Դե լավ էլի, ախր էս ինչ վատ բնավորություն ունենք: Անպայման ցանկանում ենք ամեն բանում վատը տեսնել: Ոչ ոք, օրինակ, չասեց, որ փառահեղ կուսակցության ծնունդն էր օրեր առաջ, և հնարավոր է, որ տիկնայք քիչ մը տպավորված լինեին անցած քեֆերից, իրար բան ունենային պատմելու: Միանգամից դնում ու ամոթանք ենք տալիս: Հետո ի՞նչ գիտեք, որ բոլորն են ժպտացել: Ես հաստատ գիտեմ, որ մեր հարևան ընկեր Վարդուշը հաստատ չի ժպտացել: Ուղղակի դավադիր ֆոտոլրագրողներն են նկարել միայն ժպտացողներին: ՈՒղղակի զարմանում եմ, թե ինչու՞ վսեմագույն կուսակից այրերը դեռ իրենց հոդաբաշխ նախադասություններով չեն արդարացրել իրենց կուսակից ընկերուհիների վարքը: Կարելի էր չէ՞ ասենք պարոն Գալուստի, կամ Մանվել Բադեյանի շուրթերով մի հիասքանչ արդարացում գցել շրջանառության մեջ: Կամ ծայրահեղ դեպքում հնարավոր էր չէ՞, որ Սեյրանը կամ շմայսը մի ժողովրդական բառապաշարով բան ասեին. օրինակ, որ իրենք էլ են հաճախ թաղումների ժամանակ ակամայից ժպտում... ըհը, տեսաք, ես արդեն առաջին վարկածը գտա; Վսեմագույն տիկնայք, ուղղակի իրենց սաստիկ ցավն ու սուգը, հիշողությունն ու պահանջատիրական նկրտումները այս անգամ արտահայտում էին լիաթոք ծիծաղով , ես կասեի` խինդ ու ծիծաղով: Չմոռանանք նաև, որ փողային երաժշտական գործիք համարվող կլարնետը, դուդուկի բացակայության ժամանակ, լավ էլ տխուր մեղեդիներ է հնչեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել