Երգիչ Էրիկն այսօր ներկայացրեց իր նոր՝ «Քո հետքերը» ձայնասկավառակը, որի շնորհանդես-համերգին ներկա էին հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը. Արթուր Գրիգորյանը, Միքայել Պողոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Սիմոնյանը, Լուսինե և Իրինա Թովմասյանները, Ավետ Բարսեղյանը, Անուշիկ Ալավերդյանը, Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, Արտավազդ և Մարիամ Ամիրյանները, Սերգեյ Գրիգորյանը, Վարդան Բադալյանը, Ժակը, Արմեն Գալյանը, Վահան Խաչատրյանը և այլք եկել էին շնորհավորելու և լսելու էրիկին: Հանդիսատեսի առաջին շարքում էր նաև Էրիկի սիրելին՝ Սվետլանան:
Շնորհանդես-համերգին Էրիկը ներկայացրեց նոր ձայնասկավառակի ստեղծագործությունները: «4 տարի այս երգերը կատարել եմ ստուդիաներում, սակայն առաջին անգամ եմ ներկայացնում բեմից: Ուրախ եմ, որ ունկնդիրները լինելու են իմ ընկերները: Արտիստին շատ քիչ բան է պետք, որպեսզի թևավորվի և շարունակի իր աշխատանքը»,- BlogNews.am-ին ասաց երգիչն ու իր շնորհակալությունը հայտնեց բոլորին՝ դրական վերաբերմուքնի համար:
«Քո հետքերը» CD-ն ներառում է ինչպես դասական դարձած, այնպես էլ ժամանակակից երգահանների ստեղծագործությունները: Երգիչը ներկայացրել է Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը», «Ճակատագիր», «Ոսկե տանգո», «Շնորհակալ եմ քեզ», «Քո հետքերը» գործերը, Արթուր Գրիգորյանի «Միայն քեզ համար», Մարտին Միրզոյանի «Էլ ով» իր հեղինակած «Սեր», «Կին-արև» երգերը: Այս ձայնասպավառակում ներառված է նաև Էլվինա Մակարյանի երաժշտության հիման վրա ստեղծված նոր երգը, որը կոչվում է «Դու նոր կյանք»: Երգն առաջին անգամ ներկայացնում է Էրիկը:
«Երբ ես ԱՄՆ-ում էի, Արման Աղաջանյանը ինձ ցույց տվեց մի երգ, որը ձայնագրիչով էր ձայնագրել: Երաժշտության հեղինակն Էլվինա Մակարյանն էր՝ մի երգչուհի, ում ես շատ եմ սիրում, մի կոմպոզիտոր, ում հարգում եմ. նրա երգերը երկար կապրեն: Ինձ համար մեծ պատիվ է, որ ես առաջինն եմ երգելու այս երգը: Խոսքերի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերոջս՝ Սերգեյ Գրիգորյանին: Ունենք ևս մի հրաշալի ստեղծագործություն Էլվինա Մակարյանից»,- ընդգծեց երգիչը:
Էրիկն այս ձայնասկավառակի վրա աշխատել է մոտ 4 տարի: «Այս ձայնասկավառակը ստեղծելու գաղափարը ծնվեց նոր ալիքից հետո, երբ կատարեցի «Քո հետքերը» ու շատ սիրվեց: 4 տարի ինձանից պահանջում էին այս երգն ու վերջապես հասունացավ այն պահը, երբ ներկայացրի այն՝ համանուն ձայնասկավառակով: Կարծում եմ՝ արձագանքները դրական կլինեն»,- ասաց երգիչն ու հավելեց, որ ալբոմի մյուս երգերը դեռ չեն հնչել հասարակության լայն զանգվածների համար:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի