Exclusive
Ռուսաստանում հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան արդեն Հայաստանում է և պատրաստվում է ապրիլի 5-ին կայանալիք համերգին։ BlogNews.am-ը հարցազրույց է ունեցել Մարիամի հետ, որի ընթացքում մի շարք բացահայտումներ ենք արել երգչուհու մասին։)
- Մարիամ, Դուք կայացած ջազ երգչուհի եք: Ի՞նչ փոխեց «Ռուսաստանի ձայնը» նախագիծը Ձեր կյանքում:
- Այն ինձ տվեց մեծ լսարան։ Ջազ, բլյուզ երգողների լսարանը կոնկրետ ընտրված է, քանի որ դրանք պոպուլյար ժանրեր չեն։ Յուրաքանչյուրը կարող է հասկանալ այս ժանրը, ուղղակի յուրաքանչյուրը մտածում է, թե ինքը չի կարող հասկանալ։) Եղել են մարդիկ, ովքեր հրավիրված են եղել մեր համերգին, հետո մոտեցել ու ասել են՝ ջազը սա՞ է, իսկ մենք կարծում էինք, որ դա ծանր ընկալվող ինչ-որ բան է, ուղղակի հաճույք ստացանք, շնորհակալություն։ Սա հրաշալի երաժշտություն է. նույն ջազի մեջ կան տարբեր ժանրեր, նույնիսկ այնպիսիք, որոնք ինձ համար են ծանր, բայց այն, ինչ մենք ենք կատարում, հասնում է յուրաքանչյուր մարդու։ Դրա համար էլ ես ուզում էի լսարան։ Իհարկե, ես ուզում էի ցույց տալ նաև, որ տարբեր ժանրերում ներկայանալ։
- Նախագծի շրջանակներում Լեոնիդ Ագուտինի հետ համագործակցությունն արդյունավետ էր. հետագա համագործակցություն նախատեսվո՞ւմ է։
- Նախագծից հետո նա բավականին խիտ գրաֆիկ ունի, սակայն մենք մշտապես կապի մեջ ենք։ Այժմ մտածում ենք նրա թիմի անդամներով՝ «агутята»-ներով, հավաքվենք ու համերգ տանք ։)
- Դուք դասավանդում էիք Ալլա Պուգաչովայի դպրոցում, այժմ դուրս եք եկել, ինչո՞ւ։
- Ժամանակը չէր բավականացնում. գրաֆիկս շատ խիտ է։
- Ձեր ամուսինը նշել է, որ հայաստանյան համերգների ժամանակ հանդիսատեսը Ձեզ յուրովի կբացահայտի: Ինչո՞վ եք պատրաստվում զարմացնել հայ հանդիսատեսին։
- Նրանով, ինչ երբեք չեմ արել. երգելու եմ հայերեն։
- Ձեզ համար դժվա՞ր է երգել հայերերն։
- Ոչ, այժմ ոչ։
- Միայն մեկ հայերեն երգ եք կատարելու, ի՞նչ սկզբունքով եք ընտրել այդ մի ստեղծագործությունը:
-Ես ընտրեցի այս երգը, որովհետև պաշտում եմ այն, համարում եմ շեդևր։ Հեղինակն Արթուր Գրիգորյանն է, սակայն չեմ բացահայտի, թե խոսքը որ երգի մասին է։ Մոսկվայում երգել եմ այս երգը, և նույնիսկ նրանք, ովքեր հայերեն չեն հասկանում, հիացած են եղել։
-Ի՞նչ ռեպերտուարով եք ներկայանալու համերգին։
- Հավաքական երգեր են։ Ընտրել ենք ամենալավն այն ամենից, ինչ արել ենք մինչև «Ռուսաստանի ձայնը» և նախագծի շրջանակներում։
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս համերգից։
- 2 տարի առաջ «Էմիլ Կարատ» ստուդիայի հետ եկել էինք Հայաստան և ելույթ ենք ունեցել Ֆիլհարոմոնիայում։ Դահլիճը լեփ-լեցուն էր, և դա հրաշալի էր։ Ես պաշտում եմ հայ հանդիսատեսին։ Կարծում եմ՝ այս անգամ էլ շատ լավ կլինի. կգան նրանք, ովքեր մեզ գիտեն վաղուց, և նրանք, ովքեր նոր են ճանաչել։
- Ձեր մանկությունն անցել է Հայաստանում, սակայն հայերեն շփվել չեք կարողանում, ինչո՞ւ։
- Մեր ընտանիքում բոլորը ռուսերեն են խոսել։ Ես խոսում եմ հայերեն, սակայն մի քիչ ամաչում եմ հնարավոր սխալներից։ Ինձ թվում է, որ ռուսական ակցենտ ունեմ։
- Երկար տարիներ չեք եղել Հայաստանում, վերադառնալուց հետո առաջինն ո՞ւր գնացիք։
- Հայաստան գալուց անմիջապես հետո գնացել ենք հարցազրույցների, մամուլի ասուլիսի և առայժմ չենք ունեցել մեր ժամանակը, որպեսզի գնանք այնտեղ, ուր ուզում ենք։ Հենց ժամանակ ունենամ, գնալու եմ մեր բակ։ Սիրում եմ լինել քաղաքից դուրս։ Գառնի Գեղարդն անկրկնելի վայր է, և այնտեղ գնալն անպայման է. Գեղարդն այլ կարևորություն ունի։ Ես ունեմ ընկերներ, ովքեր հայ չեն, սակայն Բելգիայից հիվանդ երեխայի հետ գալիս են Գեղարդ։ Նրանք, ովքեր եղել են Գեղարդում, հասկանում են՝ խոսքն ինչի մասին է։
- Որքա՞ն ժամանակ չէիք եղել Հայաստանում և ե՞րբ եք վերադառնալու Ռուսաստան։
- 2 տարի առաջ էի եղել Հայաստանում, այստեղ կմնամ մինչև ապրիլի 8-ը։
- Հայաստան վերադառնալու, այստեղ բնակություն հաստատելու ցանկություն ունե՞ք։
- Իհարկե։
- Իսկ ի՞նչն է խանգարում։
- Ոչինչ, ուղղակի պետք է սպասել այն ժամանակին, երբ որոշումը կգա ինքն իրեն։ Եթե Աստված կամենա, կվերադառնանք։ Առայժմ մենք ավելի շատ պետք ենք Ռուսաստանում, եթե զգանք, որ այստեղ ենք պետք, հաճույքով կգանք։ Դա տասն անգամ ավելի հաճելի կլինի։
- Մի առիթով ասել եք՝ այն, ինչ այժմ ես ինձանից ներկայացնում եմ, իմ ամուսնու՝ Արմենի շնորհիվ է: Ո՞րն է ամենամեծ բացահատումը, որ արել եք նրա շնորհիվ:
- Նա ինձ օգնեց նրանով, որ որպես երաժիշտ չէր ճնշում իր հեղինակությամբ, ուղղակի տալիս էր տարածություն և կողմնորոշվելու հնարավորություն։
- Ձեր երեխաները եկե՞լ են Ձեզ հետ։
- Ոչ, երեխաներս մնացել են Ռուսաստանում, քանի որ սովորում են։
- Իսկ ինչո՞վ են նրանք զբաղվում։
- Իրման 19 տարեկան է, սովորում է ճարտարապետաշինարարական քոլեջի 3-րդ կուրսում՝ գերազանց առաջադիմությամբ։ 7-ամյա Սոնյան սովորում է դպրոցում՝ առաջին դասարանում, նաև հաճախում է երաժշտական դպրոց, իսկ Գեորգին 1.5 տարեկան է և ոչինչ չի անում՝ բացի այն, որ ուրախացնում է մեզ։
-Հաշվի առնելով Ձեր աշխատանքային գրաֆիկը՝ նրանք ավելի ինքնուրո՞ւյն են։
- Ոչ, մեզ մոտ ամեն ինչ շատ խիստ է՝ հսկողության տակ։)
- Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համատեղել ընտանիքն ու աշխատանքը։
- Չգիտեմ։ Աստված է ուժ տալիս, որ կարողանամ հասցնել ամեն բան։
- Ապրիլին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Դուք արմատներով Արևմտյան Հայաստանից եք, այնպես չէ՞։
- Այո, իմ ընտանիքը շատ մարդ է կորցրել Եղեռնի ժամանակ։ Ես արմատներով Ղարաբաղից և Կարսից եմ։ Մենք շատ լուրջ և մեծ ընտանիք ենք ունեցել, տատիկս 12 երեխա է ունեցել, սակայն Էրզրումի տեղահանության ժամանակ շատ կորուստներ ենք ունեցել։
Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը
Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի