«Ֆուլ հաուս» սիթքոմի նոր դեմքը՝ Եվային մարմնավորող Լիլիթ Հարոյանը, երեկ նշել է 25-ամյակը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ BlogNews.am-ի հետ զրույցում Լիլիթն ուրախությամբ նշեց, որ իր ամենամտերիմ ընկերուհին, ով Հայաստանում չի բնակվում, այս շրջանում Հայաստանում էր, ինչի համար ինքը շատ էր ուրախացել։
«Իրականում ես ծնվել եմ ապրիլի 11-ին՝ ժամը 23-ից հետո, ու ամեն անգամ այնպես է ստացվում, որ գիշերվանից եմ տոնում ծնունդս։ Այս անգամ գիշերն ընկերուհուս տանն էի, քանի որ հաջորդ օրը նա մեկնելու էր։ Ուղիղ 12-ին փուչիկներ, խմորեղեն, մոմեր հայտնվեցին, ու ընկա հրաշքների գունավոր աշխարհ։ Դա շատ հաճելի անակնկալ էր»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ այնուհետև գնացել են ժամանցի կենտրոններից մեկը, որտեղ ևս տարբեր անակնկալների է արժանացել։ «Ոչ այնքան մտերիմ մարդիկ, իմանալով, որ տարեդարձս է, անակնկալներ էին մատուցում տորթի, ծաղիկների, փուչիկների, նվերների տեսքով»,- ասաց «Ֆուլ հաուսի» դերասանուհին։
Լիլիթի փոխանցմամբ՝ սովորաբար մեկ ամիս առաջ սկսում է պատրաստվել տարեդարձի երեկույթին, սակայն այս տարի որոշել է մեծ երեկույթ չկազմակերպել՝ չնայած հոբելյանական տարիքին։ «Որոշեցի տարեդարձս նշել ընտանիքիս անդամների՝ մայրիկիս, հայրիկիս, եղբորս ու նրա կնոջ հետ, քանի որ հաճախ այնպես է ստացվում, որ ծննդյանս օրը երկրում չեմ լինում, ու ընտանիքս կողքիս չի լինում։ Շատ ջերմ ու լավ ծնունդ ունեցա, քանի որ կյանքիս ամենակարևոր մարդիկ ներկա էին»,- նշեց նա։
Ըստ Լիլիթի՝ տարեդարձի ամենագեղեցիկ պահերից մեկը տորթի մոմերը փչելիս երազանքն պահելն է, ինչն ինքն արել է։. «Մի քանի տորթ եմ ունեցել, քանի որ շրջապատս տարբեր է. նախ ընկերուհիներս էին տորթ պատրաստել, հետո՝ կուրսեցիներս, ընտանիքիս անդամները, ու բոլորի մոմերը փչելիս հետևողականորեն երազանք եմ պահել։)»։
Վերջում նա նշեց, որ հաճելի է, երբ նշում ես ծննդյանդ օրը, սակայն ամեն առավոտ, երբ լույսը բացվում է, բոլորիս ծնունդն է։
BlogNews.am-ը շնորհավորում է Լիլիթին և մաղթում երազանքների իրականացում։)
Ամալյա Հովհաննիսյան