Տեղեկատվություն BlogNews.am կայքէջի համար
Հարգելի խմբագրություն,
Ի պատասխան «Երևան Ջուր»-ն էլ ուրիշ անելու բան չունե՞ր» (26.03.2015) վերտառությամբ գրառման` ստորև ներկայացվում է համապատասխան պարզաբանումը. ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 14.01.2011թ. 9-Ա հրամանով հաշվիչների ստուգաչափման պարբերականությունը սահմանվել է 12 տարի: Ժամկետը լրանալու դեպքում բաժանորդները 1 ամիս առաջ այդ մասին պաշտոնապես ծանուցվում են: Ծանուցում ստանալու դեպքում բաժանորդը պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմել ընկերություն, ստանալ կնիքի հանման թույլտվություն, սեփական միջոցներով ապամոնտաժել հաշվիչը և այն ներկայացնել վերաստուգաչափման՝ Շիրակի 94 հասցեում: Այնուհետև նա պետք է սեփական միջոցներով վերատեղադրի հաշվիչը և դիմի ընկերություն այն վերակնքելու համար: Ընդ որում, եթե հաշվիչը ունի թերություններ, ապա հնարավոր է, որ նշված ծառայությունում այն վերանորոգեն առանձին վճարով: Դրա հնարավորության բացակայության պարագայում ջրաչափը պետք է փոխարինվի նորով՝ բաժանորդի միջոցներով:
Ընդ որում համաձայն ՀՀ կառավարության 22.01.2004թ. 130-Ն որոշման 4 կետի բ ենթակետի` ջրաչափական սարքերը ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում են բաժանորդների հաշվին: Ուրիշ է, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում, որտեղ ընկերությունն իրականացնում է ջրաշինարարական աշխատանքներ, մասնավորապես` անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով, որպես բարի կամքի արտահայտություն, ոչ միայն բնակիչների հին հաշվիչներն անվճար հիմունքներով փոխարինում է նորերով, այլև նրանց համար կառուցում է նոր անհատական ջրագծեր, տեղադրում բետոնե դիտահորեր, փականներ ու զտիչներ: Բնակչին մնում է միայն իր տան ներքին ջրագիծը միացնել ջրաչափին, որը որպես կանոն տեղադրվում է մայթեզրին` դարպասի մոտ: Այս ամենի համար ընկերությունը մեկ բաժանորդի հաշվով ծախսում է միջինը 80-100 հազար ՀՀ դրամ: 
Տեղեկացնենք նաև, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն հաշվիչների վաճառքով չի զբաղվում: Դրանք կարելի է ձեռք բերել առևտրային ցանցից: Նշենք, որ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման 15 կետի համաձայն` ջրաչափը պետք է համապատասխանի դրա տեղադրման տեխնիկական պայմաններին և պետական ստանդարտների պահանջներին, պետք է լինի ստուգաչափված ու կապարակնքված ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի կողմից: Հաշվի առնելով, որ շուկայում վաճառվող հաշվիչների մի մասի վրա դրված կնիքները և անձնագրերում տպված դրոշմները չեն համապատասխանում Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից տրված ձևանմուշներին, դրանք կարող են ընդունվել միայն ընկերության Ջրաչափերի ստուգաչափման և չափաբերման ծառայության կողմից վերաստուգաչափվելուց հետո (հասցեն՝ Շիրակի 94): 
Հասկանում ենք, որ այս գործընթացով անհանգստություն ենք պատճառում բաժանորդներին, սակայն, ինչպես արդեն ասվեց, խոսքը գնում է իրենց պատկանող ջրաչափերի մասին: Բացի այդ բացառված չէ, որ թերություններով հաշվիչները կաշխատեն ոչ միայն ի վնաս ընկերության, այլ նաև` բաժանորդի: Վերջապես խոսքը գնում է 12 տարին մեկ անգամ կրկնվող գործընթացի մասին, որի իրականացումը նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Ջուր» ՓԲԸ իր կողմից անում է ամեն ինչ ջրաչափերի ստուգաչափման գործընթացը հնարավորինս արագ իրականացնելու համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել