Վերջերս շոուբիզնեսային սկանդալի առիթ դարձավ երգիչ Էրիկի և երգչուհի Սոնա Շահգելդյանի միջև ծագած վիրտուալ միջադեպը, որի առիթ էր դարձել Էրիկի հումորային գրառումը վատ ռուսերենով: Թեև գրառման մեջ որևէ ակնարկ չկար Սոնա Շահգելդյանի մասին, որոշ մարդիկ այն վերագրել էին երգչուհուն: Հրապարակվեց հարցազրույց, ըստ որի՝ Սոնան ասել էր, որ Էրիկն ինքնահաստատվում և PR է անում իր հաշվին:
Թեև հասարակությունը քննարկում էր Էրիկի և Սոնայի «պատերազմը», մեզ հասած տեղեկություններով՝ նրանք չեն գժտվել և թշնամանք չունեն միմյանց հանդեպ: Լուրի իսկությունը պարզելու համար BlogNews.am-ը զրուցեց Սոնայի հետ:
«Ես այդ փուլում շատ զբաղված էի և չհասկացա էլ՝ կոնկրետ ինչ է եղել: Ես և Էրիկը երբեք չենք էլ կռվել, որովհետև իրար հետ կիսելու բան չունենք: Մենք լավ ընկերներ ենք եղել, հիմա էլ շարունակում լավ ընկերներ մնալ: Շոու բիզնեսում բոլորի հետ եմ շատ լավ, ունեմ հատուկենտ ընկերներ, որոնց հետ ավելի շատ եմ շփվում: Կոնկրետ էրիկն ինձ մոտ ընկեր է. այդ միջադեպը չի ազդել մեր հարաբերությունների վրա»,- ասաց Սոնան՝ հավելելով, որ Էրիկին համարում է շատ լավ երգիչ:
Նշենք, որ Էրիկն էլ այս առթիվ ասել էր, որ երբևէ չի ծաղրել Սոնային, ավելին, միշտ հիացել է նրա երգարվեստով:
Ինչ վերաբերում է որպես դերասանուհի ներկայանալուն՝ Սոնան ասաց, որ մի քանի ամսից ֆիլմերի նկարահանումները կսկսվեն: Անդրադառնալով հոնորարներին՝ երգչուհին ասաց, որ այդ հարցերով զբաղվում է իր մայրիկը: «Կարծում եմ՝ կվարձատրվեմ այնքան, որքան կաշխատեմ: Ինձ համար կարևորն այդ դերերը խաղալն է. պետք է փորձեմ ներկայանալ պրոֆեսիոնալ: Առաջին անգամ եմ խաղալու, կարծում եմ՝ ինձ համահունչ դեր կլինի»,- ասաց նա:
Երգչուհու խոսքով՝ առաջիկայում սպասվում են նոր երգեր, տեսահոլովակներ ու համերգներ: «Այժմ հավաքում եմ իմ երաժշտական խումբը, որպեսզի ներկայանամ կենդանի համերգնեով: Ես հաճախ եմ մասնակցում տարբեր միջոցառումների, համերգների, սակայն բենդս հավաքելուց հետո ավելի հաճախ կունենամ համերգներ: Լավ թիմ է հավաքվելու, շատ տաղանդավոր, լավ երաժիշտներ են լինելու: Կարծում եմ՝ կարող եմ նորություն անել, կլինեն նաև ժանրային փոփոխություններ»,- հայտնեց Սոնան:
Ամալյա Հովհաննիսյան