Շարլ Ազնավուրն օրերս տված հարցազրույցներից մեկում ասել է, որ ոչ մի դեպքում չի ատում թուրքերին: Նաև կոչ է արել ճանաչել բոլոր ցեղասպանություններն ու դատապարտել դրանք: Այն, որ Ազնավուրը չի ատում թուրքերին, իր պարագայում լրիվ նորմալ է, այդ մարդն ընդամենը հայածին է, ոչ թե հայ: Նա հազար անգամ ասել է, որ ինքը Ֆրանսիայի քաղաքացի է ու որպես շանսոնյե՝ աշխարհաքաղաքացի: Հետևաբար՝ ինչո՞ւ զարմանալ կոսմոպոլիտ աստղի ոչ թրքատյացությունից: Երևի եթե հարկ լինի, Թուրքիայում շքեղ համերգ կունենա, քանի որ ըստ Ազնավուրի՝ ունկնդիրն ազգություն չի ճանաչում: Մի քանի տարի առաջ նույն մտայնությամբ նա երգեց Ախալցխայի Ռաբաթ ամրոցի վերաբացման առիթով: Ի դեպ, 7 հա տարածք ունեցող այդ համալիրում, բացի քրիսոնեական եկեղեցիներից, կա նաև սինագոգ և մզկիթ: Ասելու բան չկա՝ մեծ գումարներն ու փառքը ևս ազգություն չունեն:
Նույն Ազնավուրն ասել էր, թե Հայաստանում մաֆիան է ղեկավարում երկիրը, հետո պարզաբանել էր, թե դա թյուրընկալման և սխալ թարգմանության արդյունք է: Նաև ասել է, որ ապրիլի 24-ին գալու է Հայաստան, կարծես շնորհ է անելու: Չէ՞ որ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, իր պարտականությունն է Հայաստան գալը, դա չպետք է որպես լավություն ներկայացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել