Հայաստանի ներդրումային դաշտը նման է մի կենդանաբանական այգու, որի գանձարկղում փող չկա, և կենդանիներին չեն կարողանում կերակրել: Այգու տնօրինությունը հանձնարարել է բացել գիշատիչների ճաղավանդակների դռները, որպեսզի նրանք սնվեն այգու տարածքում: 
Կենդանաբանական այգու հաշվապահությունը կոչ է անում գառներին գալ այգու տարածք և հանգիստ արածել, խոստանում է, որ այգու տարածքում բոլոր գիշատիչները փակված կլինեն իրենց վանդակներում և դուրս կգան շրջայցի միայն գիշերը՝ օրենքով սահմանված կարգով: Միաժամանակ հավաստիացնում է, որ նրանք գառներին չեն ուտի, քանի որ շատ կուշտ են, որովհետև իրենց շրջայցի հետևանքով հայտնաբերած հանցավոր միամլիկգառներից 10% հավելակեր ունեն: Բացի այդ, նրանք գիտակցում են, որ կենդանաբանական այգին դա ջունգլի չէ, և այնտեղ քաղաքակիրթ վարք պետք է դրսևորել. նրանք էլ նախկին վայրենիները չեն: 
Անմեղ զոհերի պաշտպանության կառույցները աղաղակում են, որ գիշատիչների ճաղավանդակների դռները ճիշտ է՝ փակ են, սակայն բանալիները գտնվում են հենց այդ գիշատիչների ձեռքերում, նրանց հովանավորում է այգու տնօրինությունը, ախր կերան խեղճ գառներին, էլ ուտելու բան չի մնացել, կորցնում ենք արդեն ողջ ֆաունան… Սակայն հաշվապահությունը գտնում է, որ դրանք ծախված գրանտակեր կառույցներ են, և նրանք էլ իրենց ձմեռվա պաշարն են կուտակում: 
Ու այսպես… Գառները մտնում են այգու տարածք, որտեղ նրանց անհամբեր սպասում են գայլեր, բորենիներ, աղվեսներ և այլ գիշատիչ կենդանիներ:
Ասում են, էս վերջերս նույնիսկ առյուծին են ցանկացել ուտել: Եթե արդեն իրար են ուտում, ուրեմն հաստատ էլ ուտելու բան չի մնացել: 
ՀՀ ներդրումային դաշտը՝ լրիվ Animal Planet…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել