Կարծում եմ՝ նորմալ մտածելակերպ ունեցող յուրաքանչյուր հայ կարժևորի առնվազն այն փաստը, որ աշխարհահռչակ մեր հայրենակիցները՝ Քարդաշյանները, ոչ միայն հպարտանում են իրենց ծագմամբ, այլև իրենց ներդրումն են ունենում այնպիսի համահայկական հիմնահարցում, ինչպիսին Հայոց Ցեղասպանության (The Armenian Genocide) միջազգային ճանաչումն ու դատապարտումն է: Այս օրերին աշխարհի բազմաթիվ հայտնի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են Քարդաշյանները և նրանց այցով պայմանավորված՝ Հայաստանը: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի տեղեկատվական ազդեցություն կունենա Քարդաշյանների այցի լուսաբանումը վերոնշյալ լրատվամիջոցներով և Քարդաշյանների՝ մի շարք սոցցանցերի՝ բազմամիլիոն հավանողներ ունեցող էջերով:

Զարմանալին ու տարօրինակն այն է, սակայն, որ ոմանց ուշադրության ու էժանագին քննարկման կենտրոնում է հայտնվել ոչ թե վերոգրյալը, այլ, օրինակ, Քիմ Քարդաշյանի անձնական կյանքը՝ բարոյականության համատեքստում: Ավելին՝ նախկինում լիովին անհայտ ինչ-որ հասարակական կազմակերպություններ իրենց ոչնչությունը քողարկելու նպատակով, ինքնահաստատման այլ միջոց չգտնելով՝ որոշել են «բողոքի ցույց» կազմակերպել Քարդաշյանների այցի ու նրանց պատշաճ հյուրընկալելու պատճառով, քանզի «նրանց վարքն անհարիր է հայ կնոջ կերպարին ու հայկական արժեքներին»:

Ինձ համար հիմնովին անընդունելի են այդ մերկապարանոց «քննադատությունները».
1. անկախ իրենց բարոյական նկարագրից՝ նրանք եկել են իրենց հայրենիք.
2. ոչ ոք իրավասու չէ քիթը խոթելու ուրիշի անձնական կյանքի մեջ և իր «բարոյախրատական պատճառաբանություններով» որոշելու նրանց հյուրընկալելու կարգը.
3. ոչ ոք չի ստիպում սիրել Քարդաշյաններին, բայց տարրական հարգանք ունենալը, կարծում եմ, պարտադիր է.
4. առնվազն բարոյազուրկ, ցինիկ, անմակարդակ ու թուրք պետք է լինել «բողոքի ցույց» կազմակերպելու համար.
5. Հայաստանում քննադատելու շատ այլ պատճառներ ու առիթներ կան...
Կարծում եմ՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պետք է կանխել հնարավոր «բողոքի ցույցը»:

Ի դեպ. օգտվելով առիթից՝ նշեմ մեկ այլ «ցույցի» մասին. պետք է կանխել նաև, այսպես կոչված, «100-ամյակն առանց ռեժիմի» կասկածելի խմբավորման գործողությունները հատկապես ապրիլի 24-ին և հետագա մի քանի օրերին: Նախ՝ ինձ համար անհասկանալի է, թե 100-ամյակն ի՞նչ կապ ունի այդ կասկածելի խմբավորման հետ, ինչո՞ւ «բողոքի ցույցեր» նաև ապրիլի 24-ին և այլն:

Նշվածը փաստում է հասարակության մեջ որոշակի «բարոյասեր-հայրենասերներ» տարրերի բարոյական ցածր գիտակցության, մեր միասնականությունը պառակտելու և արտաքին թշնամիներին ուրախացնելու մասին: Ու դա այն բացառիկ դեպքերից է, երբ լիովին արդարացի կհամարվեն օրենքով սահմանված կարգով կիրառվող համապատասխան կանխարգելիչ գործողությունները...

Այսպիսով, բարի՛ գալուստ, Հայաստան, Քարդաշյաննե՛ր, նորե՛ն համեցեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել