Գովազդը և PR-ն ազդեցիկ են, եթե իրականացվում են կարճ ժամանակահատվածում և մեծ չափաբաժնով: Վերջին մի քանի օրն առանձնակի ուշադրությամբ եմ հետևում միջազգային լրահոսին, մասնավորապես՝ CNN, The Huffington Post, Daily Mail, MTV, Yahoo News, E! Online, The New York times, NBC News, The Guardian և այլն:

Ֆրանցիսկոսի և Քարդաշյանների շնորհիվ այս 3 օրվա ընթացքում Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին գրվեց այնքան, որքան չէր գրվել վերջին 10 տարում միասին վերցրած:

Քարդաշյանների՝ Հայաստան ժամանելու հաջորդ օրը միայն անգլիական Daily Mail-ի առաջին էջում կար 11 հոդված, որոնց վերնագրերում նշվում էր Հայաստան բառը, իսկ բովանդակությունում շեշտվում էր «ցեղասպանություն» տերմինը, և գրեթե բոլոր հոդվածներում ներկայացվում պատմական ակնարկ 1915-ի դեպքերի մասին:

Մեկնաբանություններում մարդկանց հետաքրքրում էր, թե ինչով է պայմանավորված Հայաստանի մասին այսքան խոսելը, կամ նշում էին, որ անգամ չգիտեին նման երկրի գոյության մասին:

Ընդունում եմ, որ Քարդաշյանների այցը հետապնդում էր նաև անձնական PR-ի տարրեր, բայց ես համաձայն եմ, որ բոլոր աստղերը գան և մեզ մոտ անեն իրենց PR-ը:

Ի՞նչ ստացավ Հայաստանն այս օրերի ընթացքում.

-մի քանի տասնյակ միլիոն մարդ իմացավ Հայաստանի, մեր երկրի տեսարժան վայրերի և միջազգային խնդիրների մասին
-հայ «աստղերը» հասկացան, որ հայտնի լինելը դեռևս աստղ համարվելու բավարար պայման չէ
-Քիմը կարող է գրկախառնվել ՀՀԿ տատիկի հետ, իսկ մերոնցից շատերը կողքով էլ չէին անցնի
-հրապարակ լցնելը մի ժամում ու մի գրառման միջոցով էլ է հնարավոր՝ մի քանի ամսվա գովազդի փոխարեն
-Հռոմի Պապը հայ է:

Իսկ թուրքերի հուսահատ պատասխանը գիտե՞ք՝ որն է եղել: Ասել են՝ Հռոմի Պապը հարբեցող է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել