Վաղը՝ ապրիլի 5-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։

Այս մասին զրույցում ասել է Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և նշել, որ Զատիկ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում։

«Տոնը սկիզբ է առել հրեաների կողմից, որի ժամանակ, ըստ քրիստոնեական դավանանքի, առաջին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը»,-ասել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և հավելել, որ քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։

Հոգևոր հովվի խոսքով՝ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

«Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։

Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը»,-ասաց Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։

Անդրադառնալով ներկված հավկիթների ավանդույթներին՝ հոգևոր հովիվը նշել է. «Հայկական ավանդույթում հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում, և ուտում են կոտրված հավկիթը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել