Զգալու համար, թե ինչպես են լվանում-չորացնում-հարդուկում մարդկանց գլուխները, բավական է ընդամենը միացնել հեռուստացույցը: Կապ չունի` դա կլինի մեր Հանրայինը, ռուսական Առաջինը, թե ամերիկյան CNN-ը: Բոլոր դեպքերում տեղի է ունենում մարդկանց մասսայական հայվանացում: Էլ չեմ խոսում... չնայած` ահագին հաճախ եմ խոսում այն մասին, որ, մասնավորապես, հայկական հեռուստաալիքներն ունեն ծանր հրետանի` սերիալների տեսքով, որոնք ոչ միայն հայվանացնում են, այլ նաև բալվանացնում: Հայկական եթերից ցածրորակ ձայնային սարքավորումներով, աղմուկ ստեղծելով, աշխարհով մեկ սփռվում են մունաթ, բամբասանքներ, մունաթ, կրիմինալ, մունաթ, ապատեղեկատվություն, մունաթ, գավառականություն, մունաթ, տգիտություն` իր բոլոր` նաևլակոտյանական դրսևորումներով հանդերձ, մի անգամ էլ մունաթ և լոտոյի` ղումարի գովազդներ: Սրանից պաշտպանվելը շատ հեշտ է: Կարելի է կամ չնայել հեռուստացույց, կամ նայել լավ, համենայնդեպս` անշառ ալիքներ, ասենք` Դիսքավերի կամ Նեյշնլ Ջեոգրաֆիկ: Ընդհանրապես` ես հեռուստացույցի թեման չէի բացի, եթե մի քանի օր առաջ հեռուստացույց սարքողի չհանդիպեի: Այն, որ այդ մարդը հաստատ հեռուստացույց սարքող է եղել, ես ընդհանրապես չեմ կասկածում` բարի դեմքով, հաստ ակնոցներով, սև, մաշված պորտֆեյլով ու շապիկի գրպանը դրած ռադիոյով: Իսկական հեռուստացույց սարքող: 2000-ականներին ծնվածները երևի չեն հասկանա ինչի մասին եմ խոսում, բայց «հին» մարդիկ գիտեն, որ խոսում եմ իսկական հրաշագործների մասին: Այդ հիմա է, որ հեռուստացույցներն ավելի ու ավելի բարակում են և լայնանում, իսկ առաջ դրանք քառակուսի փայտյա արկղեր էին, ներսում` լիքը լամպեր: Հեռուստացույց սարքողը գիտեր բոլոր լամպերի նշանակությունը և չնայած էլեկտրահարվելու վտանգին՝ շատ հաճախ ուղղակի ձեռքերով բռնում-պոկում-քանդում և տեղը կպցնում-հարմարեցնում-դնում էր նոր լամպեր, դիոդներ, պլատաներ... Այն, ինչ անում էր այս վարպետը, կողքից նմանվում էր իսկական մոգության, քանի որ մերթ ընդ մերթ բոցկլտացող կապույտ կայծերը, լամպերի թույլ լույսը և զոդիչի ծխացող անագը կախարդական ատրիբուտներ ասես լինեին... Էլ չեմ ասում, որ բարեհաջող սարքելու դեպքում հնարավոր էր լինում դիտել այնքան սպասված ֆիլմերը և մուլտերը, հաղորդումները և նույնիսկ գովազդները: Կարծեմ` այն ժամանակ մունաթ չկար: Իսկ հիմա, մինչ ես կխմեմ թեյս, աշխարհում կարտադրվեն միլիոնավոր նոր հեռուստացույցներ` ավելի բարակ, ավելի արագ, ավելի հարթ և ավելի լայն: Եվ դրանց մի մասը կուղարկվի Հայաստան` գանգստերների մասին սերիալներ ցույց տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել