Արտակարգ դեպք Վանաձորում. գետը քշել-տարել է հետիոտնային կամուրջը. հայրն ու դպրոցական երեխան հրաշքով են փրկվել(ֆոտո)Lorinews.am-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգ թաղամասից հայտնում է, որ առավոտյան Տանձուտ գետը վարարել է: Գետի ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով փլուզվել է Սանկտ Պետերբուրգ թաղամասը <<Լագեր>> թաղամասին կապող հետիոտնային կամուրջը, որով ավելի շատ օգտվում են ինչպես նշված թաղամասի բնակիչները, այնպես էլ թիվ 9 դպրոց հաճախող աշակերտները: Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Մեր թղթակցի փոխանցմամբ դեպքի պահին, երբ կամուրջը փլուզվել է, հայրը երեխային դպրոց տանելիս է եղել և հրաշքով է հաջողացրել անցնել կամուրջը, հակառակ դեպքում վարարած գետը ճակատագրական կարող էր դառնալ նրանց համար: Այս պահին Սանկտ Պետերբուրգ տնակային ավանի բնակիչները իրենց ուժերով փորձում են քայլեր ձեռնարկել, քանի որ կա վտանգ, որ գետի ջուրը կարող է հեղեղել նաև բնակարանները: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման աշխատակիցները գործի են դրել ծանր տեխնիկան: Իրականացվում է գետերի հուների մաքրման աշխատանքներ: Այս մասին առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել