Անկեղծ ասած` արդեն ծիծաղս է գալիս (իրականում զայրույթս), երբ ականատես եմ լինում Հայաստանում իրականացվող ճանապարհաշինարարական զավեշտներին: Տարին 12 ամիս ժամանակակից տեխնիկան վեր ու վար է անում փողոցներով, եռուն աշխատանք են տանում մարդիկ: Բայց, հարգելիներս, լուսնից էլ տեխնիկա իջեցնենք, որակ չեք ստանա, որովհետև շինարարության չափանիշներին համապատասխանող նորմերը չեն պահպանվում ուղղակիորեն: Արդյունքում մեկ ձմեռ, և ամեն ինչ սկսվում է նորից: Մինչ Երևանում շարունակում են իրար վրա դարսված լահմաջոների տարբերակով ասֆալտ անել, Երևանից դուրս, հատկապես այն ճանապարհներով, որոնցով պաշտոնյաների թանկարժեք չորսոտանիները չեն անցնում, ուղղակի կատաստրոֆիկ վիճակ է: Կարող եք ինքներդ փորձել: Երևան-Սևան մայրուղի: Պարզապես մի հասեք Սևան, այլ ճանապարհին մեքենայի ղեկը շրջեք դեպի Չարենցավան, դեպի Հրազդան, ու կտեսնեք թաքնված իրական պատկերը: Իսկ վերջերս ականատես եմ զավեշտ համար 2-ին: Լայնամասշտաբ ասֆալտապատումը համայնքներում սկսել է իր առաջին ճաքերը տալ, և մի զիլ, պոչից կապած մի ցիստեռն՝ ձթային պարունակությամբ, դրանց հետևից էլ ավազային պարունակությամբ երկակնանի մի օբյեկտ շրջում են փողոցներով՝ իրականացնելով ճաքերի կարկատման աշխատանքներ, որից հետո կարկատանը ծածկվում է ավազային շերտով՝ հետքերը թաքցնելու համար: Բայց ճաքը շատ վատ սովորություն ունի. մեկ է, վերջում փլվում է: Եթե փողերը լվանալու տեղ չունեք, ես տանը մի շատ լավ լվացքի մեքենա ունեմ, պատվերներ եմ ընդունում: Սա՝ ի գիտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել