600x400xcabinet-meeting-government-session.jpg.pagespeed.ic.RmMJxQWXoqԻրանի և Արևմուտքի միջև կարծես սառույցը հալվում է, մեր հարևանն ու պոտենցիալ դաշնակիցը, ում տարիներ շարունակ մեզ ստիպել են արհամարհել, դուրս է գալիս տնտեսական շրջափակումից, տնտեսությունը գտնվում է ողբալի վիճակում, ԵՏՄ-ում մեզ շարունակում են արհամարհել և նույնիսկ ձևական չեն հրավիրում նախագահների հանդիպումներին, սահմանին շարունակում են զոհվել մեր երիտասարդները, մեր «դաշնակիցը» զինում է մեր թշնամուն,  իսկ ի՞նչ է անում/քննարկում մեր կառավարությունն այս իրավիճակում:

Մի քանի օր շարունակ մեր Կառավարությունը քննարկում էր մի դարակազմիկ հարց. աշխատե՞լ այս մեռելոցին, թե՝ ոչ: Այնքան կարևոր քննարկում էր, որ դրան հրավիրվել էր նույնիսկ եկեղեցական՝ հեղինակավոր կարծիք հայտնելու համար: Ի վերջո, Կառավարությունը որոշեց, որ հերթական անգամ ՀՀ քաղաքացիների նորմալ աշխատանքային գրաֆիկը պետք է խախտվի, որպեսզի անդրշիրիմյան աշխարհի հետ շփմանը խոչընդոտներ չլինեն:

Հաջորդ դարակազմիկ որոշումն այն էր, որ «Հանրապետության թիվ մեկ չարիքի» փեսան պետք է նշանակվի Կոտայքի մարզպետ՝ ճանապարհ բացելով սահմռկեցուցիչ մականունով մի քաղաքացու՝ Աբովյանի քաղաքապետ դառնալու նկրտումներին:

Այսքանից հետո արի ու մի լա ու խնդա մարդկային կապիտալի գնահատման ու Սինգապուրյան հրաշքի մասին լոլոներ կարդացող մեր իշխանավորների վրա: Անկեղծ եմ ասում, անձամբ չեմ ճանաչում Կոտայքի նորանշանակ մարզպետին և ոչ էլ Աբովյան քաղաքի քաղաքապետի ամենահավանական թեկնածուին: Հնարավոր է՝ իրականում նրանք հիանալի անձնավորություններ են, սակայն նրանց կենսագրականը, աշխարհայացքը, մեղմ ասած, մտածելու տեղիք են տալիս ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու հարցում: Մի՞թե մեր երկրում չկան դրսում կրթություն ստացած և պոտենցիալով լի երիտասարդ մասնագետներ, ում կարելի էր տալ մարզպետի պաշտոն՝ նրանց առաջ մարզերում արտասահմանյան ներդրումներ ներգրավելու, աշխատատեղեր ստեղծելու, սոցիալ տնտեսական իրավիճակը մեղմելու պլան սահմանելով, որի չկատարման դեպքում վերջիններս կազատվեին պաշտոններից: Մի՞թե մեր փոքրիկ երկրին պետք չեն լավ մենեջերներ այս պահին: Կարծես թե ոչ, քանի որ դիտարկելով ներկայիս մարզպետների ցանկը՝ պարզ է դառնում, որ մեզ պետք են միայն ընտրություններին լավ տասովկա անող, «կռիշ կանգնող» տղաներ: Բոլորն էլ կամ հին սովետական դպրոցներն անցած չինովնիկներ են, կամ սրա-նրա բարեկամները, կամ իրավապահ համակարգից (որոշ դեպքերում էլ կրիմինալ տարրեր):

Քանի դեռ Հայաստանի կառավարումն իրականացվում է նման կատեգորիայի և աշխարհահայացքի անձանց/կառավարության կողմից,  հարգելիներս, միամիտ է սպասել որևէ դրական փոփոխության: Սթափվել է պետք, պարոնայք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել