Ես ի՞ր, թե՞ ինքը իմ. Լևոն Մարտիրոսյա՞նն է Քարդաշյանի երկրպագուն, թե՞ հակառակը

Irakan.info-ն գրում է.

«Վեց օր ստեղ է լինելու, բա մի բան պետք է անել, որ զբաղվի»,-Irakan.info-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ով նախապես հայտարարել էր, որ կառաջարկի Քիմ Քարդաշյանին այցելել նաև Ազգային ժողով: Մեր հարցին՝ ԱԺ-ում Քարդաշյանը չի՞ ձանձրանա, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դե մի բան պետք է անենք, որ չձանձրանա, թե չէ որ ձանձրանա, մյուս անգամ չի գա, իսկ մեզ պետք է, որ մեր հայրենակիցները շուտ-շուտ գան իրենց հայրենիք»:

«Աղջիկ ա, գալիս ա իր պատմական հայրենիքը տեսնելու, պտտվելու, հետ գնալու»,-ասաց նա՝ անդրադադնալով Քարդաշյանի ծրագրին: Այնուամենայնիվ, Լևոն Մարտիրոսյանը շատ բարձր է գնահատում Քարդաշյանի այցի նշանակությունը. «Որովհետև ինքը 77 մլն հետևորդ ունի միայն ինստագրամում, և նրա ամեն խոսքը լսում է առնվազն 77 մլն մարդ: Իսկ դա պետք է օգտագործել Ցեղասպանության ճանաչման գործում, Հայաստանը գովազդելու, Հայաստանի տուրիստական հնարավորությունների համար, ընդհանրապես մեր ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու համար: Սա շատ լավ խողովակ է»,-նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ է ահռելի գումարներ ծախսել Քարդաշյանի հետ լուսանկարվելու համար, Մարտիրոսյանը նկատեց, որ այն թանկ հաճույք է, բայց հույս ունի, որ նման հնարավորություն կունենա: Ստացվում է՝ կարելի՞ է ենթադրել, որ հայտնի աստղի նկատմամբ իր հետաքրքրվածությունը նշանակում է, որ Մարտիրոսյանը ևս Քարդաշյանի երկրպագուներից է, պատգամավորը կատակեց. «Ես ի՞ր, թե՞ ինքը իմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել