Ապրիլի 4-ին երգչուհի Նանան կտոնի իր 31-ամյակը: Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս նա իր տարեդարձը կնշի Մոսկվայում: Այնտեղ նախատեսված է «Նանան և ընկերները» համերգը, որին մասնակցելու են ինչպես հայ, այնպես էլ ռուսաստանցի սիրված երգիչ-երգչուհիներ և պարային խմբեր: Նախքան մեկնելը Նանան պատմեց իր վերջին նորությունների մասին:

- Վերջին անգամ ո՞ւմ եք զանգահարել և ի՞նչ առիթով:

- Զանգահարել էի Մոսկվա, որտեղից ինձ տեղեկացրին, որ ծննդյանս առթիվ կազմակերպված համերգիս տոմսերը գրեթե սպառվել են:

- Վերջին հաղորդագրությունը, որ ստացել եք:

- Համերգի հոնորարի փոխանցման կոդն են ուղարկել, որ ստանամ:

- Վերջին անգամ ե՞րբ եք թերթել ընտանեկան ալբոմը և ի՞նչ առիթով:

- Քանի որ տանը քիչ եմ լինում, հաճախ չեմ կարողանում թերթել ալբոմս, սակայն պետք է նշեմ, որ ամեն անգամ թերթելիս անչափ հուզվում եմ:

- Ե՞րբ եք վերջին անգամ անկողնում սուրճ խմել և ո՞վ է մատուցել:

- Հենց այս առավոտ, սովորականի պես ինքս սուրճ պատրաստեցի ու վայելեցի անկողնուս մեջ:

- Վերջին մեծ գնումը, որ կատարել եք:

- Վերջերս մեկ շաբաթով Դուբայում էի, որտեղ էլ կլորիկ գումար ծախսեցի ինձ համար նոր հագուստներ գնելու համար:

- Վերջին անգամ ե՞րբ եք հուզվել և ինչո՞ւ:

- Մարտի 10-ին, երբ երկար ճամփորդությունից հետո` Դուբայ, Մոսկվա, այնուհետև Կրասնոդար, Պյատիգորսկից վերադարձա տուն: Ամեն անգամ սիրելի Երևան վերադառնալիս հուզվում եմ, սիրտս սկսում է արագ բաբախել:

- Վերջին անգամ ե՞րբ եք բարկացել և ինչո՞ւ:

- Քիչ առաջ, երբ մեր հարցազրույցի ընթացքում լսեցի «վերջին անգամ» արտահայտությունը` ասես, վաղը մահանալու եմ... Իսկ եթե լուրջ, ապա բարկանալու էական առիթներ, որպես այդպիսին, չեմ ունենում: Այնքան վաղուց չեմ բարկացել, որ չեմ էլ հիշում պատճառը:

- Վերջին անգամ ե՞րբ եք լիաթոք ծիծաղել և ինչո՞ւ:

- Երեկ` ընկերուհուս պատմած անեկդոտի վրա:

- Վերջին գիրքը, որ կարդացել եք:

- «Աննա Ֆրանկի օրագիրը»: Այնտեղ մի միտք կա, որը կարող է կյանքի ուղեցույց դառնալ. «Վճռական մարդիկ կյանքում մեծ հաջողություններ են ունենում»:

- Վերջին ֆիլմը, որ դիտել եք:

- «Լյուսին» էր: Թեև ֆանտաստիկ ժանրի ֆիլմ է, այնուամենայնիվ, հետաքրքիր է տեսնել, թե ինչ կլիներ, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100 տոկոսով` 10 տոկոսի փոխարեն:

- Վերջին անգամ ո՞ւմ եք վստահել Ձեր մտքերը:

- Միայն մորս հետ եմ կիսվում: Նա ամենաանկեղծ մարդն է, ով միշտ կողքիս է ու երբեք չի դավաճանի:

Ս. Պ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել