Չլինելով ռեպի սիրահար՝ գնահատում եմ Քանյե Ուեսթի երեկվա արածը: Երգիչն այդպիսին պետք է լինի. խենթ, կրակոտ, անսպասելի... 
Միայն թե եկեք մերոնց չփնովենք: Հիշենք մեր Իվետա Մուկուչյանին Կարապի լճում Վարդավառի օրը... Նույն խելահեղությունն էր, նույն դրական մթնալորտը:
Պարզապես մեր երգիչներն այս առումով մի փոքր բացթողում ունեն, որը հնարավոր է հեշտությամբ շտկել: Նրանց պետք է քաջալերենք, ոգևորենք այս հարցում: Տարվա մեջ առնվազն մի քանի այսպիսի համերգներ պետք է կազմակերպել:
Մեր երիտասարդները հաճախ ձանձրանում են՝ չիմանալով՝ ինչպես անցկացնել ազատ ժամանակը: Իսկ այսպիսի միջոցառումները կոտրում են կարծրատիպեր, մարդկանց մեջ դրական հույզեր արթնացնում, ժպիտ պարգևում: Այս ամենի պակասությունն իրոք զգացվում է. մեր մեջ մի տեսակ լարվածություն, անբացատրելի ագրեսիվություն կա, որոնցից պետք է շուտափույթ ձերբազատվել: Իսկ միասին ուրախանալը, պարելը, զվարճանալն օգնում է հաղթահարելու շատ և շատ բարդույթներ:
Այնպես որ, բոլորս շնորհակալություն ասենք Կարապի լճի Թուխ Կարապին՝ այսպիսի հրաշալի ակնթարթներ պարգևելու համար: Հուսանք՝ սա մեկնարկը կլինի այն խենթ ու խելահեղ համերգների, բացօթյա խնջույքների, դիսկոտեկների, որոնցով մեր արևոտ մայրաքաղաքը նոր շունչ ու նոր դեմք կստանա:
Միասին դարձնենք Երևանը ժպիտի և սիրո քաղաք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել