Exclusive

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանին առօրյայում հազիվ թե տեսնեք բարձրակրունկներով. նա գերադասում է լինել հարմարավետ հագուստով։ BlogNews.am-ը Շուշաննայի հետ զրուցել է ոճի, բրենդներից օգտվելու և այլնի մասին ու ֆոտաշարք արել։)

«Շատ հարցերում, այդ թվում՝ հագուստ ընտրելիս սիրում եմ լինել պարզ ու հասարակ։ Յուրաքանչյուր ոճով էլ հագնվում եմ, սակայն նախընտրում եմ  մեջ պահպանել պարզությունը, քանի որ ինձ այդպես ավելի լավ եմ զգում։ Առօրյայում սիրում եմ լինել պրակտիկ, պարզ հագուստով, հաճախ շորիկներ եմ հագնում, սակայն համադրում եմ ցածրակրունկների հետ»,- ասաց նա ու հավելեց, որ ոճային լինել-չլինելու մասին չի մտածում։ «Առավոտյան արթնանալիս չեմ մտածում՝ այսօր պետք է լինեմ ոճային. ինձ համար կարևոր է, որ հագուստը լինի հարմարավետ և բամբակյա, քանի որ սինթետիկ բաներ չեմ սիրում»,- ավելացրեց դերասանուհին։

Գնումներ անելիս Շուշաննան սիրում է ինքնուրույն որոշումներ կայացնել. «Չեմ սիրում միայնակ գնալ խանութ, սակայն ինչպես շատ հարցերում, պետք է ինքս որոշում կայացնեմ։ Եթե ինձ դուր չգա, որքան էլ ասեն, որ գեղեցիկ է, չեմ գնի»։ Նրա խոսքով՝ շատ արագ է կողմնորոշվում, թե ինչ է ուզում, նաև՝ լավ է տիրապետում իր չափսերին, կարող է նույնիսկ չփորձել, բայց ընտրել ճիշտ չափսը։

Դերասանուհու փոխանցմամբ՝ ոճաբանների հետ համագործակցելիս էլ  ներկայացնում է իր ակնկալիքները։ «Առօրյայում ինքս եմ որոշում՝ ինչ հագնել։ Եթերային հագուստներս ևս ես եմ որոշում։ Ինձ համար ճիշտ հագուստով ներկայանալը նույնքան կարևոր է, որքան խաղս։ Ես չեմ սիրում նկարահանման ժամանակ հագածս զգեստները հագնել դրսում։ Մասնագետներին դիմում եմ հատուկ առիթների դեպքում։ Լսում եմ՝ ինչ են ինձ առաջարկում, հայտնում եմ նաև իմ տեսակետը ու գալիս ենք ընդհանուր հայտարարի։ Առհասարակ, սիրում եմ աշխատել պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ինձ հետաքրքիր է լսել նրանց տեսակետները։ Եղել են հագուստներ, որոնք չեմ պատկերացրել ինձ վրա, սակայն փորձել եմ ու դուրս եկել են»,- նշեց նա։

Շուշաննան նշեց, որ ունի բրենդային հագուստներ, սակայն բրենդամոլ չէ։ «Իհարկե, բրենդային հագուստն ավելի որակյալ է ու նրբաճաշակ, սակայն միշտ չէ, որ իրական բրենդային հագուստներ են լինում այստեղ։ Նաև՝ Հայաստանում բրենդները շատ թանկ են, դրսում դրանք ավելի մատչելի են։ Քանի որ վերջերս մեկնել էի արտերկիր, բավականին գնումներ եմ արել։ Հնարավորության դեպքում օգտվում եմ բրենդային հագուստներից, սակայն բրենդամոլ չեմ։ Այնպես չէ, որ զգեստապահարանումս միայն բրենդային հագուստ են։ Օգտվում եմ նաև մատչելի հագուստներից, զեղչերից, ուշադրություն չեմ դարձնում, որ ինչ-որ մեկը կարող է ասել, թե մատչելի հագուստ եմ գնել։ Ես գնում եմ խանութ այն հոգեբանությամբ, որ եթե ինչ-որ բան հավանեմ, կտամ դրա համարժեք գումարը։ Եթե լինի չարդարացված թանկ, գուցե և չգնեմ»,- ասաց նա ու հավելեց, որ նախընտրելի բրենդ չունի։

Շուշաննան դժվարացավ նշել, թե ամսվա կտրվածքով որքան գումար է ծախսում հագուստի վրա, քանի որ կարող է մի ամիս շատ գնումներ անել, մի ամիս՝ ընդհանրապես ոչինչ չգնել։

Աքսեսուարներ օգտագործելիս Շուշաննա «ժլատ» է։ «Շատ աքսեսուարներ չեմ օգտագործում, որովհետև փոքրամարմին եմ, ու դրանք ինձ «կորցնում» են։ Փորձում եմ հնարավորինս ազատ լինել առօրյայում։ Միայն մի մատանի ունեմ, որը հաճախ եմ դնում, ու շատերը կարծում են, թե նշանի մատանի է։ Այլ աքսեսուարներ օգտագործելս կախված է տրամադրությունից։ Ես նաև գիտեմ, որ շատ մատանիներ, աքսեսուարներ օգտագործելը հոգեբանորեն բացատրվում է, որ քեզ փակում ես, պաշտպանվում ես»,- նշեց նա։

 

Դերասանուհուց հետաքրքրվեցինք ֆոտոշարքին ներկայացած լուքերից մեկի արժեքով։ Նա նշեց, որ ամբողջը գնել է ԱՄՆ-ում. «Բրենդային  իրեր են, այդ իսկ պատճառով ավելի թանկ են»։

Զգեստը (ծաղկավոր)՝ 150 $

Կոշիկները (սուր քթով)՝ 110 $

Վերնազգեստ՝ 80$

Ակնոցը՝ 450 $

Ընդհանուր արժեքը՝ 790 $


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել