Vardan

Հայկական շոուբիզնեսյան խաժամուժում նկատելով մի քանի լուսավոր կետեր՝ չէի կարող չանդրադառնալ դրանց: Ընդհանրապես բավական հեշտ է քննադատել շոուբիզնեսյան աստղ-աստղիկներին՝ հատկապես եթե դրա առիթը վերջիններս շատ հաճախ են տալիս: Սակայն հազվադեպ եմ հանդիպում, երբ գնահատվում է որոշ երգիչ-երգչուհիների գործունեությունը, ովքեր անկասկած արժանի են դրան: Բացը պետք է լրացնել:

Ռաբիսի և ռեստորանի արտոնված գրոհը դեպի հեռուստաեթեր, ստորին խավերից ձևավորված էլիտայի առաջխաղացումն և նրա երաժշտական ճաշակը, տնտեսական ճգնաժամը ստեղծեցին հիանալի պայմաններ, որպեսզի ռաբիսը և ռեստորանային երաժշտությունը կուլ տան ժամանակակից փոփ, ռոք, ֆոլկ ժանրերը: Բայց արի ու տես՝ գտնվեցին երգիչ-երգչուհիներ, ովքեր ընդդիմացան այս ալիքին կամ գոնե չտրվեցին ամեն գնով փող աշխատելու այս մոլուցքին: Հատկապես գնահատելի է Վարդան Բադալյանի վերջին ալբոմը և երկու տեսահոլովակները՝ ժողովրդական երգերի գրագետ մատուցմամբ: Թեպետ ակնհայտ էր, որ ալբոմը և տեսահոլովակները չէին ապահովի Միհրան Ծառուկյանի և Լիլիթ Հովհաննիսյանի դիտումներն ու եկամուտները, սակայն Վարդանը Բադալյանն անտեսեց նյութական դիվիդենտներն և թողեց որակյալ, մնայուն ու արժեքավոր գործեր՝

Վարդան Բադալյանի հետքերով շարժվեց և, անկեղծ ասած, զարմացրեց երգչուհի Արփին՝ թողարկելով «Գանձեր» ձայնասկավառակը և «Զեփյուռի նման» երգի հիման վրա տեսահոլովակը:

Վատը չէր նաև Ալին Գոյանի և Lazzaro-ի Կռունկի քավրը՝

Տա աստված՝ վերը թվարկված օրինակները վարակիչ լինեն «գռդոն» անող որոշ արտիստների համար: Բիզնեսը բիզնես, բայց երբեմն կարելի է արժեքավոր գործ թողնել, որը կդառնա նաև ներկայացուցչական այցեքարտ: Իսկ Վարդանին ու Արփիին շնորհակալություն՝ լավ աշխատանքի և սահմանված նշաձողի համար: Անկասկած կան մարդիկ, ովքեր նկատում և գնահատում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել