Մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը, ով խաղացել է նաև «Եղբայրներ» հեուստասերիալում, «Կենտ զույգը» ներկայացման մեջ, «Ֆուլ հաուս» նախագծում, օրերս նշանվել է։ BlogNews.am-ի հետ զրույցում Լյուսին ասաց, որ նշանադրությունն անակնկալ է ստացվել։ «Նշանածս հայ է, բայց Հայաստանում չի ապրում։ Մի քանի օրից նա պետք է մեկներ երկրից, և ընդհանրապես չէի սպասում, որ մատանիով կգա։ Ապրիլի 1-ին նա ծնողների հետ եկավ մեր տուն, իսկ ես տնային հագուստով էի։ Ինձ համար մեծ անակնկալ էր. ավելի շատ հայկական խոսկապ էր,- ասաց Լյուսին ու հավելեց, որ սիրելին պատահական չի ընտրել օրը։ -Ասում է՝ երբ հետագայում ասես, որ արդեն քո ամուսինն եմ, ասելու եմ, որ կատակել եմ, իսկ դու լուրջ ես ընդունել:)»:

Մանեքենուհու խոսքով՝ իրենք ընկերություն են անում 2-3 ամիս. ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով։ «Վերջերս պատահական մտա չսիրածս փաբերից մեկը՝ ընկերներիս տեսնելու համար, և այդ 5 րոպեն ինձ համար ճակատագրական եղավ. մեզ  ծանոթացրին, հետո սկսեցինք շփվել համացանցով, հանդիպել»,- ասաց Լյուսին ու հավելեց, որ սիրելին հիմնականում բնակվում է Լոնդոնում և Ժնևում։ Ըստ մոդելի՝ հետագայում ինքն էլ է տեղափոխվելու նրա մոտ, սակայն այժմ դեռ չի կարող խոսել ժամկետների մասին։ «Ես հիմա նկարչություն եմ սովորում՝ դիզայնի գծով և չեմ ուզում կիսատ թողնել»,- ասաց նա։

Լյուսին նշեց, որ սիրելին շատ լավ է վերաբերում իր կարիերային։ «Վերջերս ֆոտոսեսիայի էի մեկնել Մոսկվա, ինքը եկավ ինձ հետ, սիրով հետևում էր աշխատանքներին, ցուցադրություններից մեկին էլ ծաղիկներով եկավ։ Նույնիսկ ինքն է ինձ դրդում, որ ավելի խորանամ այս ասպարեզում, շարունակեմ ներկայանալ նաև որպես դերասանուհի»,- պատմեց նա։

Ինչ վերաբերում է սիրելիի անունն ու նկարը չհրապարակելուն՝ մոդելն ասաց. «Սոսի (նկատի ունի դերասան Սոս Ջանիբեկյանին, հեղ.) հետ մեր շփումից հետո ես մեծ դաս քաղեցի. երբ մենք հանդիպում էինք, հաճախ տարօրինակ նամակներ էին գալիս, խանգարող հանգամանքներ ստեղծվում, դրա համար ես չեմ ուզում նշել իր անունը, նկարը հրապարակել, որպեսզի չդառնա բոլորին հասանելի ու ավելորդ քննարկման թեմա՝ սազում են, չեն սազում։ Որոշել եմ մինչև հարսանիք նույնիսկ նկար չհրապարակել»։

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին ու երջանկություն մաղթում։)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել