Ես կարծես դիտորդ լինեմ այս կյանքում: Կարծես մի կախարդական թիկնոց եմ կրում, որն ինձ անտեսանելի է դարձնում: Իսկ ես այնպես եմ ուզում թռչել, ճախրել երկնքում, բայց ամեն անգամ թևերս կոտրում են, չեն թողնում գոնե երազել: Ցավն ու կորուստը սրբեց, ամեն ինչ տարավ, գողացավ երազանքներս ու դուրս շպրտեց կյանքի երթուղային գազելից: -Բայց չէ որ ես այստեղ չէի ուզում իջնել վարորդ,-հնչում է անսպասելի շրջադարձից զարմանք կտրած իմ ձայնը:Բայց, ավաղ, իմ ձայնն էլ արդեն լսելի չէ: Եվ ես հայտնվում եմ այնտեղ, որտեղ սկսել էի իմ ճանապարհը: Դատարկ էջեր, որքան դատարկ էջեր ես թողեցի իմ կյանքում անդարձ: Ինչպես հիմա լրացնեմ դրանք. Չէ որ իմ սրտում էլ հիմա ցավոտ դատարկություն է տիրում: Ու սկսում եմ գոռալ, գոռալ անիմաստ այս ցավից.-Տեր, ընկել եմ, տես, բարձրացրու մոլորյալ քո զավակին: Չէ որ խոստացել ես՝ ինչքան էլ որ ընկնես, Ես քեզ կբարձրացնեմ: Հավատում եմ Քեզ, Տեր, հավատում եմ, որ կիրագործես: Եվ դրսում ահա գարուն է արդեն: Սրտիս սառույցը հալչում է քիչ-քիչ: Մի երթուղիին հաջորդում է մյուսը և կյանքիս էջերն լցվում են նոր հույսերով, նոր երազանքներով և հավատով, որ դրանք մի օր կիրականան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել