«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո ստեղծագործական անձնակազմը որոշել է մի լավ քեֆ անել:) Օրերս նրանք հավաքվել են երևանյան ժամանցի կենտրոններից մեկում ու նշել 2 տարվա աշխատանքի ավարտը։
«Հավաքվելու ցանկնություն բոլորս ունեինք։ Վերջին նկարահանումներից հետո բոլորը զանգահարում էին ու ասում, որ հուզված են, սակայն բոլորից շատ հուզված էր Դավիթ Թադևոսյանը՝ Սպոյի դերակատարը։ Նա հուզվեց ու ասաց՝ չեք պատկերացնի, թե ես ոնց եմ կարոտել Սպոյին, որովհետև ամեն ինչից զատ նա ազնիվ մարդ էր, մեծին հարգող էր։ Այդ խոսքերից ես հասկացա, թե նա ինչպես է ապրել այդ կերպարը։ Դավիթն առաջարկեց հավաքվենք ու ուրախանանք, ու թեև բոլորս էլ կամենում էինք միասին տոնել հաղթանակը, հենց այդ զրույցը հանդիսացավ երեկույթի կազմակերպման առիթ»,- BlogNews.am-ին ասաց նախագծի ղեկավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանը։
Ըստ Դիանայի՝ շատ լավ ժամանակ են անցկացրել։ «Մենք շատ հոգնած էինք, միևնույն ժամանակ հուզված՝ այդ կարգի դիտողականություն ունենալու համար, ինչ-որ առումով անընկալունակ էինք, որովհետև չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Դերասաններն ամեն վայրկյան սպասում էին, որ պետք է իրենց զանգեն ու կանչեն նկարահանման։ Այժմ բոլորիս մոտ ադապտացիոն շրջան է։ Մենք մտածում էինք՝ ինչ լավ է, հեսա սերիալը կավարտվի, կհանգստանանք, բայց հիմա բոլորիս մոտ ինչ-որ շոկային պահ է, ինչ-որ բան է պակասում,- նշեց սցենարիստը ու հավելեց, որ երեկույթի ժամանակ բազում շնորհակալություններ են հնչել,- երիտասարդները շատ շնորհակալ էին՝ փորձառու դերասանների հետ աշխատելու հնարավորության համար»։
Դիանային խոսքով՝ հավաքույթին ներկա են եղել բոլոր դերասանները, բացի Ալբերտ Սաֆարյանից (Կարպիչի դերակատարը) ու Աիդա Բաբաջանյանից (Ռենայի դերակատարը), ովքեր չեն մասնակցել երեկույթին՝ քաղաքում չլինելու պատճառով։
Սցենարիստը նկատեց, որ հետուստատեսության պատմության մեջ աննախադեպ հաջողություն են գրանցել, սակայն հաջորդ աշխատանքը պետք է ավելի լավը լինի։ Առաջիկայում նոր սերիալ կլինի՞, թե՞ ոչ, Դիանան առայժմ չգիտի։ Նա նշեց, որ այժմ զբաղված է նոր հաղորդման նախապատրաստական աշխատանքներով, իսկ հեռուստասերիալի մասով հստակ որևէ բան չկա, առաջիկայում գուցե մտածի այդ մասին։
Ամալյա Հովհաննիսյան