Գեղարքունյաց թեմի Սեվանի եւ Շորժայի տարածաշրջանի հոգեւոր հովիվ  արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանի Սուրբ Զատկական պատգամը

<<Երբ ծոմ պահեք, տրտմերես մի’ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա’յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի’ր քո գլուխը և լվա’ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ>> (Մատթ., Զ, 16-18):
Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը մեզ մոտեցնում է Աստծուն: Աստված պահեցողության պատվիրանը տվեց առաջին մարդուն դեռևս դրախտում. <<Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի’ կերեք>> (Ծննդ. Բ 16): Եվ քանի դեռ մարդն այս պատվերը պահում էր, Հրեշտակներին հավասար էր, սակայն երբ նախաստեղծները խաբվեցին սատանայից և կերան արգելված ծառից, արտաքսվեցին դրախտից և դրվեցին նզովքի ու մահվան տակ:
Ավետարանում պատմվում է, որ Քրիստոսն իր քարոզչությունը սկսելուց առաջ քառասուն օր առանձնացավ անապատում` աղոթքով և ծոմապահությամբ կենալու համար: <<Միայն հացով չէ, որ ապրում է մարդ, այլ Աստծու ամեն խոսքով>> (Ղուկաս Դ4): Եկեղեցին Քրիստոսի օրինակին հետևելով` հաստատեց քառասնորդական պահքը, որը կոչվում է նաև մեծ պահք:
Հայ Եկեղեցում տարվա կեսը պահոց օրեր են: Այդ օրերին հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և մեր մարմինը սնուցում միայն բուսական սննդով: Սակայն պահքի օրերը միայն սննդամթերքի որոշ տեսակներից հրաժարման օրեր չեն, այլ մեզ հաճույքներից և վայելքներից հեռու պահելու, ինչպես նաև խոկումի, ինքնաքննության, բարեգործության, զղջումի և ապաշխարհության, մեղքերից ազատման և հոգիների մաքրման օրեր, որպեսզի առավել ևս խորացնենք մեր հավատքը և Քրիստոսով վերարժևորենք մեր կյանքը:
Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ ի փառս Աստծու: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարհության նպատակով չէ:
Վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ինչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Մարդը հոգի է և մարմին, և ինչպես որ ուտելիքը մարմին է հաճելի, նույնպես և պահքը` հոգուն: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, աղոթքներ. ահա այն ամենը, որոնցով սնվելու է հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:
ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ
Մեծ պահքն ընդգրկվում է վեց կիրակի: Այդ կիրակիները կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը ( Iդար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիներն են` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան` միասնաբար կազմելով մի <<ոսկե շղթա>>:
Բուն բարեկենդանի երեկոյան սկսվում է պահքի քառասնօրյա շրջանը, որը պահքերից ամենաերկարատևն է, ինչի պատճառով էլ կոչվում է Մեծ: Այն շարունակվում է մինչև Զատիկ: Իբրև պահեցողությամբ քառասնօրյա շրջան` Մեծ պահքի համար օրինակ է Փրկչի` անապատում 40-օրյա ծոմապահությունը: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունն անկարող է տոկալ 40 օրվա ծոմապահությանը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40-օրյա պահեցողություն` կենդանական ծագում ունեցող կերակրատեսակներից հրաժարվելով: Քրիստոսն անմեղ էր և պահք պահեց ոչ նրա համար, որ ուներ դրա կարիքը, այլ հաստատելու համար, որ Հին ուխտն ու Նոր ուխտը, մարգարեներն ու Քրիստոսն իրար հակառակ չեն, այլ լրացնում են միմյանց: Եթե Մովսեսն ու Եղիան Խոսքը պահեցին Նրա հրեշտակի տված կերակրի զորությամբ, ապա Քրիստոսը պահեց Իր զորությամբ: Պահքով Նա ցույց տվեց Իր Աստվածային, իսկ քաղցելով` մարդկային բնությունը:
Մեծ պահքի տևողությունը 48 օր է` ներառյալ նաև Ավագ շաբաթվա օրերը, և նշվում են Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա հիշատակները:
Մեծ պահքի նպատակը հավատացյալների նախապատրաստությունն է ս. Հաղորդությանն արժանապես մոտենալուն և Հարության տոնն առավել մեծ ուրախությամբ տոնելուն: Այն հոգևոր նախապատրաստության, ինքնամաքրման ժամանակամիջոց է:
Ինչպես Ներսես Շնորհալին է ասում. <<Ժուժկալությունը բոլոր առաքինությունների ամրությունն ու հիմքն է, քանզի նա, ով իր ներսում ժուժկալ է չարի նկատմամբ, բոլոր տեսակի բարիքներն իր մեջ է կրում… Եվ այս է ժուժկալության սահմանումը. ժուժկալ լինել ամեն բանի մեջ, որոնցից աստվածային օրենքները հրամայում են հրաժարվել>> (<<Թուղթ ընդհանրական>>):
Բուն բարեկենդանի նախորդ շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, որոնք փակ են մնում ողջ Մեծ պահքի ընթացքում` մինչև Հարության ճրագալույսի պատարագը: Վարագույրը բացվում է միայն կարևոր տոների առիթով, երբ մատուցվում է ս. Պատարագ` Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի` ոտնլվայի արարողությանը, ինչպես նաև` Ս. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ, Ս. Աստվածածնի ավետման, Տյառնընդառաջի տոներին, եթե դրանք հանդիպում են Մեծ պահքի օրերին:
Քառասնօրյա պահքը նաև օրերն աղ ու հացով անցկացնելու, այսինքն` ճգնելու, աղոթքի ու խոկումի ժամանակամիջոց է, քանի որ նախկինում աղն ու հացը ճգնակյացների ու անապատականների կերակուրն էր:
ՀՈԳԻՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ՄԱՐՄՆԻ ՀԱՆԴԵՊ: Այս ըմբռնումով է, որ պահքը սահմանվեց: Այն ամրապնդում է հավատը և մաքրում ու զորացնում է հոգին: Պահքը Քրիստոսի Եկեղեցու կյանքի կարևոր երևույթներից է: Ինչպես մարմնի համար հիվանդությունն է կործանարար, այնպես էլ հոգու համար` մեղքը: Եվ հոգին մեղքի հիվանդությունից բուժելու միջոցը պահքն է: Պահքի նպատակը` ապաշխարանքը, զղջումը, մեղքից հրաժարվելն է:
Եվ Պողոս առաքյալի խոսքը` <<…Հոգո’վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի’ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը>> (Գաղ., Ե, 17), բոլոր ժամանակների բոլոր սերունդներին է ուղղված:
Պահքը կամ պասը հրաժարումն է որոշակի կերակուրից` հանուն հոգու զորացման: Աստված մարդու համար պահք սահմանեց դեռևս դրախտում. <<Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք>> (Ծննդ., Բ, 16): Ինչպես Բարսեղ Կեսարացին է գրում <<Վասն պահոց>> ճառում` >> Պահքը դրախտում օրինադրվեց, և այն հասակակից է մարդկությանը>>: Աստված պահքը տվեց առաջին մարդուն` որպես դաստիարակ, և քանի դեռ մարդն այն պահում էր` հավասար էր հրեշտակներին: Սակայն մարդը կարիք ունի պահեցողության, քանի որ այն մարդկային մեղավոր վիճակը հաղթահարելու, նորոգվելու զորավոր միջոց է:
Համաձայն Աստվածաշնչի` պահեցողությունը մարդկային մեղավոր վիճակի գիտակցությունից բխող ցավի, տխրության, սգի ու ինքնազրկանքի շրջան է: Առաջնային և կարևոր է հատկապես պահեցողության կրոնական ապրումը: Ապաշխարանքից անբաժան են աղոթքը և պահքը. <<Բարի են աղոթքները` պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով>> (Տոբիթ, ԺԲ, 8): Պահքի ընթացքում հանձնարարվում է հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրներից և սնվել միայն բուսական կերակուրներով, բայց հատկապես` ողորմած գտնվելով, ներողամիտ լինելով, բարի գործեր կատարելով և մեղքից հեռու մնալով:
Նոր Կտակարանում նույնպես մեծ կարևորություն է տրվում պահքին: <<Լեռան քարոզում>> Հիսուսը սովորեցնում է պահքի ոգին. <<Երբ ծոմ պահեք, տրտմերես մի’ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա’յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի’ր քո գլուխը և լվա’ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ>> (Մատթ., Զ, 16-18): Պահքը զորացնում է հոգին` ընդդեմ մարդկային թուլությունների ու մեղքի և մանավանդ` անսանձ ցանկությունների: Այսպիսով, պահքի նպատակը ապաշխարությունն է` մեղքի կապանքներից, հոգեկան ծուլությունից ազատվելու ճիգը, նորոգությունը մարդու հոգևոր ուժերի` միշտ բարին խորհելու ու բարին գործելու: Պահքի օրերը հոգևոր դաստիարակության ու կրթության, գործած հանցաքների ըւ սխալների շտկման, մեղքերի քավության ու ապաշխարության ժամանակահատված են: Պահքի ընթացքում զղջումը, աղոթքն ու ապաշխարությունը պայմաններ են ստեղծում, որպեսզի պահեցողի կյանքում գործել սկսի Աստծու ապաքինող, մխիթարող ու քավող զորությունը, Աստծու օրհնությունը. <<…թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե. որովհետև մեր թեթև նեղության առժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ>> (Բ Կորնթ., Դ, 16-17):
Զուտ առողջապահության տեսակետից` պահքի ընթացքում կենդանական սննդից, ճարպային ուտելիքներից հրաժարումը մարդկային օրգանիզմի համար ոչ միայն օգտակար, այլև որոշ հիվանդությունների դեպքում կանխարգելող ու բուժիչ նշանակություն ունի: Այսպիսով, պահքի օրեր սահմանելով` Եկեղեցին հոգում է իր հավատացյալի նախ և առաջ հոգևոր, ապա նաև մարմնական առողջության մասին:
Հայ եկեղեցում պահքի օրերը դասակարգվում են որպես օրական պահք, շաբաթապահք, նավակատիքի պահք, Առաջավորած պահք և Քառասնօրյա կամ Մեծ պահք:
ՕՐԱԿԱՆ ՊԱՀՔ սահմանված է ընդհանրապես յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ըստ առաքելական կանոնների: Չորեքշաբթի` ի հիշատակ Քրիստոսի մատնության, ուրբաթ` ի հիշատակ Նրա չարչարանքների: Բացառություն են Զատկից մինչև Համբարձում եղած չորեքշաբթի և ուրբաթ օրերը:
Քրիստոնեության վաղ շրջանում Ս. Ծննդյան տոնի համար, ինչպես այժմ Ս. Հարության տոնի պարագայում է, սահմանված էր պահքի երկարատև շրջան, որը տևում էր 50 օր, կոչվում էր ՀԻՍՆԱԿ և սկսում էր Ս. Ծննդյան տոներին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրյա այդ շրջանը բաժանված է երեք ՇԱԲԱԹԱՊԱՀՔԵՐԻ` երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի` Ս. Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ շաբաթապահքերը նախորդում են Ս. Հակոբ Մծբնացի հայրապետի և Ս. Ծննդյան տոներին: Դրանք տևում են մեկ շաբաթ: Ս. Ծննդյան տոնի շաբաթապահքը սկսվում է դեկտեմբերի 30-ին: ՆԱՎԱԿԱՏԻՔԻ ՊԱՀՔԵՐԸ տաղավար տոների համար պահքեր են. Աստվածահայտնության և Հարության տոների ութական, Պայծառակերպության, Ս. Աստվածածին վերափոխման և Խաչվերացի տոների հնգական օրերը:
ՄԵԾ ՊԱՀՔԸ հիշատակությունն է մեր Փրկիչ` Հիսուս Քրիստոսի` անապատում քառասնօրյա ծոմապահության և տևում է Բուն բարեկենդանից մինչև Զատիկ:
ԱՌԱՋԱՎՈՐԱՑԸ Գրիգոր Լուսավորչի սահմանած առաջին պահքն է: Խոր վիրապից դուրս գալուց հետո, երբ Գրիգորը գնում է հայոց այն ժամանակվա մայրաքաղաք Վաղարշապատ, նրան ընդառաջ են գալիս հայոց Տրդատ թագավորը, արքունիքն ու ժողովուրդը: Ս. Գրիգորը 60 օր քարոզում է մարդկանց Ավետարանի Խոսքը, բացատրում Հին և Նոր Կտակարանների ճշմարտություններն ու ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք:
Ս. Գրիգոր Լուսավորչի սահմանած այս պահքն այսօր էլ պահպանվում է Հայ եկեղեցում և կոչվում է<<Առաջավորաց՚: Պահքը այդպես է կոչվում առաջինը կամ Մեծ պահքից առաջ լինելու պատճառով:
Առաջավորաց պահքը նաև Ադամի անկման խորհուրդն ունի, որովհետև հիշատակն է նաև դրախտում Աստծու կողմից սահմանված առաջին պահքի:
Առաջավորաց պահքը հատուկ է միայն մեր եկեղեցուն: Այն նախորդում է Ս. Սարգիս զորավարի տոնին, որը նշվում է Առաջավորաց պահքի շաբաթ օրը և այդ պատճառով հաճախ շփոթվում է այդ տոնի հետ և թյուրիմացաբար կոչվում Ս. Սարգսի պահք: Հայ եկեղեցու կանոնով սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետևաբար Ս. Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ: Ինչպես և մյուս բոլոր պահքերի դեպքում, Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է: Առաջավորաց պահքը սկսվում է Բուն բարեկենդանի կիրակիից` 3 և Զատկից 10 շաբաթ առաջ հանդիպող կիրակիի հաջորդ երկուշաբթի օրը և տևում է հինգ օր:
ԱՄՓՈՓՈՒՄ
Պահքը, կենդանական սննդից հրաժարում լինելով հանդերձ, զուտ առողջապահական սննդակարգ կամ դիետա չէ, որոնք կիրառում են որոշ հիվանդությունների բուժման դեպքում կամ նիհարել ցանկանալիս: Պահքը նախ և առաջ մեղքերի գիտակցման, զղջման և ապաշխարության մի շրջան է, որը դրսևորվում է աղոթքով ու ինքնազրկման որոշակի պայմաններով: Այս ամենով հանդերձ` պահքն ինքնամաքրման ու հոգևոր դաստիարակության լավագույն միջոց է: Բարսեղ Կեսարացու բնորոշմամբ` <<Պահքը դրախտում օրինադրվեց և հասակակից է մարդկությանը>>: Այսինքն` մարդկությանը վաղնջական ժամանակներից է հայտնի պահքի բուժիչ ազդեցությունը թե’ հոգու և թե’ մարմնի վրա:
Պահքի կարևորությունը մարդու համար այնքան մեծ է համարվել, որ այն դարձել է եկեղեցական Ժողովների նյութ, և դրա համար մշակվել են որոշակի կանոններ, օրինակ` Առաքելական 34 և 85, Լավոդիկեի 365 թ., Դվինի 554 թ. Ժողովների կանոնները, ինչպես նաև Հովհան Օձեցի Իմաստասեր կաթողիկոսի հաստատած կանոնները:
ՏՈՆ ՀՐԱՇԱՓԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
.<< Զի խնդրէք զկենդանին ընդ մեռեալս. չէ աստ, այլ յարեաւ>> (Ղուկ. 24:5-6):
<<Ես իսկ եմ յարութիւն եվ կեանք, որ հավատայ յիս, թէպէտ եւ մեռանի կեցցէ>> (Հովհ. 11:25):
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ պատրաստվում է նշելու Սուրբ Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը, որը մեր եկեղեցում հինգ տաղավար տոներից ամենամեծն ու ամենասիրվածն է. արդեն երկու հազարամյակ է անցել Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից, և Հայ առաքելադիր Եկեղեցին ամեն անգամ նույն ոգևորությամբ և անսասան հավատքով է տոնախմբում այն, քանզի Տիրոջ Հարության տոնն այլ բան չէ, քան ճշմարտության հաղթանակ և կեղծիքի պարտություն: Հարության տոնը, շարժական լինելով, միշտ նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Այսպիսով, այն տեղաշարժվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում` ըստ այդմ էլ մակնակետ դառնալով մեր տոնացույցի մյուս շարժական տոների համար: 
Հարության հետ զուգահեռ օգտագործվում է նաև<<Զատիկ>>բառը:<<Զատիկը>>հայկական բառ է և ունի տարբեր ստուգաբանություններ:<<Զատիկ>>նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջանական իմաստով վերադարձ առ Աստված: Հիսուսի Հարությունը առհավատչյան է այդ վերադարձի և այն Նոր Արարչագործության, որը սկզբնավորեց Նրա մարդեղությամբ և հին մահակիր կյանքի նորոգության տնօրինագործ հանգրվաններով իրականացավ խաչի վրա:
Հիսուսին` Նոր Ադամի հարությունը մի գերբնական և գերբնական իրագործում էր, որն իսպառ քանդեց մահվան կապանքները, և Հին Ադամը` մարդը, որն իր սրտում հարատև կրում էր կորուսյալ Դրախտի անանց կարոտը, վերստին արժանացավ Աստծո հետ հավիտենական կյանք ունենալու իր կոչմանը: Հիսուս Քրիստոսի արյան և մարմնի պատարագմամբ մաքրագործվեց եղծված աշխարհը, Նրա մահվամբ ավերվեցին դժոխքի դռները և մահը` հին կյանքի անգութ ուղեկիցը, պարտվեց Խաչյալի ոտքերի տակ. կատարվեց Հարության անմեկնելի հրաշքը, որը և մանրամասնորեն ներկայացված է չորս ավետարաններում:
Ուրբաթ երեկոյան, երբ Քրիստոսի մարմինը դրվեց գերեզման, խավարն արդեն տիրապետող էր դարձել: Խավար էր նաև մարդկանց հոգիներում` Քրիստոսի աշակերտների և հետևորդների, ովքեր տրտում և հուսաբեկ, շփոթված և իրարամերժ զգացումներով ցրվել էին: Բայց ահա երկնքի հիմքերը սասանվեցին, տիեզերքի անսահմանությունները ողողվեցին լույսով, շարականագիրն է գրում.<<Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երրեակ լուսովն եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան յարուցեալն ի մեռելոց Քրիստոս>>: Տիրոջ Հարության ավետիսով ցնծացին բոլոր երկնային դասերը. կատարվեց այն, ինչ որ պիտի լիներ: Բայց մինչ հարություն առնելը Աստծո Որդին հոգ տարավ բանտարկված հոգիների ազատության համար: Մահանալուց հետո Հիսուս հոգով իջավ դժոխք.<<Ի յահէ փառաց Նորա կործանեցաւ յանդունդս երկրի՚: Երեք օր հոգիներին քարոզելով աստվածային ճշմարտությունը` Իրեն հավատացողներին երկինք բարձրացրեց :
Առավոտ էր, պայծառ արևածագ. յուղաբեր կանայք շտապում էին դեպի Հիսուսի գերեզման` օծելու Տիրոջ մարմինը և ճանապարհին խորհում էին, թէ ինչպե’ս պիտի գլորեին գերեզմանի քարը: Սակայն նրանց մտորումը ցրվեց, երբ հասնելուն պես տեսան գերեզմանի քարը մի կողմ շրջված: Արդյոք ո±վ էր գլորել այն և ի±նչ էր կատարվել այնտեղ, ոչ ոք չգիտեր: Եվ քիչ հետո նրանց կասկածները փարատվեցին լուսավոր զգեստներով հրեշտակի կողմից ազդարարվող մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսով.<<Զի± խնդրէք զկենդանին ընդ մեռեալս. չէ աստ, այլ յարեաւ>>(Ղուկ. 24:5-6): Այս տողերի մեջ է հաստատվում հավատքի այն գերագույն ճշմարտությունը, որ Քրիստոսի Հարությունը մարդկության առջև բացում է նոր կյանքի ճանապարհ. ճանապարհ, որով քայլողը պիտի հետևի Քրիստոսին և Նրա վարդապետությանը, չարչարակից պիտի դառնա Քրիստոսին և Նրա Հարությունը պիտի դարձնի նաև իր մեջ խմորող հոգևոր վերածնունդ: Տիրոջ հարության ավետիսը ստանալով` կանայք շտապեցին այդ ուրախալի լուրը հայտնել առաքյալներին: Բայց երբ կանայք հայտնեցին նրանց, որ գերեզմանը թափուր են գտել, իսկ վերադարձին տեսել են Վարդապետին, շոշափել Նրա մարմինը, աշակերտները չհավատացին: Եվ յուղաբեր կանայք հանդիսացան Քրիստոսի հարության բարի լուրն ավետողները` խավարի մեջ գտնվող մարդկանց իմանալի լույսով առաջինը լուսավորողներից:
ՙԵս իսկ եմ յարութիւն եվ կեանք, որ հավատայ յիս, թէպէտ եւ մեռանի կեցցէ>>(Հովհ. 11:25): Փրկչի այս խոստումով տոգորված և Նրա Հարությամբ ոգեշնչված է, որ իրենց Վարդապետի մահվանից բարոյալքված, գրեթե ցրված մի խումբ առաքյալներ անխորտակելի վճռականությամբ ելան` ի լուր աշխարհի քարոզելու Նրա ավետարանը: Եվ հենց առաքյալներն էլ հաստատեցին Փրկչի Հարության հիշատակն անմար պահող և մարդու փրկության ավետիսը հռչակող Սուրբ Զատիկը, որն ըստ ամենայնի յուրացվեց և հոգեհարազատ դարձավ Խաչյալ և Հարուցյալ Փրկչին մեծապես հետևող մեր ժողովրդի համար:
Քրիստոսի գերեզմանից ճառագող լույսն այսօր մեզ առաջնորդում է հավիտենություն` մեր սրտերի վրայից գլորելով մեղքի քարը, այրելով այնտեղ կուտակված ախտերը` մեր հոգիները վերածելով երկնային հրաշակերտ տաճարների: Հիսուսի հրաշափառ Հարությունն այսօր որպես լուսավոր փարոս մեր ընթացքն ուղղում է Տիրոջ ոտնահետքերով`<<Ես եմ լոյս աշխարհի, որ գայ զկնի իմ` ընդ խաւար մի գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց՚(Հովհ.8:12):
Զատկից առաջ Եկեղեցու վարդապետների կանոններով հաստատված Քառասնօրյա պահքն ու Ավագ Շաբաթը լավագույն միջոցն են մեր հավատացյալ ժողովրդին հոգեպես և մարմնապես պատրաստելու Սուրբ Հարությունը արժանավորապես դիմավորելու համար: Զատկի նախորդ երեկոյան ` Ճրագալույցի խթումի նավակատյաց ընթրիքին Մեծ պահքը մեղմանում է ձկնեղենով, կաթնեղենով և ձվով:
Ավանդաբար զատկական սեղանների զարդն է համարվում կարմիր ներկած և եկեղեցում օրհնված ձուն, որն ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու խորհրդանշում է աշխարհը.<<Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, և սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է՚: Կարմիր ներկված ձվեր միմյանց նվիրելը Զատկի տոնի սովորույթներից է: Ձուն խորհրդանշում է նոր կյանքի սկզբնավորումը, իսկ կարմիր գույնը` Քրիստոսի կենդանարար արյունը:
Հիսուս Քրիստոսի Հարությունն առանցքն ու հիմքն հանդիսացավ քրիստոնեական հավատքի և վարդապետության: Հիշե’նք Պողոս առաքյալի խոսքերը.<<Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ` ընդունայն է քարոզութիւնն մեր, ընդունայն են եւ հաւատքն ձեր>>(Ա Կորթն. 15:14): Մահվամբ մահը հաղթաց Քրիստոսի կենսագործող լուսափայլ Հարության շունչն վերստին խնկում է ողջ տիեզերքը` բոլորին պարգևելով կյանքն ապրելու քրիստոնեական սեր, մահվանից չսոսկալու հավատք և անմահությանը ձգտող բույս:
Չգոյությունից դեպի Գոյություն, անցողիկից դեպի Հավիտենականություն, դեպի Կյանք ու Լույս. սա է Հիսուսի Հարության անպարագիծ խորհուրդը:
Արդ, թող հարուցյալ Աստված Իր բնական հոտին, ի մասնավորի հայ հավատավոր ժողովրդին, որ տարբեր ժամանակներում խաչակից ու չարչարակից է եղել Իրեն, այսօր Իր Հարությանը մասնակից ու փառակից դարձնի` երկնային զորքերի հետ միասին տոնախմբելու ու ասելու.<<Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚:
Քրիստոնեության ամենամեծ տոնն է Զատիկը: Դարեր են անցել Քրիստոսի Հա- րության մեծահրաշ իրողությունից և այդ իրողությունը դեռ չի դադարել հրաշք լինելուց:
Քրիստոնյայի հավատքը շատ խոր ու մաքուր պետք է լինի, որպեսզի կարողանա ըմբռնել ու հասկանալ հարության իմաստն այնպես` ինչպես Պողոս առաքյալը հասկացավ ու քարոզեց, ինչպես հասկացան առաջին քրիստոնյաները, Հիսուսի բոլոր ճշմարիտ աշակերտները:
Սուրբ Հարության տոնը` Զատիկը, գերազանցապես մարդկության հոգևոր և բարոյական վերածնության տոնն է: Զատիկը հավիտենական գարնան և հավերժական կյանքի տոն է: Մահվան ու չարիքի դեմ Քրիստոսի հաղթանակով ամեն տարի վերստին լուսավորվում է մարդկային կյանքի ճանապարհը: Ինչպես ամեն գարուն մի հրավեր է, որ նոր լույսով, նոր ջերմությամբ կրկին ծլեն ու ծաղկեն մայր բնության դաշտերն ու հովիտները, այնպես էլ Սուրբ Հարության ավետիսը մի ոգեղեն հրավեր է ուղղված մարդկային աշխարհին` հոգեպես վերանորոգվելու, պայծառանալու և ուրախանալու` կյանքի ու արդարության ուժերի հաղթությամբ ընդդեմ մահվան ու չարիքի: Դարեր շարունակ մահը, որպես անպարտելի բռնավոր, անխնա հալածել է մարդկությանը, ծանր մղձավանջի նման ճնշել աշխարհի ուժերի վրա, տիրել մարդկային մտքին ու զգացմունքներին: Մարդը միշտ թույլ և անզոր է զգացել իրեն մահվան առաջ:
Հիսուսի Հարությունը հաղթանակ է մահվան նկատմամբ, քանզի մինչ Քրիստոսի Հարությունը մարդը միշտ ահ ու դողով է մոտեցել մահվան, այն դիտելով չարիքների մեծագույն չարիքը, որ իրարից բաժանել է սիրելիներին, գերեզման է տարել թույլին ու զորավորին, աղքատին ու հարուստին, ստրուկին ու թագավորին:
Քրիստոսի Հարությունը հիմնովին հեղաշրջեց մարդկության պատմությունը, նոր իմաստ ու նոր ընթացք տվեց նրան: Այն նոր շնչով վերանորոգեց մարդկանց և ժողովուրդների հոգիները, լուսավորեց դրանք, լցրեց նոր ուժերով ու շնորհներով, մարդկության առջև բարոյական բարձր ըմբռնումների և ստեղծագործ կյանքի ճանապարհ բացեց: Քրիստոսի Հարության ավետիքով ուղեկորույս մարդկությունը վերագտավ իր փրկության ճանհապարհը: Գերեզմանը քրիստոնյա մարդու համար ունայնության փոս չէ այլևս, այլ նոր, հավերժական կյանքի նախադուռ:
Ինչպիսին էլ փորձենք բացատրել Հիսուսի Հարությունը` իրողությունն այն է, որ առանց հարության և առանց հարության հավատքի չէր լինի ինքը` քրիստոնեությունը: Հենց հարության գաղափարի մեջ է քրիստոնեության հաղթահարության գաղտնիքը: Քանզի Քրիստոսի Հարությունը հուսահատ ու ընկճված մարդուն ապրելու ուժ և զորություն հաղորդեց:
Առաքյալների և առաջին քրիստոնյաների քրոզության և վկայության գլխավոր նյութն էր Քրիստոսի Հարությունը: Առաքյալ, ավետարանիչ, և քրիստոնյա լինել նշանակում էր վկա լինել Փրկչի Հարությանը.<<Պետք է, որ մեզ հետ վկա լինի Նրա Հարությանը>>(Գործ 1:22):
Քրիստոսի Հարությունից քսան դար հետո ևս, ամեն Զատկի առավոտ, նորից մեր դեմ է կանգնում հարուցյալ Փրկիչը, որպես ուրախության աղբյուր, ճշմարտության քարոզ, հավերժական կյանքի հրավեր:
Այսօր Զատկի ավետիսը մեզ համար նվիրական հրավեր է հաստատ մնալու մեր նախնյաց հավատքի վեմի վրա:
Հայ ժողովուրդն աշխարհի առաջին ազգերից էր, որ հավատաց ու իր կյանքով վկայեց Քրիստոսի Հարությունը: Հայ ժողովուրդը Հիսուսի նման չարչարվել է խաչը ուսին, բայց երբեք չի ուրացել իր հավատը, երբեք չի կորցրել իր հարության, իր փրկության հույսը: Տառապանքի ու նեղության ամենադառն օրերին հայը կենդանի պահեց հարության հավատը և այդ հավատո’վ ապրեց մինչև մեր օրերը. վկա այն ազգերն ու ժողովուրդները, որ մեզանից մեծաթիվ ու զորեղ են եղել, բայց անհետացել են:
Հիսուսի հարության հավատով մեր Մայր Եկեղեցին դարձավ հարության եկեղեցի, մեր ժողովուրդը` հարության ժողովուրդ: Մեր նախնիները հավատացին, թե կենդանի է Քրիստոս և իրենք էլ կենդանի են լինելու: Նրանք այս անցավոր կյանքն ապրեցին հարության հույսով: Մեզ չեն կարողացել գերեզմանել ոչ ժամանակը, ոչ արհավիրքները և ոչ էլ մեր թշնամիները: Ժողովուրդները չեն մեռնի, եթե անձնասպան չլինեն: Մեր ներկա թշվառությունները, ներկայիս մղձավանջային վիճակը հենց Հարության հավատքի բացակայության արդյունք են:
Եվ միայն Հարության հույսը, Հարության զորությունը կարող է վերածնել մեզ այսօրվա վերքերից և հուսահատություններից, ինչպես անցյալում է եղել:
Նայեցեք Հիսուսի դատարկ գերեզմանին և հավատացեք հարության հրաշքին:
Դուք, սիրելի հայորդիներ, որպեսզի չշփոթվեք ու չմոլորվեք կորստյան ճամփաներում, ձեր հայացքն ուղղեք դեպի անցյալը մեր ազգի և մեր եկեղեցու, սովորեք ճանաչել ու հասկանալ մեր մեծագույն հայրապետների, մեր սուրբ հանճարների ոգին: Այս կերպ դուք պիտի ճանաչեք ու հասկանաք ձեր իսկ հոգին, ձեր գոյության իմաստը և ձեր կոչումն այս աշխարհի վրա:
Քրիստոսի հրաշափառ հարությունը յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար մի գեղեցիկ առիթ է վերանորոգվելու և ուխտելու:
Ուխտենք հավատարիմ մնալ մեր հայրերի դավանած հավատքին, և որ հարության տոնախմբությունը լոկ խոսքերով չլինի, այլ սրտի ու հոգու իրական ապրումներով և որ այն լույս սփռի մեր կյանքի և գործի վրա:
Մոտենում է Զատիկը թարգմանությունն է հրեական պասխա բառի, որը նույնությամբ պահպանվել է նաև հունարեն Ս. Գրքում, որ թարգմանաբար նշա- նակում է`<<մահը կողքով անցավ՚: Մենք մտովի մտաբերում ենք Եգիպտոսի գերությունից ազատելու Իր ժողովրդին, և պատվիրեց, որ նրանք իրենց տներում գառ մորթեն և գառան արյունից խաչաձև քսեն իրենց դռների վրա, որովհետև գիշերը Տիրոջ հրեշտակը պիտի գար և սպաներ բոլոր անդրանիկ զավակներին, սակայն արյան նշանով նա պիտի պահպաներ, նա պիտի երկարացներ կյանքը հրեա ժողովրդի անդրանիկների, և այսպիսով Զատկի շնորհիվ հրեա ժողովրդի անդրանիկների, և այսպիսով Զատկի շնորհիվ հրեա ժողովրդի անդրանիկները փրկեցին իրենց կյանքը:
Այդ փրկությունը, սակայն, ժամանակավոր մի տևողություն ուներ: Քրիստոս Իր գալստյամբ, Իր խաչելիությամբ իր արյունը թափեց, Իր արյամբ դրոշմեց մեր բոլորի սրտերը, մտքերը և հոգիները, և Քրիստոսի արյունով մահը մեր կողքով անցավ: Մեր մեջ ապրում էր առաջին մարդը, որ դրախտում անհնազանդ գտնվեց Աստծո առաջ և դատապարտվեց մահվան: Քրիստոսի խաչելությամբ և Քրիստոսի արյան շնորհիվ մենք հարություն առանք և արժանացանք հավիտենական կյանքին: Ահա թե ինչու, սիրելի հավատացյալներ, ես ասացի, որ այսօր ոչ միայն Քրիստոսի Հարության տոնն է, ալյև մեզանից ամեն մեկի հարության տոնը:
Յուղաբեր կանայք, որոնք եկել էին Քրիստոսի գերեզման` օծելու Փրկչի մարմինը յուղով, կնդրուկով և անուշահոտ յուղերով, երբ ականատես եղան Քրիստոսի Հրաշափառ Հարությանը, շտապեցին առաքյալների մոտ` ավետելու նրանց Քրիստոսի Հարության լուրը: Առաքյալները, կես շփոթված, կես զարմացած, կարծեք իրենց գլուխները կորցրած, սակայն ոչ երբեք հիասթափված, հավաքված մտածում էին, թե այս ինչ եղավ. իրենց Տերը` Վարդապետը, որ հարություն տվեց Ղազարոսին և ուրիշ մարդկանց, որ բժշկություններ կատարեց, որ կարողացավ իրեն ենթարկել բնության տարրերը` խաչվեց, մահացավ, թաղվեց և չկարողացավ իրեն օգնել:
Այսպիսի մտածումներ էին անցնում առաքյալների մտքով, սակայն նրանց հոգում հաստատ էր համոզումը, որ այդ բոլորը ժամանակավոր մի երևույթ էր, ինչպես Պետրոս առաքյալն ասաց.<<Տե’ր, ես մինչև վերջ պիտի գամ Քո ետևից՚, սակայն նա չդիմացավ փորձությանը և երեք անգամ, նախքան աքաղաղի կանչելը, ուրացավ Քրիստոսին: Այդ նույն Պետրոս առաքյալի մեջ կար անսասան հավատը Քրիստոսի նկատմանբ, և այդ հավատի վրա է, որ Քրիստոս Իր Եկեղեցին կառուցեց, ինչպես անապատում հրեաները, երբ մի պահ կասկածեցին Աստուծո հզորության վրա, երբ մի պահ կարծեք մոլորվեցին և ոսկե հորթ կանգնեցրեցին իբրև իրենց պաշտամունքի առարկա:
Աստված նրանց որպես պատիժ ուղարկեց օձերին, և այն ժամանակ Մովսեսը խորհրդանշաբար խաչի վրա կանգնեցրեց պղնձե օձը, որին նայելով փրկվեցին օձից բոլոր խայթվածները, այնպես էլ կանգնեցվեց Քրիստոսի խաչը, որպեսզի հետայսու մենք բոլորս` Քրիստոսին հավատացող բոլոր հավատացյալներս, ովքեր որ ինչ-ինչ պայմաններում երբևէ կարող ենք սասանվել, երբևէ կարող ենք շփոթվել, երբեք իրավունք չունենանք հիասթափվելու, որովհետև մենք ունենք Ս. Խաչը որին նայելով պետք է հիշենք Քրիստոսի թափած արյունը և այդ արյամբ նորից հարություն պիտի առնենք:
Սիրելի հավատացյալ ժողովուրդ, երբ անցնի Մեծ Պահքի շրջանը, կանցնի Ավագ Շաբաթը: Շատերդ կգնաք եկեղեցի, որպեսզի Ս. Հաղորդություն առնենք, որպեսզի ճաշակենք Քրիստոսի արյունը և Քրիստոսի մարմինը: Ձեզանից ոմանք կարողացել են ամբողջ Մեծ Պահքի ընթացքում պաս պահել, ոմանք ցանկացել են դա անել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել այդ անել, այլ պահել եք մեկ շաբաթ կամ մի քիչ ավելի, կամ մի քիչ պակաս: Ուրիշներ դարձյալ ցանկանալով պաս պահել, սակայն դարձյալ ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել այդ անել, սակայն այսօր ծոմ են պահել և եկել են եկեղեցի` խոստովանել, իրենց մեղքերը հայտնել Աստծուն` ցանկանալով հաղորդվել Քրիստոսի մարմնին և այրանը:
Այս պահին ես ցանկանում եմ հիշել Քրիստոսի առակներից մեկը, թե ինչպես մի գործատեր դուրս եկավ առավոտյան և բանվորներ բերեց իր հողամասի վրա աշխատելու և նրանց խոստացավ, որ կվճարի մեկ օրվա համար մեկ մնաս: Երեք ժամ հետո նա գնաց, նորից բանվորներ բերեց: Նա նրանց նույնպես խոստացավ վճարել մեկ մնաս: Անցավ երեք ժամ, նորից բանվորներ բերեց` դարձյալ մեկական մնաս վճարելու պայմանով: Եվ երբ մնացել էր աշխատանքային օրվան մեկ ժամ, դարձյալ բերեց բանվորների և այդ բոլորին հավասար մեկ մնաս վճարեց: Նույն է պարագան այսօր ձեզ համար: Նրանք, ովքեր կպահեն պասը բոլոր օրերին, լիիրավ կարժանանան Քրիստոսի մարմնի և արյան հաղորդմանը, իսկ նրանք, ովքեր կպահեն շատ ավելի նվազ կամ ընդամենը մեկ օր ծոմ են, նրանք կվաստակեն այն, ինչ որ արժանի են վաստակելու: իսկ այն մյուս, մասը որ չեն վաստակել, այդ օրը մեր տեր Քրիստոս ըստ արժանավույն պիտի հատուցի ձեզ: Այնպես որ, սիրելի հավատացյալներ,սուրբ Զատկի օրը երբ դուք հոգեպես հարություն առել, մի’ վարանեք, և բոլորդ կմոտենաք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնին և արյանը, որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն:
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Սիրելիներս ըմբռնելով այս ամենը պետք է գիտակցենք, որ քրիստոնեական տոների շարքում կարևոր և առանցքային են Ս. Ծննդյան և Ս. Հարության տոները, որոնք մեզ են ավանդվել դեռևս առաքելական ժամանակներից:
Քանզի Քրիստոսի հրաշափառ Հարությունը մարդկության պատմության ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է:
Քրիստոսի Հարությունը մանրամասն նկարագրված է չորս Ավետարաններում (Մատթ., ԻԸ, 1-20, Մարկ., ԺԶ, 1-18, Ղուկ., ԻԴ, 1-49,

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել