What are you thinking (we`re going nowhere)
What are you feeling (we`re going nowhere)

Pink Floyd- Keep talking

Էլի Փինք Ֆլոյդ եմ լսում: Էլի: Ինչպես միշտ: Ու գիշերվա զգացողություններն են արթնանում:
  Գիշերն ահավոր գլխապտույտ ունեցա: Ու գիտես՝  հասցրի իսկապես վախենալ: Էնքան հաճելի զգացողություն էր: Միշտ արհեստական վախեր  եմ ստեղծում, որ ինձ համոզեմ, որ  կենդանի եմ ու դեռ շնչում եմ: Մի պարզ ճշմարտություն եմ հասկացել. մարդը ողջ է  այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ բանից վախենում է:  Հենց դրա համար էլ արհեստական վախեր եմ ստեղծում, թե չէ էս դարի հետ կապս  ամբողջությամբ կկորչի: Ինձ հողի վրա միայն արհեստածին վախերս են պահում:  Վախերիս մեջ՝ ինչպես տաք վերմակի մեջ, կծկվում եմ ու նայում վերև:

Երեկ գիշերն էլ վախերիս ու վերմակի մեջ կծկվել էի, փորձում էի քնել ու ... սկսվեց: Գլխապտույտ: Իսկական ու սարսափելի:  Հիշում եմ, որ լոգասենյակ եմ հասել ու  գլուխս մտցրել սառը ջրի տակ: Իսկական վախերը արհեստականներից հետաքրքիր են: Ու գունավոր են:   Պետք է փորձել շուտ-շուտ իսկապես վախենալ: Ափսոս՝ մոտս լավ չի ստացվում:
Կհարցնես՝ ի՞նչ եղավ հետո: Թեյ խմեցի: Քաղցր: Շատ քաղցր: Ու պատկերացնում էի, որ թեյի բաժակի վրայով... ինքնաթիռ է թռչում: Էնքան սիրուն ինքնաթիռ էր, խառնվել էր թեյիս գոլորշու հետ ու բաժակի տարածքով պտույտներ էր գործում:  Ես գիտեմ, որ ինձ հավատում ես: Գիտես, որ ճիշտ եմ ասում: Էդ պահին մեծ ցանկություն կար քեզ ինքնաթիռի մասին պատմելու:
Եթե հնարավորություն լիներ՝ ես ու դու կկծկվեինք  իմ վերմակի ու վախերի մեջ, ափերով կգրկեինք թեյի բաժակն, ու ես քեզ կպատմեի ինքնաթիռի մասին:  Կխոսեինք մինչև առավոտ, ու գլխապտույտս կանցներ:
Գիտես՝ վախեցել էի:
Բայց հիմա չեմ վախենում: Հիմա էլի թեթև սրտխփոց ու գլխապույտ եմ զգում: Բայց էս գլխապտույտն արդեն Փինք Ֆլոյդից է: Հաճույք եմ ստանում էս գլխապտույտից: Ափսոս, որ թեյի գոլորշու մեջ թռչող ինքնաթիռ էլ չկա: Ափսոս, որ էլ  իսկական վախ չեմ զգա:
Ինչքան շատ խոսելիք, պատմելիք կա: Բայց հիմա ուզում եմ, որ  դու խոսես: Ինձ համար դժվար է գլխապտույտի միջից խոսել: Ուզում եմ՝  խոսես: Շարունակես խոսելը: Ասես՝ ինչ ես մտածում ու ինչ ես զգում: Ֆլոյդի երգի պես  նկարագրես ու պատմես: Մի օր էս երգի մասին առանձին կզրուցենք:
Մի օր քեզ անպայման կպատմեմ  թեյի ու ինքնաթիռի մասին:
Արի  կծկվենք վերմակի տակ ու մի կողմ դնենք վախերը: Արի գրկեմ քեզ:
Շարունակիր պատմել: Ես լսում եմ: Ու լսում եմ նաև թեյի գոլորշիների միջով թռչող ինքնաթիռի ձայնը: Գիտեմ՝ հավատում ես ինձ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել