Slaq.am-ը գրում է.

Հայաստանի գլխավոր կրկեսը հիմնադրվել է 1956թ.։ Հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը ստեղծել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լեոնիդ Ենգիբարյանը։ Նա ստեղծել է ավանդական ծաղրածուի դիմակ՝ մերթ տխուր, մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համարձակ` բացահայտելով մարդկային ապրումների մի ամբողջ հաջորդականություն։ Նրա ավանդը մեծ է հայկական կրկեսի պատմության մեջ, որը կրկեսի ապագա սերունդների հարստությունն է։

Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, ապա 1930-ական թվականներին Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես։ Երևանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում և նախատեսված էր 800 հանդիսատեսի համար։Շենքի հեղինակն էր Նիկողայոս Բունիաթյանը։ 1939 թվականին նույն տեղում կառուցվել է նոր շենք (ճարտարապետներ՝ Ա.Ասատրյան և Ա.Սահինյան), որը հիմնովին վերակառուցվել է 1950 թվականին ճարտարապետներ Վաղարշակ Բելուբեկյանի և Կառլեն Վարդանյանի նախագծով, իսկ 1962 թվականին այն կրկին վերակառուցվել է։ 2011 թվականից շենքը վթարային վիճակում էր, սկսվեց նրա վերանորոգումը, սակայն այդ աշխատանքներն անօգուտ էին և խնդիր դրվեց շենքը պայթեցնելու և վերակառուցելու։

Այսօր մեծ թափով ընթանում են երևանյան կրկեսի վերակառուցման աշխատանքները։

«ԴԵ Ֆակտո» ամսագիրը զրուցել է «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գասպարյանի հետ:

-Պարո՛ն Գասպարյան, երևանյան կրկեսը ՀՀ պատմամշակութային կոթողներից է, որը, ցավոք, հայտնվեց վթարային վիճակում, և կարիք առաջացավ այն պայթեցնելու։ Կխնդրեմ ներկայացնեք` ի՞նչ աշխատանքներ են ընթանում այսօր, ինչպիսի՞ կրկես ենք ունենալու։

-Այո՛, մենք ունեցել ենք կրկեսային արվեստի պատմության վառ էջեր, որոնք մեզ պարտավորեցնում են զարգացնել հայկական կրկեսի ավանդույթները, ինչը առանց ժամանակակից կրկեսի պահանջներին համապատասխան շենքային պայմանների` հնարավոր չէ։

«Տաշիր» գրուպը հանդես եկավ հայրենասիրական նախագծի` երևանյան կրկեսի վերակառուցման աշխատանքների իրականացման նախաձեռնությամբ։ Կարապետյանների ընտանիքի կատարած ներդրումների շնորհիվ` այսօր կառուցվում է բազմաֆունկցիոնալ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրկեսի շենք, որն իր պայմաններով հնարավորություն կընձեռի ոչ միայն հայ արտիստներին ունենալ հիանալի բեմականացումներ, այլ նաև հյուրընկալել աշխարհի լավագույն կրկեսային կոլեկտիվներին` նրանց տրամադրելով բեմական, վարժանքների և հանգստի իդեալական պայմաններ։Պետք է ավելացնեմ, որ «Տաշիրե գրուպը բիզնես շահեր չի հետապնդում այս նախագծից։ Պարզ է, որ այն չի կարող եկամտաբեր լինել և, բնականաբար, ինքնագնման մասին խոսք չկա: Այնպես որ, նախագիծը կյանքի է կոչվում բացառապես կրկեսային լավագույն ավանդույթները պահպանելու, զարգացնելու և հայ մանուկներին ժամանակակից կրկես պարգևելու ցանկությամբ:

-Կխնդրեմ փոքր-ինչ մանրամասն պատմեք, արդյո՞ք փոխվելու է շենքի նախագիծը, քանի՞ հարկ է ունենալու և յուրաքանչյուրն ինչպիսի՞ զբաղվածություն է ունենալու։

-Մենք աշխատել ենք չշեղվել շենքի բուն նախագծից, սակայն կրկեսի շենքային պայմանների ժամանակակից չափորոշիչները չէինք կարող անտեսել, քանի որ դրանք ներկայացումների խաղացանկի և բովանդակության ընդլայնման հնարավորություն են տալիս ինչպես մեր արտիստներին, այնպես էլ դրսից ժամանած հյուրերին։

Նախ նշեմ, որ կառուցվում է սեյսմակայուն շենք (9 բալ), որն իրենից ներկայացնելու է 6-հարկանի կառույց, ունենալու է նաև նկուղային երկու հարկ։ Այս պահին չեմ կարող ճշգրիտ ներկայացնել, թե շենքի որ հատվածում ինչ է տեղի ունենալու, քանի որ մինչև շենքի կառուցման ավարտը ժամանակ կա, և աշխատանքներն ավարտելուց հետո շատ ավելի հստակ կլինի այդ հարցը։ Այս պահին կարող եմ ասել, որշենքի հիմքը փոքր-ինչ ընդլայնվել է, քանի որ նրա բեմը և գմբեթի բարձրությունը չէին համապատասխանում այսօրվա նորմատիվային պահանջներին, ավելացվել է հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերի թվաքանակը` հասցնելով մինչև 2500-ի` նախկին 1500-ի փոխարեն։Շենքի առաջին հարկում ունենալու ենք ադմինիստարտիվ բաժին, մնացյալ հարկերում կտեղակայվեն գրիմի, նախքան բեմելը՝ վարժանքների համար նախատեսված սենյակներ։Շենքի ներսում կլինեն նաև մանուկների և մեծերի ժամանցը հետաքրքիր կազմակերպելու վայրեր։ Ունենալու ենք մեր հյուրերի համար նախատեսված ավտոկայանատեղի, ինչպես նաև հյուրանոցային մի քանի համարներ` նախատեսված հյուրախաղերով կրկես ժամանած մեր հյուրերի համար։

Շենքի արտաքին տարածքը բարեկարգվելու է, ստեղծվելու է ցայտաղբյուրներով, նստարաններով հագեցած կանաչ գոտի։

-Ինչպիսի՞ ներկայացումներ են սպասվում։

-Պետք է նշեմ, որ կրկեսի կոլեկտիվը աշխատանքի մեջ է, կանոնավոր ստանում է աշխատավարձ և շատ ավելի բարձր, քան նախկինում էր։Մենք առանձին դահլիճ ենք վարձակալել, որտեղ նրանք պարապմունքներ են անցկացնում մեր ապագա սաների հետ։ Ի դեպ, այդ պարապմունքները անցկացվում են բոլորովին անվճար:

Ունենալու ենք հրաշալի ներկայացումներ` լուսային և ձայնային գերժամանակակից հնարավորություններով հագեցած։

Մեր նպատակն է ունենալ այնպիսի ներկայացումներ, որոնցով կարողանանք մեկնել հյուրախաղերի և հիացնել այլ երկրների հանդիսատեսին նույնպես։

-Դուք ղեկավարում եք շինարարական աշխատանքները, այժմ շինհրապարակում որքա՞ն մարդ է աշխատում, ե՞րբ կավարտվեն աշխատանքները։

-Կատարվում են մեծ թափով շինարարական աշխատանքներ, որոնցում ներգրավված է մոտ 100 մարդ։Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա աշխատանքներն ընթանում են անհրաժեշտ ծավալներով, իսկ առաջնայնությունը տրվում է դրանց որակին:

-Դժվար չէ՞ ղեկավարել միաժամանակ և՛ շինարարական աշխատանքները, և՛ կրկեսի կոլեկտիվը։

-Դժվար չէ, եթե պրոֆեսիոնալների հետ ես աշխատում, այլ հարց է, որ շատ պատասխանատու աշխատանք է։Մեր ստուդիայում աշխատում են այնպիսի փոձառու մասնագետներ, ինչպիսին Սոս Պետրոսյանն է, Նաիրա Պետրոսյանը և այլք։

Շինարարական աշխատանքներում նույնպես ներգրավված են որակյալ մասնագետներ։

-Վերակառուցումից հետո ինչպե՞ս է փոխվելու կոլեկտիվը։

-Մենք կադրային ջարդ չենք արել, բոլոր աշխատակիցները պահպանվել են, եթե կարիք լինի նրանց թիվն ավելացնելու, ապա կընդունենք նոր կադրերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել