Exclusive
Պարոնյան թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանն այժմ նկարահանվում է «Տնփեսա» սիթքոմում, որտեղ մարմնավորում է սառնասիրտ, հաշվենկատ կնոջ։ BlogNews.am-ը հետաքրքիր ֆոտոշարք և անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ։
«Նոր կերպարս հետաքրքիր է այնքանով, որ միշտ խնամված է, բայց շատ սառը, նա ուսումնասիրում է բոլորին։ Կան շերտեր, որոնք որպես դերասանուհի դեռ պետք է բացեմ։ Փնտրտուքի մեջ եմ, որը կավարտվի պրոյեկտի հետ։ Ինձ համար շատ հետաքրքիր է կերպարի զարգացման ընթացքը, քանի որ ամեն բան դեռ խմորման պրոցեսում է»,- ասաց Հասմիկն ու հավելեց, որ սիրում է տարբեր կերպ՝ վայրիվերումներով ներկայացնել կերպարը։
Ըստ նրա՝ իրական կյանքում մյուսներին ղեկավարելու ձգտում չունի։ «Շատ փխրուն մարդ եմ։ Միշտ փորձում եմ հասկանալ դիմացինին։ Իհարկե, ունեմ նաև ըմբոստություն և սառնություն, երբ զգում եմ, որ շատ են ներխուժում իմ տարածք ու փորձում են «նեղել» ինձ»,- նկատեց Հասմիկը։
Դերասանուհուն հաճախ ներկայացնում են գայթակղիչ կնոջ կերպարում։ Նրա խոսքով՝ իրականում ինքն ուրիշ է. չի սիրում աչքի ընկնող, բաց հագուստներ, և իրեն չեն նույնացնում կերպարների հետ։ «Միգուցե արտաքինս է պատճառը, որ ինձ տեսնում են ավելի գայթակղիչ կնոջ կերպարում։ Չեմ ուզում մեծ-մեծ խոսել, բայց երևի ավելի երևացող արտաքին ունեմ։ Գայթակղիչ կանանց կերպարներով ներկայանալը դերասանուհուն բացվելու հնարավորություն են տալիս։ Ես ուրախ եմ, որ այն դերասանուհիներից եմ, ով տարբեր կերպարներ կերտելու հնարավորություն ունի։ Փորձում եմ դերերս այնպես ներկայացնել, որպեսզի մեկը մյուսին չնմանվեն։ Երևի ժամանակի, տարիքի հետ կխաղամ ավելի իմաստուն, խորը դերեր»,- ասաց նա ու հավելեց, որ աշնանը կլինի մի նախագիծ, որում հասարակությունը բոլորովին այլ Հասմիկ Վերդյանի կտեսնի։ «Իհարկե, այս դեպքում էլ է արաքինս օգագործվելու, որովհետև դա նաև այցեքարտ է դարձել, սակայն այլ հոգեվիճակով կներկայանամ»,- ավելացրեց դերասանուհին և նշեց, որ այժմ իր մոտ ծանր շրջան է, քանի որ թատրոնում զբաղվածությունը բավականին շատ է:
«Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» ստեղծագործության հիման վրան Երվանդ Ղազանչյանի բեմադրած ներկայացման մեջ խաղում եմ թիթիզ, մի քիչ լկստված թիֆլիսահայ աղջկա։ Իսկ Կարինե Խոդիկյանի «Սիրային քաղանկյունու» մեջ խաղում եմ գլխավոր հերոսոււհուն։ Բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է: Պրեմիերան կլինի, հավանաբար, մեկ ամսից: Շատ հետաքրքիր ներկայացում է»,- նշեց դերաանուհին: Հասմիկն ընդգծեց, որ թատրոնում աշխատելը շատ պատասխանատու է։ Հարցին՝ ավելի շահավետության առումով հեռուստատեսությունը չի՞ սպառնում թատրոնին, նա պատասխանեց, որ թատրոնում աշխատավարձերը մի քիչ բարձրացրել են։) «Ես առաջին կարգի դերասանուհի եմ դարձել։ Երբ ինձ մի փոքր աջակցում են, չեմ կարող ուրանալ դա։ Այն կարգավիճակում, որում ես եմ թատրոնում, շատերը կերազեին լինել։ Դա չի նշանակում, որ ես միայն գլխավոր դերեր եմ խաղում, մեր թատրոնում չկա նման բան, բայց ես շատ լավ կարգավիճակում եմ: Շատ ուրախ եմ, որ խաղում եմ թատրոնում»,- ասաց նա:
Միաժամանակ Հասմիկը նշեց, որ դեռևս չի խաղում այն կերպարները, որոնք իրեն հոգեհարազատ են. «Եթե դու գտնես քո ռեժիսորին, կգտնես քեզ։ Մինչ այս խաղացածս կերպարները շատ լավն են, բայց ես հիմա ուզում եմ ավելի խորը դերեր ունենալ, քանի որ ավելի խորը մարդ եմ, կարող եմ անել ավելին, քան այն, ինչ ինձնից ուզում են։ Կարծում եմ՝ աշնանը նախատեսվող նոր գեղարվեստական ֆիլմում դա ցույց կտամ»։
Դերասանուհին մեծ ձեռքբերում է համարում «Նահանջ առանց երգի» ներկայացման մեջ Ժանետին մարմնավորելը։ «Այդ ներկայացման ժամանակ 6 անգամ վերապրում եմ ունեցել։ Երբ եկա խոնարհվելու, զգացի հանդիսատեսի հիացմունքը։ Ուզում եմ Պարոնյանում էլի խաղալ այդպիսի դերեր։ Այնտեղ դեռ ունեմ ապացուցելու, զարմացնելու բաներ ունեմ։ Մինչև կյանքիս վերջ ձգտելու եմ ավելիին»,- ասաց նա:
Հասմիկը խոստովանում է, որ մինչ Թատերական ընդունվելը բավականին շատ կոմպլեքսներ է ունեցել: «Առաջին տարում դա ինձ խանգարում էր, ամաչում էի, հետո հասկացա, որ դերասանը պետք է լինի ազատ, հանգիստ, բացվեցի ու այլևս խնդիրներ չունեցա»,- ասաց նա ու նկատեց, որ այժմ իր կոմպլեքսները կապված են ներքին աշխարհի հետ: «Երբեմն մտածում եմ, որ կարող էի ավելին անել, կարդալ մի բան, որը չեմ կարդացել։ Ավելի շատ ներքինիս վրա եմ աշխատում, արտաքինիս հետ կապված կոմպլեքսներ չունեմ. այդքան պրիմիտիվ չեմ։ Մեծամիտ չեմ, ուղղակի ընդունում եմ, որ բնությունն ինձ դա է տվել»,- ավելացրեց դերասանուհին:
Առաջիկայում Հասմիկը մտադիր է ներկայանալ նաև որպես երգչուհի։ «Ես ունեմ երաժշտական կրթություն և վաղուց եմ երգում, փառատոնների եմ մասնակցել, մրցանակներ ստացել։ Բենդի հետ հանդես գալու առաջարկ ունեմ. առաջիկայում ռեպերտուար կկազմեմ ու կներկայանամ երգերով։ Ամեն բան ընթացքի մեջ է. ես անընդհատ փնտրտուքի մեջ եմ»,- նշեց դերասանուհին։
Ինչ վերաբերում է Հասմիկի առօրյա զբաղմունքներին՝ նա ասաց, որ ավելի տնակյաց է։ «Սիրում եմ լինել ընտանիքիս հետ, հետաքրքիր մի բան պատրաստել, հետաքրքիր մի բան դիտել, երբեմն ընկերներիս հետ ինչ-որ տեղ գնալ, երգել, պարել, ուրախանալ։ Ես իմ տեսակով հանգիստ մարդ եմ, բայց՝ խենթուկ։ Արվեստի մեջ սարսափելի խենթ եմ, բեմում՝ աննորմալ։ Ես իմ բոլոր էմոցիաները բեմում եմ թափում»,- ասաց դերասանուհին:
Մոտ մեկ տարի առաջ Հասմիկը կանգնած էր իր ընտանիքը կազմելու եզրին, սակայն չեղյալ համարեց ամուսնությունն ու նշանը հետ տվեց: Դերասանուհին ասաց, որ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, այնուամենայնիվ, որոշ բացահայտումներ արեց BlogNews.am-ի ընթերցողների համար: «Չեմ ուզում որևէ մեկին փնովել, բայց դեռ չեմ գտել այն տղամարդուն, որն իմն է։ Գուցե իմ հակապատկերն է, բայց իմն է, հոգեհարազատ է ինձ, որպեսզի մեզ համար ամեն ինչ պարզ լինի, հանգիստ լինենք, կարողանամ ամեն ինչ կիսել այդ մարդու հետ։ Ես կանխազգում եմ, որ նա ինչ-որ մի տեղ կա, բայց դեռ չեմ հանդիպել նրան»,- ասաց դերասանուհին։
Անդրադառնալով բեմում անակնկալ նշանադրությանը՝ նա ասաց, որ նախկին նշանածն ուղղակի գեղեցիկ ժեստ արեց, ինչից ինքը շոյվել էր: «Մենք ուղղակի ընկերներ ենք եղել, ես զգացմունք չեմ ունեցել։ Ինքը միշտ խոսում էր այդ մասին, ես ավելի անտարբեր էի նայում այդ հարցին։ Առհասարակ, տղամարդկանց ավելի շատ որպես ընկեր եմ նայում։ Այդ քայլից հետո նա աչքս մտավ, սկսեցի ինչ-որ ռոմանտիզմ, հանգստություն փնտրել, բայց հասկացա, որ մենք իրար համար չենք, որ դեռ պետք է հասունանամ ավելի լուրջ, հասուն հարաբերությունների համար, որ ընտանիք կազմելու իմ ժամանակը չէ։ Ընտանիք կազմելն ուղղակի «ես քեզ սիրում եմ», «դու ինձ սիրում ես» երկխոսություն չէ։ Ես կարող է ոչինչ չասեմ, բայց մենք արդեն ընտանիք լինենք»,- անկեղծացավ դերասանուհին։
Հարցին՝ հե՞շտ էր նշանը հետ տալուց հետո վերականգնման փուլը, նա պատասխանեց. «Շատ դժվար ու սթրեսային վիճակում էի։ Մամայիս հետ գնացի Ծաղկաձոր, հետո վերադարձա ու միանգանմից անցա աշխատանքի։ Աննորմալի պես սիրում եմ աշխատանքս, ու այն շատ է օգնում ինձ: Հիմա դուրս եմ եկել այդ սթրեսից, նույնիսկ չեմ էլ հիշում այդ մասին, առաջ եմ նայում։ Երբեմն լինում են ծանր հոգեվիճակներ, բայց առավոտյան ժպիտով եմ արթնանում ու գնում աշխատանքի»:
Անդրադառնալով հասարակության կարծիքներին՝ նա ասաց, որ երբեմն նյարդերը տեղի են տալիս։ «Արվեստում չես կարող սառը, չոր լինել, ես հո իրավաբա՞ն չեմ. իհարկե, հուզվում եմ, նյարդայնանում, բայց այդ պահին արտահայտվում եմ, լացում ու հանգստանում»,- նշեց Հասմիկը։
Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը
Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի