Հաղորդավարուհի Աննա Գևորգյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, քանի որ դասավորել է անձնական կյանքը. ամուսնացել է, բալիկ ունեցել ու արդեն սպասում է երկրորդ երեխայի ծննդին։

Աննայի առաջնեկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում, քանի որ ամուսնու՝ Վլադի հետ տեղափոխվել էին ԱՄՆ։ Վերջերս զույգը վերադարձել է Հայաստան։ «Երբ մեկնեցինք ԱՄՆ, չգիտեինք, թե ինչքան ժամանակ կմնանք այնտեղ. ուզում էինք տեսնել՝ ինչպես կհարմարվենք, սակայն երեխայի ծննդից հետո մեզ համար դժվար էր մենակ։ Այնտեղ ոչ ոք չունեինք՝ ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, ո՛չ ծնողներ, ամուսիս էլ զբաղված էր, ու ես դժվարանում էի։ Որոշեցինք վերադառնալ Հայաստան՝ հետո նորից մեկնելու մտադրությամբ»,- BlogNews.am-ին պատմեց  հաղորդավարուհին։ Նրա խոսքով՝ դեռևս չգիտի, թե հետագայում ինչպես կդասավորվեն անելիքները, սակայն նախնական ծրագրերով՝ ամուսինն առաջիկայում կմեկնի ԱՄՆ, իսկ ինքն ու երեխաներն առայժմ կլինեն Հայաստանում։

Զույգի երկրորդ երեխայի ծնունդը նախատեսվում է հունիսի սկզբին։ Աննան նշեց, որ արդեն ճշտել են փոքրիկի սեռը. նրանք կրկին աղջիկ են ուննալու։ «Միշտ մտածել ենք, որ մի տղա, մի աղջիկ կունեանք։ Հիմա ամուսինս ևս մեկ երեխա է ուզում, որպեսզի տղա էլ ունենա»,- ասաց նա ու խոստովանեց, որ ինքը շատ ուրախ է, որ կրկին աղջիկ է ունենալու։

Զույգը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է անվանակոչելու երկրորդ բալիկին։ Նախապատրաստական աշխատանքներով էլ դեռ չեն զբաղվել, քանի որ ազատ ժամանակ չի ունենում։ «Ամբողջ ժամանակը տրամադրում եմ առաջին աղջկաս՝ Լեա Էվային»,- ասաց նա ու հավելեց, որ բավականին բարդ է հղիության ընթացքում 1 տարեկան երեխայի խնամելը։ «Նա դեռ չի քայլում, իսկ ինձ չի կարելի գրկել երեխային։ Բավականին դժվար է. ինչքան էլ տատիկներն օգնեն, միևնույն է, հոգսի մեծ մասը մոր վրա է»,- ասաց նա։

Անդրադառնալով աշխատանքի վերադառնալուն՝ Աննան ասաց, որ վաղ տարիքից է սկսել աշխատել, ու մեկ տարի չաշխատելը շատ ծանր է իր համար։ «Բալիկիս ծնվելուց հետո առաջին 2 ամիսների ընթացքում կսկսեմ աշխատել։ Երբ առաջնեկս ծնվեց, ու պատրաստ էի կրկին աշխատել, իմացա երկրորդ հղիությանս մասին և շարունակեցի դադարի մեջ մնա, բայց շատ եմ կարոտել աշխատանքային պրոցեսը»,- նշեց նա։ 29-ամյա հաղորդավարուհու կարծիքով՝ ինքն այլևս հետաքրքիր չի լինի «21TV»-ի լսարանի համար և աշխատանքի կվերադառնա այլ հեռուստաընկերությամբ։ ««Դար 21-ի հետ այլևս չեմ համագործակցի, որովհետև տարիքս արդեն մեծ է։ Կարգավիճակիս փոփոխությունը ևս ազդել է աշխարհայացքիս վրա»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում շատերը դուրս եկան «21TV»-ից, ոմանք՝ կոնֆլիկտով, հեռուստաընկերությունից իր դուրս գալն ինչպե՞ս ընդունվեց, արդյո՞ք եղել է կոնֆլիկտային ինչ-որ բան, որի պատճառով էլ չի ցանկանում վերադառնալ «21TV», նա պատասխանեց. «Ես «Դար 21»–ում աշխատել եմ 9 տարի, կարևոր չէ՝ ինչպես եմ դուրս եկել, չեմ ուզում խոսել դրա մասին, ինձ համար ավելի կարևոր է այն, որ ես կյանքիս զգալի մասը հարազատ ընտանիքի պես ապրել եմ նախկին աշխատակազմիս հետ և չեմ զգացել, որ աշխատանքի եմ գնում, դա իմ կյանքն էր՝ իմ երկրորդ տունը»։

Ըստ Աննայի՝ արդեն մի քանի տարի է՝ ցանկություն ունի աշխատել որպես լուրերի մեկնաբան։ «Սակայն աշխատանքային դադարից հետո հիմա զուտ կարոտել եմ աշխատանքս, միևնույն է՝ ինչ ձևաչափով»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ լսարանն իրեն ճանաչում էր որպես «Դար 21»-ի ժամանցային հաղորդումների դեմք, իր կարծիքով՝ իրեն կընդունե՞ն նոր ձևաչափով, հաղորդավարուհին պատասխանեց. «Երևի դա է պատճառը, որ մինչև հիմա դեռ ինձ չեմ փորձել այդ դերում։ Դա շատ կտրուկ փոփոխություն կլինի, ինչին նախկին գործունեությունս անշուշտ կխանգարի»։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել