հայերը փախչում Ազատ ու Անկախ Հայաստանից և չեն փնտրում խնդիրների լուծում: Ֆրանսիայում, ի դեպ, օտար ազգի ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացիներն իրենց կոչում են «Ֆրանսիացի՝ դիցուք իսպանական ծագումով»: Անկախ այն հանգամանքից, թե Շարլ Ազնավուրն իրեն համարում է ֆրանսիացի, թե հայ, պատմական հայրենիքին նա տվել է շատ ավելին, քան երբևէ ստացել է կամ կարող էր ակնկալել ստանալ: Միայն դա բավական է, որ Շարլին քննադատելուց առաջ մի պահ կանգնենք հայելու դիմաց, մտածենք, թե ով ենք մենք և նոր ինտերնետին հանձնենք մեր մտքերը շանսոնյեի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել