Վրաստանի նախորդ կառավարությունը հավաքել է մի խումբ երիտասարդների, սպանել` նրանց ներկայացնելով որպես ահաբեկիչներՎրաստանում մեծ աղմուկ են բարձրացրել լրագրողները, որոնք հետաքննություն են անցկացրել և պարզել են, որ իշխանությունն ընտրություններից առաջ կազմակերպել է դաժան սպանդ:
Նրանք Պանկիսի կիրճում հավաքել են մի խումբ երիտասարդների, տվել զինվորական համազգեստ, զենք, փաստաթղթեր և գնդակահարել նրանց՝ իբրև զինյալների:
Դեպքը տեղի էր ունեցել խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Վրաստանում հայտարարեցին մի խումբ զինյալների չեզոքացման մասին: Լուրերի համաձայն` զինյալները պատրաստվում էին իրականացնել ահաբեկչական գործողություններ Վրաստանի տարածքում: 

Ի դեպ, մինչ ընտրություններում պարտվելը նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և իր թիմը բազմիցս նշում էին, որ «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի դեպքում Վրաստանում կսկսվի քաոս, և երկրում ազատ կգործեն հանցավոր խմբավորումները: 

Վրացական լրատվամիջոցները, կասկածի տակ առնելով այդ պատմությունը, որոշել են հետաքննություն անցկացնել: Պարզվել է, որ վրացական իշխանությունները չեչեն երիտասարդներին խոստացել էին ազատ անցուղի դեպի Հյուսիսային Կովկազ` ահաբեկչական գործողությունների նախապատրաստման համար: 

Դեպքն ամբողջությամբ կապում են Դավիդ և Բաչո Ախալայ եղբայրների հետ: Դավիդը զբաղեցնում էր Վրաստանի Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, սակայն խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո լքել է երկիրը, իսկ Բաչո Ախալայը հրաժարական է տվել վրացական կալանավայրերում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո:

Ի դեպ, ընտրություններից հետո արտասահման են մեկնել նաև Վրաստանի պաշտպանության նախարարը և գլխավոր դատախազը: Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ կառավարության հաստատումից հետո ստեղծվելու է հատուկ խումբ, որը զբաղվելու է նախորդ կառավարության ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների հետաքննությամբ:
Նյութը՝ Haynews.am-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել