Ռուսական «Грани кино» ընկերության նախագահ Սերգեյ Նազարովը պայմանավորվածություն է ձեռք բերել «Անավարտ թռիչք»-ի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ ու գնել ռեժիսոր Ելենա Արշակյանի ֆիլմը։ Նա պատրաստվում է այն ներկայացնել ռուսական շուկայում։ BlogNews.am-ի հետ զրույցում Սերգեյն ասաց, որ նպատակ ունի հայկական ֆիլմերը տարածել Ռուսաստանում։

«Առաջին հերթին, ես հայ եմ և ցանկություն ունեմ հայկական ֆիլմերն ու մշակույթը տարածել ռուսական շուկայում։ Բացի այդ, ես դրական կարծիք ունեմ հայկական ֆիլմերի մասին, քանի որ դրանցում չեմ տեսնում ագրեսիա։ Այստեղ տեսնում եմ՝ կատակերգություններ, որոնք, ինչպես հասկանում եմ, ակտուալ են Հայաստանում, մելոդրամաներ, օրինակ՝ «Անավարտ թռիչքը» ինձ շատ է դուր եկել։  Ավելին՝ ես այն դիտել եմ շատ լուրջ կինոքննադատների հետ, ովքեր այս ֆիլմը գնահատել են լիարժեք 4+»,- ասաց նա։

Ըստ Սերգեյի՝ ռուսները մեծ ցանկություն ունեն դիտելու հայկական ֆիլմեր և ճիշտ PR ակցիա կազմակերպելու դեպքում կարող են հաջողության են հասնել։ ««Անավարտ թռիչքը» տրագիկ մելոդրամա է, որն այսօր ակտուալ է, բացի այդ, ֆիլմն իսկապես շատ գեղեցիկ է։ Ես շատ եմ սիրում Հայաստանն ու էստեղի տեսարանները, սակայն առաջին հայացքից չես ասի, որ ֆիլմը հայկական է, կարծես Հոլիվուդում նկարահանված ֆիլմ լինի»,- նկատեց Սերգեյը։

Ընկերության տնօրենի խոսքով՝ ֆիլմին սպասվում է ճանապարհ դեպի ռուսական հեռուստատեսություն, որն անցնում է վարձույթներով։ «Իմ խնդիրն է գրավել ամբողջ Ռուսաստանը։ Ֆիլմը դուրս է գալու 200 օրինակով, ինչը շատ լավ ցուցանիշ է»,- նշեց նա։

Սերգեյը նախատեսում է շարունակական համագործակցություն հայկական ֆիլմերի հետ, և «Շարմ» ընկերության հետ արդեն դիտել են մի քանի ֆիլմ՝ հետագա համագործակցության համար։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել