Ինչպես նվերի ընտրությանը, այնպես էլ նվեր նվիրելուն պետք է շատ լուրջ մոտենալ: Իզուր չեն ասում, որ նվերը էսթետիկորեն ձևավորված իմաստ է, որը երջանկություն է պարգևում նվեր ստացողին: Նվեր ընտրելիս պետք է հաշվի առնել ամեն մանրուք` նվեր ստացողի սեռը, տարիքը, սոցիալական կարգավիճակը, առողջությունը, նվեր տալու պատճառը, վայրը, ժամը, կյանքի ոճը, նախասիրությունները, դավանանքը, ավանդույթները, այն, թե նախկինում ինչ եք նվիրել նրան, և ինչ են նվիրելու ուրիշները: Նվերի ընտրության ժամանակ, միշտ պետք է հիշել, որ կան որոշ բաներ, որոնք պարզապես չի կարելի նվիրել: Դրանք են`
1. Նվերը չպետք է հիշեցնի նվեր ստացողին իր թերությունների կամ հիվանդության մասին: Չի կարելի նվիրել դեղեր, բժշկական սարքավորումներ, որոնք ասոցացվում են հիվանդության հետ, բուժիչ կոսմետիկա, անձնական հիգիենայի պարագաներ:
2. Ներքնազգեստ կարելի է նվիրել միայն շատ մոտ մարդկանց:
3. Նվերը չպետք է ստիպի մարդուն փոխել կյանքի ոճը:
4. Խորհուրդ չի տրվում նվիրել այնպիսի տեխնիկա, որը կարող է վնաս հասցնել առողջությանը:
5. Հավատացյալ մարդկանց չի կարելի նվիրել այնպիսի բաներ, որը կվիրավորի նրա կրոնական պատկանելությունը:

Բացի նրանից, թե ինչ չի կարելի նվիրել մարդկանց, կան նաև խորհուրդներ, նրա հետ կապված, թե ինչպես պետք է նվիրել նվերը, որպեսզի այն ոչ թե տհաճություն, այլ հաճույք պատճառի նվեր ստացողին:

Այսպիսով, նվեր տալուց չի կարելի`
1. Ակնարկել նվերի գնի կամ դրա ձեռքբերման դժվարությունների մասին:
2. Ներողություն խնդրել, որ չեք նվիրում այն, ինչ իրականում կցանկանայիք նվիրել:
3. Ասել, որ նվերը Ձեզ անձամբ կսազեր, բայց Դուք գերադասեցիք այն նվիրել:
4. Մի հարցրեք՝ արդյոք նվերը դուր եկավ, թե ոչ:

Դե ինչ, կարծում եմ այնքան էլ բարդ պահանջներ չեն, և նվերի ընտրության ժամանակ այն կօգնի Ձեզ ճիշտ ընտրություն կատարել, ինչպես նաև այն այնպես մատուցել, որ նվեր ստացողը իսկապես ուրախանա այդ ամենից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել