«Միսս Հայաստան 2003» և «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը մայրանալուց հետո վերականգնել է կազմվածքն ու վերադարձել պոդիում։ «Kiev Fashion Week»-ի շրջանակներում դիզայներ Վահան Խաչատրյանի ներկայացրած «Հայաստանի Գանձերը» հավաքածուի ցուցադրության ժամանակ Լուսինեն ներկայացրել է վերջին զգեստը։
BlogNews.am-ի հետ զրույցում Լուսինեն հայտնեց, որ սա իր ու Արիանայի առաջին բաժանումն էր։ «Ընդամենը 3 օրով էի մեկնել Հայաստանից, երևի թե, դրա համար այդքան էլ բարդ չէր բաժանումը, սակայն այդ միտքն ամեն դեպքում տանջում էր ինձ։ Մենք բախտավոր մարդիկ ենք, որ ունենք սկայպ։ Այդ առումով ավելի հեշտ էր. անմիջական կապ էի պահում»,- ասաց Լուսինեն, ով դստեր խնամքը վստահել էր ամուսնուն, մայրիկին, քույրիկին ու դայակին։
Լուսինեն նշեց, որ առայժմ չի ցանկանում վերադառնալ խիստ աշխատանքային գրաֆիկի, որովհետև աղջիկն ամեն օր է մեծանում։ «Շատ արագ է անցնում այս փուլը, և աշխատում եմ օրս նրա հետ անցկացնել։ Երբեմն, եթե լինում են աշխատանքային հետաքրքիր առաջարկներ, ընդունում եմ, սակայն խիստ աշխատանքային գրաֆիկի անցնել չեմ ուզում»,- նշեց նա։
Ըստ մայրիկի՝ իր կյանքում ամեն բան փոխվել է դստեր ծննդից հետո։ «Փոխվել է թե՛ մտածելակերպս, թե՛ առօրյա կյանքս, թե՛ զգացմունքայնությունս։ Համենայն դեպս՝ ո՛չ ես եմ առաջվա Լուսինեն, ո՛չ Արթուրն է առաջվա Արթուրը։ Առաջ ես ավելի շատ ժամանակ հենց ինձ էի տրամադրում, ավելի շատ մտածում էի իմ ապագա քայլերի, աշխատանքի մասին, իսկ հիմա այդ ամենը փոխվում է, երեխայի խնամքը դառնում է ավելի հաճելի»,- նկատեց Լուսինեն։
Անդրադառնալով կազմվածքի արագ վերականգնմանը՝ մանեքենուհին ասաց, որ այդ առումով խնդիր չի ունեցել։ «Հատուկ միջոցների չեմ դիմել, կազմվածքս ինքնըստինքյան վերականգնվեց։ Գիտեի, որ կազմվածքս արագ է վերականգնվում, դրա համար հանգիստ էի, թե չէ կհաճախեի մարզասրահներ, կդիմեի հատուկ միջոցների»,- ասաց նա։
Ամալյա Հովհաննիսյան