Մի հինգ-վեց տարի առաջ էր։ Բագրատաշենի մաքսակետում մաքսավորը բեռնատարի թուրք վարորդի փաստաթղթերն էր լրացնում, ձևակերպում, որ կարողանա բեռը բերել Երևան։ Գործը հասավ մուծումներին։ Մաքսավորը նրան է՛լ հայերեն, է՛լ ռուսերեն բացատրում է, որ պիտի բանկում մուծումներ կատարի։ Էս թուրքը ո՛չ հայերեն է հասկանում, ո՛չ ռուսերեն, երևում էր՝ առաջին անգամն էր Հայաստանում։ Վերջապես հերթում սպասողներից մի հայ, որ թուրքերենին լավ տիրապետում էր, ստանձնեց թարգմանիչի անշնորհակալ գործը։
-Սրան բացատրի,- արդեն բարկացած մաքսավորը դիմեց թարգմանիչին,- որ պիտի 10000 դրամ դարոժնի մուծի, 12000 էլ էկալոգիա։
Թարգմանիչը թարգմանեց։
Հետո թարգմանեց թուրքերենից.
-Վարորդը հարցնում է՝ բանկո՞ւմ պիտի մուծի, թե՞ Ձեզ։
-Ասա, ուզում է՝ թող բանկում մուծի, ուզում է՝ թող ինձ տա։
Էլի թարգմանեց հայերենից թուրքերեն ու հետո հակառակը.
-Հարցնում է՝ որ ձեզ տա, չեկ կտա՞ք, որ մուծում է արել։
Մաքսավորը վրդովվեց ու էնպես գոռաց թարգմանչի վրա, ասես նա էր կտրոն պահանջողը.
-Չէ մի չէ, չեկ։ Ասա՝ չեկ ես ուզում, գնա, բանկում հերթ կանգնի, ա՛յ օլուխ։
Թարգմանիչը չգիտեմ ինչ թարգմանեց, բայց երևաց, որ վարորդի սրտով չէր, ու նա, քթի տակ փնթփնթալով, գնաց դեպի բանկ։ Մոտավորապես մի կես ժամ հետո բանկից վերադարձավ, վճարման կտրոնները հանձնեց մաքսավորին ու մոտեցավ թարգմանչին, ինչ-որ բան ասաց։
-Վարորդը հետաքրքրվում է, թե ինչի համար մուծեց էդ գումարները։
-Դա, դեբիլ ա՞։ Բա չասի՞ր, որ «էկալոգիայի» ու «դարոժնու»։
-Չէ, չեմ ասել…
-Բա դե ասա՛…,-նորից վրդովվեց մաքսավորը,- ու ասա, որ տաս հազար էլ ինձ պիտի մուծի…
Թարգմանիչը դա էլ թարգմանեց։ Զգացվում էր, որ թուրք վարորդն աստիճանաբար կորցնում էր ինքնատիրապետումը։
-Վարորդը հարցնում է, ասում է՝ տաս հազարի համար չեկ տալու ե՞ք…
-Այ մարդ, ասա ի՞նչ ես կպել՝ «չեկ, հա չեկ»։ Չէ, ասա՝ չենք տալու։
Թարգմանեց, խոսեց թուրքի հետ ու դարձավ մաքսավորին.
-Ասում է, որ չեկ չեք տալիս, չեմ մուծելու։ Ասում է՝ առանց չեկի ինչի՞ պիտի մուծեմ…
Մաքսավորը նյարդայնացած ձայնը գլուխը գցեց.
-Էդ համբալին ասա՝ այ անասուն, բա լա՞վ էր, որ 15 թվին միլիոնուկես հայ ջարդեցիք…

Հիշում և դատապարտում ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել