Այս շաբաթ «Ամենախելացին» հեռուստախաղի հաղթող դարձավ Իսլամի նկատմամբ առանձնահատուկ սեր ունեցող Համլետ Սիմոնյանը, ում և հաղթանակ բերեցին կրոնի մասին գիտելիքները։ Համլետն իսկապես պայքարում էր այդ հաղթանակի համար, սիրում է առեղծվածներ և վստահ է, որ բոլոր մասնակիցներն էլ խելացի են։

-Համլետ, այն պահը, երբ ցուցատախտակի առաջին հորիզոնականում տեսար քո անունը և հասկացար, որ հենց դու ես հաղթողը, ի՞նչ զգացողություններ ունեցար:
-Հասկացա, որ մի քայլ առաջ եմ կատարել իմ ունեցած գիտելիքների ասպարեզում, ավելացրել եմ դրանց պաշարը և համարվում եմ Հայաստանի ամենախելացի աշակերտներից մեկը: 
-Իսկ հաղթանակը քո համար սպասելի՞ էր, դու ձգտո՞ւմ էիր դրան:
-Այո, կարծում եմ յուրաքանչյուր մասնակից ձգտում է հաղթանակի, և ես ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան: Ի սկզբանե էլ մտածում էի, որ ինձ համար միայն մասնակցությունը բավական չէ, ես ուզում էի հաղթել, և հաղթեցի:
-Երբ մտածում ես քո հաղթանակների մասին, ինչ ես կարծում, այն քեզ հեշտությա՞մբ է տրվում, թե՞ դու ջանք ես թափում:
-Դեռևս չեմ կարող ասել, որ շատ հաղթանակներ եմ ունեցել, բայց հուսով եմ, որ կլինեն, ես իմ առջև նպատակներ եմ դնում և փորձում եմ հասնել դրանց:
-Ինչպե՞ս ես գնահատում «Ամենախելացին» հեռուստախաղի քո մրցակից-ընկերների պատրատվածությունը, գիտելիքների առումով հավասա՞ր պայքար էր։
-Ինչպես ասում է մեր հաղորդավարուհի Նազենին, այստեղ հաղթողը մյուս մասնակիցներից առավել խելացի չէ, պարզապես կախված է, թե հաղթողի մտքի ճկունությունը ինչ աստիճանի է, ինչքան շուտ է կողմնորոշվում մասնակիցը, այսինքն` այստեղ բոլորը գիտելիքներով հավասար են։ Իմ կարծիքով ինչ-որ մեկի մոտ խելքի առումով առավելություն չկա։ 
-Ի՞նչ դասեր քաղեցիր այս փուլից, սխալներ, որոնք չես կրկնի հաջորդ փուլում։
-Շտապելը, դրա պատճառով ես սխալվում էի կամ հարցի պատասխանը գիտեի, բայց շտապելուց չէի ասում, հաջորդ փուլում պետք է լինեմ ավելի համբերատար։
-Ինչպիսի՞ն է Համլետն ընտանիքում:
-Ակտիվ եմ, բայց ոչ այդքան, ժամանակ է լինում, որ ցրված եմ լինում, սիրում եմ չարություններ անել, բայց երբ զգում եմ, որ սխալ եմ արել, միշտ զղջում եմ դրանց համար:
-Բնութագրիր ինքդ քեզ։ 
-Միամիտ եմ, որը հաճախ իմ դեմ է օգտագործվում, և ես տուժում եմ։ Միշտ խղճում եմ չար և մեղավոր մարդկանց, որը չգիտեմ դրական է, թե բացասական, մարդկանց ներում եմ, չեմ սիրում երկար կռված մնալ, քինախինդ չեմ։ 
-Ի՞նչը կցանկանայիր փոխել Հայաստանում:
-Հայաստանում չկա լավ արդյունաբերություն, որ շատ է մեզ ետ գցում աշխարհից։ Հայաստանը շատ լավ երկիր է իր բնաշխարհով, եթե մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնեն դրան, կարծում եմ մեր երկիրը աշխարհի լավագույն երկրներից կլինի, եթե ոչ ամենալավը, ապա գոնե լավագույններից մեկը: 
-Ի՞նչն է քեզ ամենաշատը նյարդայնացնում։
-Անարդարությունը, երբ հարուստին ավելի մեծ տեղ են տալիս, որպես առավելություն ունեցողի են դիտում։ Մարդիկ հավասար են, Աստված բոլորին է հավասար ստեղծել։ 
-Եթե քեզ հնարավորություն տրվեր այլ երկրում ապրել, ո՞ր երկիրը կընտրեիր և ինչո՞ւ: 
-Կցանկանայի ծնվել երվրոպական առաջադեմ երկրներից որևէ մեկում. Գերմանիայում, Իտալիայում կամ Իսպանիայում, որովհետև նախ սիրում եմ ֆուտբոլ, երկրորդ՝ հաճույքով կապրեի այնպիսի երկրում, որտեղ սպորտը մեծ տեղ ունի, ունի առաջընթաց այդ ոլորտում։ Այդպիսի երկրներում ոչ միայն հարստությունն է կարևորվում, այլև մարդկային ռեսուրսները, միտքը:
-Ինչի՞ շուրջ եք վիճում ընկերներով: 
-Եթե օրինակ կան հարցեր, որոնք դեռևս գիտականորեն մինչև վերջ չեն ուսումնասիրվել, չկան հստակ պարզաբանումներ, կարող ենք այդ հարցերի շուրջ վիճել, կամ եթե ինչ որ բաների մեջ իրար չենք հասկանում։
-Կա՞ մի առեղծված, որ քեզ «հանգիստ» չի տալիս և հաճախ ես դրա մասին մտածում։ 
-Ինձ համար ամենամեծ առեղծվածը ահեղ դատաստանն է, տարբեր ֆիլմերում տարբեր կերպ է ներկայացվում, եթե հնարավորություն ունենայի կուզենայի հենց դա բացահայտել իմ համար։
-Ինպիսի՞ն է տեսնում իրեն Համլետը 10 տարի անց։
-Կարծում եմ՝ կլինեմ իսլամագետ և կկարողանամ գտնել այդ առեղծվածները։
-Ի՞նչն է քեզ ամենաշատը գրավում այդ կրոնի մեջ։
-Հավատարմությունը, ոչ մի կրոնի մեջ չկա այդքան հավատարմություն, որքան Իսլամի մեջ է, ռազմատենչ լինելը, որը իհարկե, ինձ որպես բացասական կողմ է հետաքրքրում և իրենց տարօրինակ սովորույթները, որոնք իսկապես հետաքրքիր են։
-Իսկ ինչի՞ց սկվեց քո հետաքրքրասիրությունը դեպի Իսլամ։
-Ֆիլմերից, նաև այն, որ մահմեդականները միշտ հակամարտել են հայերի դեմ։ Թշնամուն պետք է լավ ճանաչել։
-Երբ կանցնեն տարիներ, ի՞նչ հիշողություններ կունենաս «Ամենախելացին» հեռուստանախագծի մասին, ինչ տվեց այն քեզ։
-Այսքան շատ խելացի և զարգացած ընկերներ կունենամ, նրանց հետ կշարունակեմ շփումս, ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերեմ, որը կօգնի ինձ առաջ գնալ ապագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել