Հայկ Մարությանը կամ Հայկոն պատասխանել է Միքայել Պողոսյանին և ասել, որ վերջինս վիրավորում է 3.000.000 մարդկանց իր կարծիքով: Չգիտեմ, թե թիվը որքանով է ստույգ, գուցե 3.000.146 մարդկանց կամ 2.985.128 մարդկանց, սակայն մի բան հստակ է: Միքայել Պողոսյանը մեր օրերի հայտնի և սիրված արվեստագետներից մեկն է և իր սեփական կարծիքն ունենալու և արտահայտելու իրավունքն ունի, ինչպես մեզանից յուրաքանչյուրը:
Եթե նա չի կարողացել դիտել ֆիլմը՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով և ուղղակի բարձրաձայնել է այդ մասին, ապա դա դեռ չի նշանակում, որ հայտնի դերասանաը միտում է ունեցել վիրավորել որևէ մեկին: 
Անձամբ ես դիտել եմ «Սուպեր մամա» ֆիլմը մինչև վերջ, բայց Միքայել Պողոսյանի խոսքերից ինձ ամենևին վիրավորված չեմ զգում, այլ հարգում և գնահատում եմ նրա կարծիքը՝ որպես հայտնի արվեստագետի կարծիք: Մի բան, որը ամբողջությամբ բացակայում է Հայկոյի ֆեյսբուքյան գրառումում: Չկա անգամ տարրական հարգանքի նշույլ Միքայել Պողոսյանի նկատմամբ, և դա միայն նրա համար, որ նա ուղղակի արտահայտել է սեփական կարծիք:
Ցավոք, մեզ մոտ սերունդների միջև հակասությունները երբեմն հասնում են ծայրահեղ աստիճանի: Եթե «Սուպեր Մաման» իսկապես այդպիսի հաջողություններ է գրանցել, ինչպես Հայկոն է ասում, ապա կարելի էր թեկուզ հենց գոհանալ դրանով և ֆիլմի հաջողության բարձունքից պատասխանել Միքայել Պողոսյանին: Անհասկանալի է այն վիրավորվածությունը, որով խոսում կամ գրում է Հայկոն:
Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Միքայել Պողոսայնի կարծիքն ինձ համար շատ կարևոր է, իսկ հաջողություններ գրանցած ֆիլմի դերասանակազմը պետք է նաև կարողանա դիմանալ և ըստ արժանվույն ընդունել առողջ քննադատությանը, այլ ոչ թե գրգռված ձևով արձագանքի ցանկացած կարծիքի, հատկապես երբ այդ կարծիքը հնչում է ոչ թե շարքային քաղաքացու կողմից, այլ հայտնի արվեստագետի: 
Նման ջղագրգիռ արձագանքն ինքը արդեն իսկ ֆիլմի հաջողությունը դնում է կասկածի տակ, քանի որ ցույց է տալիս, որ այն չի դիմանում որևէ քննադատության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել