Օրերս Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ժողովին ՀՀ իշխանությունները փորձեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի միջոցով «կուտ» տալ սփյուռքահայերին՝ թե յուրաքանչյուր յոթերորդ սփյուռքահայը թող հայաստանյան որեւէ բանկում գոնե 1000 դոլար կամ այդքան եվրո դնի, չորս տարին մեկ Հայաստանում հանգստանա, միջոցներ ներդնի հայրենիքում: Երեւի հայրենիքում գռփված փողերը քչություն են անում, քանի որ թելեթոնների ու զանազան դրամահավաքների վտակները բարակել են, դրսի հայերը հասկանում են, որ հաճախ այդ գումարները հասցեատերերին չեն հասնում, իսկ վարկերն ու այլ գումարները մսխվում են՝ իբրեւ պարտք ծանրանալով գալիք սերունդերի վրա:
Իսկ գուցե նույն իշխանությունները սկսեն իրենց վերափոխելուց՝ ասենք,Հրանուշ Հակոբյանի նշած չորս տարին մեկ նորմալ ընտրություններ անցկացնեն, դադարեցնեն քաղաքական նպատակներով ստուգումները մարդկանց բիզնեսներում, արտոնյալ պայմաններ ստեղծեն սփյուռքահայ ներդրողների համար, չխեղդեն մանր ու միջին գործարարներին եւ որ ամենակարեւորն է՝ փայ չմտնեն: 
Հասկացա՝ դժվար բան եմ ասում, հետեւաբար իշխանությունների ակնկալիքները «կթու կով» դիտարկվող Սփյուռքից շարունակվելու են…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել