Ժամանակն արագ սլանում է, իր հետ ամեն օր տանելով չիրականացված մի երազանք, կամ գուցե թողնում է մի չմաքրվող տառապանք: Կամ անվերադարձ տանում է հարազատ մեկին, ու բաժանում է իրար սիրող սրտեր: Ես չեմ հավատում այն ասացվածքին, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը: Ոչ, այն պարզապես նոր վերքեր պատճառելով թուլացնում է նախորդի ցավը, և այսպես ողջ կյանքի ընթացքում վազում ենք մենք ժամանակի, իսկ ժամանակը՝ մեր ետևից: Կուզեի խենթի նման մոռանալ առհասարակ ժամանակի մասին: Թող բոլոր եղանակները միայն ամառ լինեին՝սրտեր ջերմացնող ամառ: Եթե հարցնեին ինչ՞ օր է այսօր, թող որ թոթվեին ուսերս ու զարմացած պատասխանեի՝ չգիտեմ: 
Ատում եմ ժամանակը: ՈՒզում եմ ապրել առանց ինքս ինձ կաղապարելու, առանց շտապելու, առանց վախենալու չհասցնելուց և կորցնելուց: Վախենում եմ ես այդ հիմար «մնաս բարովներից»: Էլ ինչ՞ բարով, էլ ինչ՞ մնաս, երբ հեռանում ու իմ հոգին դառնությամբ ես լցնում: 
Ես չեմ կարող լսել, հասկանալ, քանզի չկա բարով, չկա մնաս, եթե գնում են, քեզ էլ են տանում: Տանում են ողջ էությունդ, և ուրեմն անիմաստ է բարիք մաղթել, կարելի է անվանել շատ հասարակ ու նուրբ, հուսադրող, կենտ մի բառով ցտեսություն, և ուրեմն ի տեսություն: Ատում եմ ժամանակը բաժանման, երբ շվարած կանգնում ես ու չգիտես՝ ինչ՞ ասես: Դեռ չհեռացած կարոտում ես, և ուզում ես վերադառնալ: Իսկ ժամանակը դաժան է, սպասել չի սիրում: Այն արագ ընթանում է, և նույնիսկ մտածել չի թողնում: Ով խելացի է և շուտ է կողմնորոշվում, կարողանում է օգուտ քաղել վազող ժամանակից: Հապաղելու դեպքում ստիպված ես անվերադարձ կորցնել շատ բաներ: Ժամանակը չի սիրում դանդաղաշարժ մարդկանց: 
Մի պահ մտածիր, թե ինչքան խոսքեր կան դեռ չասված, որոնք պարզապես պարտավոր ես ասելու: Գուցե ինչ-որ մեկը սպասում է, որ ասես «ես քեզ սիրում եմ »,կամ գուցե ինչ – որ մեկը սպասում է քո ներմանը կամ գուցե վերադարձին: Իսկ չես մտածել ներում խնդրել այն մարդուց ում նեղացրել ես անիմաստ տեղը: Գուցե ինչ–որ մի տեղ ինչ-որ մեկը քեզ է կարոտում: Էլ ում ես սպասում, էլ ժամանակ չկա: Վերադարձիր, եթե սպասում են, ասա, որ սիրում ես, եթե այլևս չես կարող թաքցնել զգացմունքներդ, փարվիր, եթե կարոտել ես, մի գուցե հետո արդեն պարզապես ուշ լինի: Ժպտա, երբ քեզ ցավ են պատճառում, ներիր, երբ վիրավորում են քեզ, հավատա, եթե անգամ այլևս հույս չկա , հակառակ դեպքում կափսոսաս չապրածդ տարիների համար: Ես սիրում եմ, ես կարոտում եմ, ես ափսոսում եմ, ես կվերադառնամ: Սրանք այն բառերն են, որ անպայման կգտնեն իրենց հասցեատերերին, և ես առանց ժամանակ կորցնելու կարտասանեմ դրանք, այլևս չեմ ուզում խորտակել այդ բառերը սրտիս խոր անդունդներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել