«Ֆուլ հաուս» սիթքոմի երկրորդ եթերաշրջանն արժանացավ նույնպիսի հաջողության, ինչպես առաջինը։ BlogNews.am-ը զրուցել է նախագծում Մուշեղի դերակատար Գրիգոր Դանիելյանի և Ռուբենի դերակատար Գարիկ Սեփխանյանի հետ, ովքեր ընդգրկված են նաև սցենարական կազմում։ Ներկայացնում ենք նաև նկարահանման ժամանակ արված ֆոտոշարքը։

«Առաջին և երկրորդ եթերաշրջանների միջև տարբերությունները շատ են ու ակնհայտ. կա պատմության  փոփոխություն՝ նոր զարգացումներ, նոր կերպարներ։ Այս անգամ ավելի ենք խտացրել պատմությունները, քանի որ առաջին եթերաշրջանում ամեն բան նոր էինք սկսում»,- ասաց Գրիգորը՝ հավելելով, որ փորձում են այնպես անել, որ երկրորդ եթերաշրջանն իր պատմություններով ավելի  ուժեղ լինի, որպեսզի հեռուստադիտողները չհիասթափվեն։

Դերասանի խոսքով՝ ԱՄՆ մեկնելուց հետո դերասանական կազմի հետ ավելի են մտերմացել ու միշտ ուրախ, հումորով նկարահանումներ են ունենում։ Անդրադառնալով ամերիկյան համերգին՝ Գրիգորն ասաց, որ  կենդանի  ելույթ ունենալն անհամեմատ ավելի հետաքրքիր է, քանի որ միանգամից տեսնում են լսարանի արձագանքը։ «Բեմը տալիս է իր գնահատականը, կարողանում ես կողմնորոշվել՝ հանդիսատեսին ինչը դուր եկավ։ Հանդիսատեսը շատ ջերմ էր, վերջում բոլորը մնացել էին մեզ ողջունելու։ Մենք «Yere1»-ով էլ ենք համերգ ունեցել, արձագանքները կրկին մեծ էին, սակայն  այս անգամ լրիվ այլ ալիք էր բարձրացել։ 2 համերգ ենք ունեցել անշլագով, և եթե վերադառնալու չլինեինք, կարող էինք ևս այդպիսի համերգ ունենալ»,- ասաց նա։

Դերասան Գարիկ Սեփխանյանն էլ նշեց, որ իր կարծիքով՝ երկրորդ եթերաշրջանում բոլորն ավելի են ճանաչել ու զարգացրել  իրենց կերպարները։ «Սկզբում մի փոքր դժվար էր, քանի որ կերպարը հասունացման փուլում էր»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ առաջին, երկրորդ եթերաշրջաններից հետո նախագծերը գնում են դեպի անկում, ի՞նչ են նախատեսում անել՝ «Ֆուլ հաուսն» իր բարձրակետին պահելու համար, Գարիկն ասաց, որ հենց զգան, սյուժետային առումով թուլանում են, կավարտեն այս նախագիծն ու նոր  պրոյեկտ կսկսեն։ «Հիմա դեռ դրան չի գնում։ Մենք արդեն մտածել ենք նաև մյուս եթերաշրջանների գիծը, և կլինեն անակնկալներ. նախագիծը գնալով ավելի է ամրանալու ու հետաքրքրանալու։ Ամեն ինչ անում եք, որպեսզի հեռուստադիտողներին չհիասթափեցնենք»,- նշեց Գարիկը։

Ամերիկյան ներկայացումները Գարիկին ևս շատ են տպավորել։ «Կենդանի տարբերակով մի փոքր ավելի բարդ է, քանի որ սխալվելու իրավունք չունես, սակայն դերասանի համար դա ավելի հաճելի պրոցես է»,- եզրափակեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել