Երբ շաբաթ օրն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայրը՝ Մարիամը և Սողոմեն, գնացին խունկ գնեցին և պատրաստեցին, որպեսզի գնան և օծեն Հիսուսի մարմինը։ Կիրակի օրը վաղ առավոտյան, արևածագին, եկան գերեզման։
-Ո՞վ պիտի գլորի գերեզմանի մուտքին դրված քարը,- հարցնում էին միմյանց,
որովհետև քարը շատ մեծ էր։ Սակայն երբ նայեցին, տեսան, որ քարն արդեն գլորված էր։ Գերեզմանից ներս մտնելով՝ տեսան սպիտակ զգեստ հագած մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը, և սարսափեցին։ Երիտասարդն ասաց նրանց.
-Մի՛ վախեցեք, գիտեմ, որ դուք խաչված Նազովրեցի Հիսուսին եք փնտրում, բայց նա այստեղ չէ. հարություն առավ։ Տեսե՛ք, ահա այստեղ էին նրան դրել։ Այժմ գնացե՛ք, ասացե՛ք նրա աշակերտներին և Պետրոսին, որ ահա ինքը ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ասել էր ձեզ։
Երբ այդ լսեցին, դուրս փախան գերեզմանից զարհուրած և ապշահար և ոչ ոքի բան չասացին, որովհետև վախենում էին։
(Մարկոսի ավետարան 16:1-8)
Համբարձումից մի քանի օր հետո, երբ շուրջ հարյուր քսան հավատացյալներ մեկտեղված էին, Պետրոսը ոտքի կանգնելով ասաց.
-Եղբայրնե՛ր, պետք է կատարվեր Սուրբ գրքում գրվածը, այն, ինչ որ նախօրոք
Սուրբ Հոգին ասել էր Դավթի բերանով Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողների առաջնորդը եղավ։ Հուդան մեր խմբից էր, մեզ նման առաքելական ծառայության ընտրված։ Բայց իր անիրավ մատնությունից հետո, որի վարձով մի ագարակ գնեց, նա գլխիվայր ընկավ այնտեղ, և փորը ճեղքվելով՝ փորոտիքը դուրս թափվեց։ Բոլոր երուսաղեմցիներն իմացան այս մասին, և դրա համար էլ այդ ագարակը նրանց բարբառով կոչվեց Ակեղդամա, այսինքն՝ Արյան ագարակ։ Արդ, Սաղմոսների գրքում գրված է. «Թող նրա տունը ավերակ մնա, և մարդ չբնակվի այնտեղ», իսկ մի ուրիշ տեղ ասված է. «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի»։ Այստեղ կան մարդիկ, որոնք միշտ մեզ հետ են եղել Տեր Հիսուսի երկրավոր առաքելության ամբողջ տևողության ընթացքում՝ Հովհաննեսի ձեռքով նրա մկրտությունից մինչև երկինք համբարձվելու օրը։ Նրանցից մեկը պետք է որ տասնմեկիս միանա՝ Քրիստոսի հարությանը մեզ հետ վկա լինելու համար։ Այն ժամանակ հավատացյալները ներկայացրին երկու հոգու՝ Բարսաբա կոչված Հովսեփին, որն Արդար մականվանվեց, և Մատաթիային։ Ապա հետևյալ աղոթքն արեցին.
-Տե՛ր, դու, որ ճանաչում ես բոլոր մարդկանց սրտերը, ցո՛ւյց տուր մեզ, թե այս
երկուսից ո՛ր մեկին ես ընտրում առաքելական այս պաշտոնի համար, որից Հուդան ընկավ՝ իրեն սահմանված տեղը գնալու համար։
Ապա երկու անունների վրա վիճակ գցեցին։ Վիճակն ընկավ Մատաթիային, և նա դասվեց տասնմեկ առաքյալների շարքը։
(Գործք Առաքելոց 1:15-26)