Շատերն արդեն մի քանի շաբաթ է՝ գանգատվում են այն խայտառակ իրավիճակից, որն ստեղծվել է անմոռուկների շուրջ։ Շուկան հեղեղել են տարատեսակ ապրանքներ, որոնք այսպես թե այնպես կապված են անմոռուկների հետ. տորթեր, շապիկներ, դպրոցի պատեր, տաքսիներ, դաջվածքներ և այլն...

Ո՞վ է մեղավոր ստեղծված քաոսի ու անճաշակության մեջ՝ անմոռուկներն արտադրողնե՞րը, ովքեր պատրաստում են դրանք, վաճառականնե՞րը, ովքեր վաճառում են դրանք, թե՞ մարդիկ, ովքեր իրենց ճաշակի ու զարգացվածության աստիճանին համապատասխան՝ ձեռք են բերում դրանք։

Կարծում եմ, որ ամենամեծ մեղքն այս ամենում Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ու կոնկրետ անմոռուկային հարցերով պատասխանատուներինն է, ովքեր սկզբում մեծ աժիոտաժ ստեղծեցին, հետո հայտարարեցին, որ ապրիլի սկզբից անմոռուկները կլինեն հանրախանութներում ու բանուկ կրպակներում և նույնիսկ անվճար կլինեն, իսկ սայլը մինչ օրս էլ տեղում է։

Տնտեսագիտական լեզվով ասած՝ ստեղծեցին մեծ պահանջարկ և չապահովեցին այն առաջարկով, իսկ երբ կա պահանջարկ, ու այդ պահանջարկը ստեղծողն այն առաջարկով չի ապահովում, դա անում են ուրիշները։ Ընդ որում, կրկին իրենց ճաշակի ու զարգացման աստիճանի ներածի չափով, իսկ քանի որ շատերի մոտ ճաշակն անմոռուկով տորթերն ու մայկաները հիանալի է համարում, տեսնում ենք նման բաներ։

Հարգելի կազմակերպիչներ ջան, եթե ինչ-որ բան եք խոստանում, ապա բարի եղեք ձեր խոստումը պահել։ Եթե ձեզ վստահվել է այս կարևոր ու խիստ զգայուն հարցը, ապա բարի եղեք ու լրջորեն դրան մոտեցեք, որպեսզի այսպիսի քաոս ու անճաշակություն չստեղծվի, թե չէ նման իմիջիայլոց մոտեցումով Ցեղասպանության հիշատակում չեն անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել