Ջիլի պատմությունը:
Ջիլ բնակավայրը գտնվում է Ճամբարակ քաղաքից մոտ 20 կմ. հարավ-արևելք, Սևանա լեռնաշղթայի լճահայաց լանջին, դեպի Վարդենիս տանող ճանապարհին, Ջիլ գետակի (Ջիղ, Ճիլ, Չախրախ,Չիլ) ափին:
Այս գետակը սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերից: Գետի երկարությունը կազմում է շուրջ 10 կմ: Հոսում է Ջիլ գյուղի տարածքով և թափվում է Սևանա լիճ: Ջիլ գյուղը եղել է Գեղամա ծովակի ափին՝ Սևանա լճից արևելք ընկած հատվածում: Համաձայն միջնադարյան հայերեն մի բժշկարանի՝ գյուղը կոչվել է Կարմունջ: Համայնքը հայտնի է նաև Ճիլ, Չիլ անվանումներով: Այս տարածքի կլիման աչքի է ընկնում խիստ, դաժան կլիմայով: Այստեղ տարածված է անասնապահությունը, ծխախոտագործությունը, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությունը: Ջիլում տարածված է ոչխարապահությունը, տավարաբուծությունը: Մարդիկ պահում են նաև մեծ թվով այծեր և գոմեշներ: Ջիլ գյուղի տարածքում պահպանվել է մի կիսավեր հայկական եկեղեցի: Ազգագրագետ Երվանդ Լալայանը ( 1864-1931թթ. ) վկայում է, որ 19-րդ կեսերին այստեղ եղել է ավերված, խոնարհված 4 հայկական եկեղեցի: Երբեմնի հայաբնակ, բազմաբնակիչ այս գյուղի չորս եկեղեցիների ավերակները պահպանվել են առ այսօր: Վերջիներս կառուցված են եղել անտաշ քարերով: Գյուղի հայկական միջնադարյան գերեզմանատունը գտնվել է գյուղի հյուսիս-արևելյան եզրին: Գերեզմանատան բոլոր տապանաքարերը եղել են կառուցված անտաշ ժայռաբեկորներից: Մեզ է հասել Ջիլի տապանատանը մի խաչքար, որը տապալել են հավանաբար տեղի թաթար գանձախույզները: Խաչքարը կոտրված է ու մասնատված է երկու մասի և ընկած է պատվանդանի մոտ: Խաչքարի վրա քանդակված են պարզ խաչեր, որոնց շուրջ կարդում ենք հետևյալը. «---ԿԱՄՈՎՆ ԱՅ. ԵՍ ԱՆԱՐԺԱՆ ԱԲՐԱՀԱՄ ԿԱՆԿՆԵՑԻ ՍԲ. ՆՇԱՆՍ ԲԱՐԵԽԱԻՍՈՒԹԻ. ՀՈԳՈՅ ԻՄ.ԳԻՐԷԱՔ ՈՍԿՈՎ,ԱՐԾԱԹՈՎ ՎԵՐԱՅ ԱՐԿԱԹՈՅ. ԱՌ ԿԱՐԴԱՑԷՔ, ԳՆԱՑԵԼՍ ԱՂԱԻԹՍ ՅԻՇԵՑԷՔ»
Բնակավայրը դեռևս Վանի թագավորության օրոք եղել է բարեբեր և զարգացած: Այդ է վկայում Ուրատուիի թագավոր Սարդուրի 2-րդը (Ք.Ա 764-735 թթ.) իր Վեդուրի Էթիունի (Ջրային էթիունի) արշավանքներից մեկում: Նա, նվաճելով Սևանա լճի հարավ-արևմտյան ափերի մերձակա ցեղապետությունները, հասել է նաև Սևանա լճի արևելյան կենտրոնական մասերը, որի մասին նշում է նա Զաղալու-Ծովակում գտնված արձանագրության մեջ. «Հենց այս տարում երրորդ անգամ արշավեցի Արկուկե (ցեղի) երկրի վրա: Ենթարկեցի Արկուկե (ցեղի) երկիրը, Ադախու (ցեղի) երկիրը, Լուերու (ցեղի) երկիրը, Եշումուա (ցեղի) երկիրը, Քամանիու (ցեղի) երկիրը, Կույալբա (երկիրը), Ուխունե երկիրը, Տերիա երկիրը: Քսան ամրոց, որ ամայացված էր, կռվում գրավեցի: Հարյուր քսան քաղաք մեկ օրում նվաճեցի: Ամրոցներն ավերեցի, քաղաքներն այրեցի, երկիրը կերա (յուրացրի): Մարդ, կին այնտեղից հանեցի: Սարդուրին ասում է. «Քանի մարդ իմ զենքի... առջևից ճողոպրում էր և բռնեց (գրավեց) Ուշքիա և Բամ լեռները, վերապաշարեցի, սպանեցի: Ովքեր ճողոպրում էին Թեյշեբան, (կայծակը) այրեց»: Նաև որպես փաստ այս ամենի մասին ասվում է. «Խալդեն արշավեց սեփական զենքին..... ենթարկեց Արկուկե (ցեղի) երկիրը»։ Սարդուրին ասում է. «Արշավեցի, գրավեցի Արկուկե (ցեղի) երկիրը, կտրեցի մինչև Ուրտեխե (երկիրը)..»: Ուշագրավ է, որ Քամանիու ցեղապետությունը գտնվում էր ներկայիս Վարդենիսի տարածաշրջանի ողջ վարչական տարածքում, և նրա հյուսիսային մասերը հասնում և տարածվում էին մինչև ներկայիս Ջիլ-Կարմունջի վարչական տարածքը:
Մ.թ. 5-րդ դարի 428 թ. պարսկահպատակ Հայաստանում հայոց Արշակունյաց պետականության անկումից հետո որպես ամիջականորեն Սասանյան Պարսկաստանի վարչական միավորի մաս Կարմունջ-Ջիլը ևս Հայաստանի հիմնական,մեծագույն մասի հետ ընգրկվել է Քուստ Կապկոհի (Կովկասի քուստակ) մարզպանության կազմի մեջ: Արաբական տիրապետության օրոք մոտ 652թ. Կարմունջը ներառվել է նույնպես Արմինա ընդարձակ ոստիկանական կուսակալության կազմում: Հայոց Բագրատունյաց արքայատոհմի գահակալության օրոք (885-1045 թթ.) եղել է հայոց կենտրոնացված պետականության կազմում՝ որպես հայաբնակ բնակավայր Սյունիք նահանգի Սոթք գավառում: 1047-1048 թթ., ինչպես նաև այս թվականներին հաջորդող տասնամյակներում Կարմունջ հայաբնակ գյուղը ողջ Հայաստանի նման ենթարկվել է սելջուկ-թուրքերի ասպատակություններին: Սակայն այստեղ՝ և ողջ Սոթք և Գեղարքունիք գավառներում, սելջուկ-թուրքերի տիրապետությունը կարճ է եղել: 12-րդ դարի վերջերին հայոց Զաքարյան ազդեցիկ իշխանատոհմի շնորհիվ Սյունիքի Սոթք և Գեղարքունիք գավառները (այդ թվում Կարմունջը և հարակից բոլոր բնակավայրերը) իսպառ մաքրվում են սեջուկ-թուրքերից և ամիջապես ենթարկվում են Զաքարյան իշխանապետության հովանավորությունն վայելող Սյունյաց Օրբելյան իշխանական տան ներկայացուցիչներին: 1236թ. ամռանը Կարմունջ-Ջիլը սաստիկ տուժել է դեպի Հյուսիս-Արևելյան Հայաստան ներխուժած մոնղոլ-թաթար քոչվոր հրոսակների 30.000 զանազան թյուրքալեզու օղուզ ցեղախմբերից կազմված մահասփյուռ հորդաների արշավանքների ու նրանց ավերածությունների պատճառով: Ջիլ-Կարմունջը ողջ Հայաստանի հետ ևս ենթարկվելով տուժել է հատկապես 1386-1387թթ. միջինասիական բռնակալ, զորապետ, արյունարբու Լենկթեմուրի (1336-1405թթ.) արշավանքներից և նրա կործանարար ասպատակություններից: Լենկթեմուրը ողջ Հայոց երկրով մեկ ահ ու սարսափ և դաժան ավերածություններ է գործել: Այս ամենի արդյունքում Կարմունջ- Ջիլը ամբողջությամբ հայաթափվում է և այստեղ որոշակի ժամանակահատվածում գերակայող են դառնում պարսիկ վերաբնակեցված բնակչությունը, որոնք ևս շատ են տուժել Լենկթեմուրի վայրագ ասպատակություններից..... Դեպի Ջիլ-Կարմունջ Լենկթեմուրի արշավանքների վերաբերյալ մեզ որպես ավանդազրույց, տեղեկություն է ավանդել Հասմիկ Հովեյանը իր «Իմ Պայազատը» հայրենագիտարանում (տես «Մուղնի» հրատարակչություն. Երևան-2013թ.): Համաձայն պատումի՝ «..Այս պատումը գրի է առնված 1967թ. հունվարի 23-ին՝ Հայրենական պատերազմի մասնակից, հաշմանդամ, 83-ամյա Գասպար Պետրոսի Բադեյանի՝ Բադեի Գասպարի հիշողություններից: Գրի է առել գավառագիտական թանգարանի գիտաշխատող Գառնիկ Խաչատրյանը: Պատմողը թելադրել է նաև հետևյալ քառատողը.

Գասպար, հայրենիքդ սիրիր,
Տանջանք ու գաղթ շատ ես տեսած,
Լենկ Թեմուրից, Շահ Աբասից
Հազիվ այսքան է մնացած:

Յուզբաշի Բադեի որդիներից մեկը Խաչոն Էր՝ ճանաչված Խաչո ամի անունով: Խաչոն հաճախ Էր շրջում գավառին հարող պարսկական գյուղերում: Մի անգամ էլ գյուղերից մեկում (ենթադրվում է Ջիլ գյուղում) պատահում է մի ծեր պարսիկի՝ 130-135 տարեկան: Երկուսի միջև զրույց է սկսվում: Ծերունին պատմում է այն, ինչ լսել է իր հորից: Այսպես. Ուզբեկստանից Լենկ Թեմուրն արշավում է Հայաստան: Պարսից շահը հրամայում է 100-ավոր ձիավորների ստուգել Լենկ Թեմուրի արշավանքի վայրերն ու ետ դառնալ: Հրամանը կատարվում է: Ձիավորների մեջ պարսիկի հայրն էլ է լինում: Հայաստան ճանապարհվելուց ձիավորներն ականատես են լինում Սևանա լճի ափին Լենկ Թեմուրի իրականացրած ահավոր ավերմունքին ու սարսափելի տեսարանների: Բնակավայրերում կենդանի մարդ չէր մնացել: Ձիավորներն անցնում են Զոդ գյուղով, Մեծ Մազրայով, անցնում Ջիլ գյուղը: Այստեղ շրջելիս մի տնից ձայն է լսվում: Ներս են մտնում, տեսնում են մի կույր ծերունու, ով հաց է խնդրում, քանի որ սովահար էր արդեն քանի օր: Պարսիկները բակում մորթում են մեծ գոմեշին, եփում ու հացի հետ տալիս կույրին: Ապա հեռանում են: Անցնում են ամայացած գյուղերով, տեսնում դատարկ, անբնակ տներ, որոնց դռները բաց են լինում: Գյուղերում լինում են նաև եկեղեցիներ առանց ժամհարի ու քահանայի: Անցնում են օրեր: Խումբը հասնում է Թեհրան ու տեսածը պատմում շահին: Անցնում են տարիներ: Զորացրվում է խումբը, այդ թվում նաև պարսիկի հայրը: Վերջինս երկու ընկերների հետ որոշում է գալ ու հաստատվել Հայաստանի դատարկված վայրերում: Այդպես էլ անում են: Կրկին գտնում են կույր հային, տեղավորվում Ջիլ գյուղում: Պարսիկն ավարտում է իր հոր պատմությունը՝ ասելով.
«Հայրս ապրում Է այս գյուղում չհաշվելով քանի տարի, իսկ իմ տարիքն արդեն 135 է...»:
...1906թ. պանդխտության գավազանը ձեռքիս հասա Ուզբեկստան, աշխատանքի անցա Կոկանդ քաղաքում: Մի օր մոտս եկավ ծերունի մի մոլլա: Իմանալով, որ հայ եմ, գլուխը շարժեց ու ցավով հիշեց «մեր անիծյալ» Լենկ Թեմուրին, որն արշավել է Հայաստան, ամայացրել բնակավայրերն ու վերադարձել մեծ թվով գերիների հետ: Վերջիններս հաստատվել են Սամարղանդի մոտ մի գյուղում ու այն անվանել Արածանի-Կշլաղ՝ ընդունելով ուզբեկական օրենքներն ու կարգը (այս բոլորը պատմում եմ Բայազետի գաղթից առաջ կատարված դեպքերի մասին):
Իսկ Սևանա լճի արևմտյան ափերի ամայի գյուղերում կամաց-կամաց հավաքվում են պարսիկները: Նրանցից ավագն ու անվանի մեկն ուներ որդի: Որդիներին տեղավորում է գյուղերում, ու վայրերը կոչվում են յոթ տղաների անուններով.
Առաջին որդին՝ Փաշա, տեղավորվում Է Փաշաքյանդ գյուղում (Հացառատ) 
Երկրորդ որդին՝ Քյարիմ, Քյարիմքյանդ գյուղ (Ծաղկաշեն) 
Երրորդ որդին՝ Քոսա Ահմադ ¥Բատիկյան, ներկայիս Գանձակ )
Չորրորդը՝ Դալի Ղարդաշ (Սարուխան)
Հինգերորդը՝ Քյոս Հաջի (Լանջաղբյուր)
Վեցերորդը՝ Բաշ Քենդ (Գեղարքունիք)
Յոթերորդը՝ Կուլի Ալի (Կուլալի, ներկայիս Կարմիր գյուղ....»:

Ուշագրավ է, որ Ջիլ գյուղից 1,5 կմ հարավ- արևմուտք, Ծովագյուղ-Ջիլ ավտոճանապարհից ձախ, նրա անմիջական հարևանությամբ գտնվում են Ջիլի կրաքարային ծագում ունեցող քարանձավները: Անձավները մատչելի են միայն ավտոճանապարհից ոտքով բարձունք հաղթահարելով և երկաթգիծը անցնելու և հատելու դեպքում: Ջիլի անձավներն արհեստական հատած քարայրներ են՝ փորված կրաքարի զանգվածի մեջ, որոնք հավանաբար կառուցվել են միջնադարում սեջուկների և մոնղոլների տիրապետության ժամանակահատվածում: Ջիլի քարանձավներից չափերով ամենամեծը համալիրի ձախ մասում տեղադրված քարայրն է: Այդ համալիրը ծառայել է որպես թաքստոց կամ քոչվոր հրոսակներից պատսպարվելու վայր: Պարզվում է, որ երբ Սեվանա լճի (Դարյա Շիրին լիճ ) ջրերի մակարդակը բարձր է եղել ամենամեծ անձավի համալիրը տեսանելի և մատչելի է եղել միայն արևելքից՝ Սևանի լեռնաշղթայի կողմից:

Լենկթեմուրի մահից հետո՝ 1405 թ., Ջիլ-Կարմունջում աստիճանաբար ևս հաստատվել են շիա Կարակոյունլու և սուննի Աղկոյունլու ոչխարական, խաշնարած թուրքմենական ցեղերը: 15-րդ դարի 20-ական թվականներից ի վեր Կարմունջը հարակից բնակավայրերի հետ միասին գտնվել է Երևանի նորաստեղծ կուսակալության վարչական տարածքում: Կարակոյունլու Երևանի Ջահանշահի օրոք (1437-1467թթ.) երբ վերստին հզորացան և ծնունդ առան հայկական ազնվական իշխանական տները՝ մելիքությունները, Սոթքում և Գեղարքունիքում գլուխ բարձրացրեցին Մելիք Շահնազարյաններն և նրանց ազգակից Դոփյանները Մեծ Մազրա կենտրոնով, որոնց ենթարկվում էին նաև Կարմունջի և ողջ տարածաշրջանի ազգաբնակչությունը: Մելիք-Շահնազարյանները և Դոփյանների իշխանատոհմերը իրենց իշխանությունները պահպանեցին ողջ Գեղարքունիքում նաև հետագայում պարսից Նադիր Շահից (1688 + 1736 -1747թթ.) ստացած իրավասությամբ: 1603-1604 թթ Կարմունջը նույնպես հիմնովին ավերվել և հիմնահատակ կործանվել է պարսից Շահ Աբասի (1571 + 1587-1629 թթ.) կործանարար արշավանքների և «Մեծ Սուրգունի»՝ մարդկանց համատարած տեղահանությունների ժամանակ: 1555թ Ամասիայի և 1639 թ. Կասր ի Շիրինի պարսկաթուրքական հաշտության պայմանագրերով Կարմունջ-Ջիլը նույնպես Արևելյան Հայաստանի որպես մի փոքրիկ մասնիկ ընգրկվել է Սեֆյան Պարսկաստանի Երևանի խանության Գյոկչայի ( Գյոնսու ) մահալի կազմի մեջ: Մելիք-Շահնազարյանների և Ծարի Դոփյան հայկական իշխանատոհմերի օրոք Կարմունջում վերահաստատվել են Սյունիքից, Արցախից ու հարևան Արտանուշից, Ծափաթաղից ու Դրախտից տեղափոխված շատ հայկական ընտանիքներ: 1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանի մեծագույն մասի՝ Երևանի Խանության (Չուխուր Սաադի) ռուսների կողմից գրավումով Կարմունջը ևս անցնում է նորաստեղծ Ցարական Ռուսաստանին՝ սկզբում լինելով Հայկական մարզի, ապա Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմի մեջ որպես փոքրիկ բնակավայր, որի հայ բնակչությունն աննկատ ձևով հարևան հայաբնակ բնակավայրերի հետ միասին իսպառ ոչնչացվել կամ տեղահանվել է ցարական իշխանությունների հրահրմամբ Սևանա (Գյոկչայ լճի) լճի արևմտյան ափերից այստեղ մշտական բնակության համար հաստատված թուրք-թաթար ոչխարական, խաշնարած կարակալպակ ցեղերի կողմից: Արդեն Կարմունջը դառնում է հարևան բնակավայրերի հետ միասին բնակության տարածաշրջան և թիրախ թաթար-թուրքերի համար, ու կոչվում է Ջիլ: Խորհրդային կարգերի հաստատումից ի վեր Ջիլը գտնվել է Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի շրջանի վարչական կազմում, իսկ 04.12.1995 թ-ից. մտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի կազմի մեջ: 1988-1989թթ. Ջիլի սունի ադրբեջանցի (թաթար) բնակչությունը Արցախյան դեպքերի պատճառով հեռացել են Ադրբեջան, իսկ Ադրբեջանից տեղահանված և սպանդի ենթարկված մեր հայրենակիցների մի ողջ մնացած ստվար զանգված հաստատվել է Ջիլում և նրա հարակից նախկին ադրբեջանաբնակ գյուղերում: Այսօր Ջիլում հիմնականում բնակվում են Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից բռնագաղթված, փախստական հայ բնակչության հիմնական մասը: Ներկայումս Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքի սկզբնամասում՝ գյուղի մուտքի մոտ մեծ հաստաբուն փչակով վիթխարի տանձենու շուրջ վերջին շրջանում կառուցված է գեղեցիկ խաչարձան-աղոթատեղի: Ջիլը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտու Ճամբարակ-Գետաբեկ հատվածում: Գյուղի տարածքում մեծ խմբերով հաճախ հանդիպում են բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի հոտեր: Տարածքը առատ է վայրի թռչնատեսակների առատությամբ: Ջիլի տարածքում շատ է նաև գայլը, բորենին, աղվեսը, փորսուղը, այծյամը, վարազը և լուսանը: Դաշտերում շատ են մկները, լորտուները, մողեսներն և կրիաները: 2013 թ.ի վեր Սևանի, Շորժայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանա Երիցյանի կողմից Ջիլի միջնակարգ դպրոցում ուսուցիչների, աշակերտության և համայնքի բնակչության ողջ շրջանում անց են կացվում «Քայլող Ավետարան» ծրագրի շրջանակներում Սուրբ Գրքի սերտողության և մեկնության քարոզչական հանդիպումներ: 2014 թ հունիսի 30-ին Ջիլի գյուղկենտրոնում կանգնեցվել է խաչքար՝ ի հիշատակ Արցախյան հերոսամարտերում առ Տեր հանգչած հերոս ջիլեցի, քաջազուն, արիասիրտ տղաների: Խաչքարի բացումը կատարվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի (որպես Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ,ապա թեմի առաջնորդ 2005-2015 թթ.) ձեռամբ և օրհնությամբ: Կրկին հայացված այս սահմանամերձ բնակավայր

Ջիլ-Կարմունջ գյուղը դեռևս 1831 թ. ուներ 265 ադրբեջանցի բնակիչ, 1873 թ. 287, 1897թ. 739 բնակիչ, 1926 թ. ուներ 826 բնակիչ, 1939 թ.1226, 1959 թ. 1170, 1970 թ. 1606, իսկ 1979 թ. 1519 ադրբեջանցի բնակիչ: 1989թ. Ջիլն ուներ 231 նորահաստատ հայ բնակիչ: Ներկայումս Ջիլ համայնքը ունի 2005 թ. հունվար ամսվա մարդահամարի համաձայն շուրջ 685 բնակիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել