Ապրիլի 24-ին մնացել է 20 օր։ Կարծում եմ՝ դեռ ուշ չի, որպեսզի մի քիչ ցենզուրա կիրառվի Ցեղասպանության հիշատակման օրվա հետ առնչվող բոլոր միջոցառումների և ակցիաների հետ կապված՝ սկսած երգիչ-երգչուհիների կողմից թողարկվող «հիշատակի» երգերի, դպրոցական հանդեսների, ինչու չէ՝ նաև պետական միջոցառումների հանդեպ։ Ախր սա այն օրը չէ, որ ով ինչ մտքին փչի՝ անի, երգի, արտասանի։ Շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այսօր ձեր թողարկած յուրաքանչյուր երգ ու տեսահոլովակ, որն առնչություն ունի թեմայի հետ, պետք է ծանրակշիռ ու ազդեցիկ լինի, այլ ոչ թե զզվանք ու հիասթափություն առաջացնի ունկնդրի մոտ։ Ոչ ոք ձեզ չի մեղադրի, որ ոչ մի երգ չնվիրեք եղեռնի 100-ամյա տարելիցին, եթե նվիրելուց դա անելու եք «գալչկայի» կամ փիառվելու համար։ Գուցե ավելի լավ է ոմանք լռեն, քան, իրար հերթ չտալով, ոչինչ չարտահայտող տեքստերով ու նկարների շարաններով, մոմերով ու դուդուկով, Արարատով ու թուր-թվանքով տեսահոլովակներ նկարեն։ Սա անմոռուկային շոուից ավելի տգեղ է դիտվում։ 
Կարծում եմ, որ հենց Հ. Հակոբյանի նկարած ֆիլմը պետք է լիներ ազդակ, որպեսզի գոնե մի հանձնաժողով ձևավորվեր, որը հստակ ռազմավարությամբ թույլ տար կամ չտար նմանատիպ արտահայտչաձևերի դրսևորումները։ Սա դեմոկրատիայի հետ ոչ մի կապ չունի։ Չի կարելի թույլ տալ, որ ում մտքին ինչ փչի՝ տարածվի այս օրերի ընթացքում։
Չնայած գուցե արդեն ուշ է, բայց վստահ եմ, որ որոշ «վայ» հայրենասերամոլների ցածրակարգ արտադրանքները (էական չի ինչ տիպի), որ աղավաղում են իրական գաղափարը, արգելվեն շրջանառության մեջ դնել։ Սա անգամ ճաշակի խնդիր չէ, սա զսպվածության խնդիր է։ Հաճախ լռելը շատ ավելի մեծ հարգանք է պարունակում իր մեջ, քան անիմաստ, առավել ևս խանգարող բարձրաձայնումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել