ԱՄՆ-ում գիտնականներն առաջին անգամ նոր տեսակի ճարպային բջիջ են հայտնաբերել մարդու օրգանիզմում, որն ունակ է օրգանիզմի անառողջ սպիտակ ճարպը փոխարինել առողջ դարչնագույն ճարպով։

Հայտնաբերված ճարպի այս նոր տեսակը հայտնի է որպես «բեժ» ճարպ, այս բջիջները գտնվում են մարդու օրգանիզմում առկա սպիտակ ճարպի մեջ, որի մեծ քանակությունն ուղղակիորեն կապվում է շաքարախտի և գիրության հետ։ Որոշակի սթրեսի արդյունքում խթանվելու դեպքում, ինչպես օրինակ քրոնիկական ցրտի ժամանակ, բեժ ճարպը դարչնագույն ճարպի է փոխակերպում սպիտակ ճարպը։ Սա չափազանց կարևոր է մարդու առողջության համար, որովհետև դարչնագույն ճարպը, էներգիա այրելով, ջերմություն է արտադրում, որն իրականում ավելի շատ կապված է ողնաշարային առողջ մկանների, քան սպիտակ ճարպի հետ։
«Այս հայտնագործությունը մեզ մեկ քայլ առաջ է տանում դեպի մեր լաբորատորիայի նպատակին, որը ճարպային բջիջների գենետիկական նախագծումն է՝ գիրության դեմ պայքարելու համար»,- այս մասին նշել է Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանի կենսաբան Շինգո Կաջիմուրան։
Այս ընթացքում գիտնականները փորձել են սպիտակ ճարպը դարչնագույնի վերածելու միջոցներ գտնել, սակայն մինչ այս չեն նկատել, որ դարչնագույն ճարպի այս վերափոխվող բջիջն արդեն իսկ առկա է մարդու օրգանիզմում։
Տարիներ շարունակ հայտնի է եղել, որ մարդիկ ծնվում են մեծ քանակությամբ դարչնագույն ճարպով, շատ ավելի մեծ չափաբաժնով, քան մեծահասակների մոտ է, որովհետև ջերմության համար էներգիայի այրումը երեխաներին բնական պաշտպանություն է ապահովում ցրտից։ Արջերը նույնպես մեծ քանակությամբ դարչնագույն ճարպ ունեն իրենց օրգանիզմում, որը նրանց օգնում է դիմակայել ձմռան ցուրտ ամիսներին։

2009թ-ին հայտնաբերվեց, որ որպես մեծահասակներ մենք իրականում պահպանում ենք դարչնագույն ճարպի մեծ մասը, սակայն հետազոտողները չէին կարողանում հասկանալ՝ արդյո՞ք դա այն նույն տեսակի դարչնագույն ճարպտն է, որը երեխաներն ունեն, թե այլ։ «Nature Medicine» ամսագրում հրապարակված հետազոտության մեջ Կաջիմուրան ու իր թիմը նկարագրել են, թե ինչպես է նրանց հաջողվել առանձնացնել ու կլոնավորել երկու կամավոր չափահասներից վերցված դարչնագույն ճարպի բջիջներն ու գենետիկական մակարդակում համեմատել դրանք նորածինների ճարպերի հետ։ Պարզվում է՝ որպես չափահասներ մեր օրգանիզմը նոր ճարպային բջիջ է արտադրում՝ բեժ ճարպային բջիջը, որը թաքնված է մեր սպիտակ ճարպերի մեջ, և որը դարչնագույն ճարպ է արտադրում, երբ մեր օրգանիզմը որոշակի «սթրեսի» է ենթարկվում։

Այժմ իմանալով բեժ ճարպերի գենետիկական հիմքը՝ թիմը կարող է աճեցնել դրանք լաբորատորիայում ու հետազոտել դրա զարգացումը, ջերմարտադրության կարողությունը և սպիտակ ճարպը շագանակագույնի փոխակերպելու հնարավորությունն ու առանձնահատկությունները։

Պետք է նշել նաև, որ Միացյալ Նահանգներում հետազոտական մեկ այլ խումբ հայտարարել է  նոր տեսակի դեղահաբի ստեղծման մասին, որը սպիտակ ճարպերը վերափոխում է դարչնագույնի։ Այս դեղահաբն ամեն օր երկու շաբաթ ընդունելուց հետո գենետիկորեն գեր մկները կորցրել են իրենց քաշն ու ճարպային զանգվածի 50 տոկոսը։ Նույն արձագանքն է ունեցել սննդակարգի հետևանքով գիրացած մկների օրգանիզմը։
Կաջիմուրան նշել է, որ գիրությունը հիմնականում առաջանում է էներգիայի կլանման ու դրա ծախսի անհավասարակշռության պատճառով։ Մինչ այս հակագիրացման համար նախատեսված բոլոր դեղորայքները նվազեցնում են էներգիայի կլանումն ախորժակը փակելու միջոցով։ Դրանք աշխատում են ժամանակավորապես, սակայն հաճախ դրանք ունեն հավելյալ վնասակար ազդեցություն, ինչպես օրինակ դեպրեսիան։ «Եթե մենք ունենանք այնպիսի միջոց, որը կբարձրացնի էներգիայի ծախսը նոր դարչնագույն ճարպերի արտադրման միջոցով, ապա մեր օրգանիզմը  կարող է առողջ ճանապարհով պայքարել գիրության դեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել