Գերմանական «Germanwings» ինքնաթիռի բախման վայրում՝ ֆրանսիական Ալպերում, գտնվել է մի քանի վայրկյան տևողությամբ տեսաձայնագրություն՝ արված բջջային հեռախոսով՝ բախումից ակնթարթներ առաջ։

Ֆրանսիական «Paris Match» և գերմանական «Bild» պարբերականներին հաջողվել է այդ ձայնագրությունը լսել, և քիչ առաջ նրա վերծանումը նրանք հրատարակել են իրենց կայքերում։ 

Ըստ վերոնշյալ պարբերականների՝ տեսագրությունն այնքան քաոսային է, որ անհնար է որևէ մեկին տարբերակել, սակայն դատելով լսվող ճչյուններից՝ ակնհայտ է դառնում, որ ինքնաթիռի ուղևորները գիտակցում էին, թե ինչ է իրենց սպասվում։ Այդ ձայնագրության մեջ լսվում են «Աստված իմ» բացականչություններ մի քանի լեզուներով, նաև մետաղի հարվածի ձայներ՝ առնվազն 3 անգամ, որով ենթադրվում է՝ օդաչուն փորձել է կոտրել խցիկի դուռը։ Դրանից հետո էլ աղաղաղակներն ավելի են ուժգնանում՝ ինքնաթիռը հուժկու թափ է տալիս, և քիչ անց այլևս ոչինչ...

Սույն ձայնագրությունը, թերևս, հաստատում է գտնված սև արկղի ձայնագրության վերծանումը՝ ըստ որի՝ օդաչուի օգնական Անդրեաս Լյուբիցը գիտակցաբար ինքնաթիռը տարել է կործանման՝ իր հետ խլելով 149 ուղևորի կյանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել