Արաբական աշխարհում հայտնի եզդի փիլիսոփա, ծնունդով Սիրիայից Խոշանգ Բրոկան բաց նամակով դիմել է հայ ժողովրդին՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ կողմից 10 օր առաջ ընդունած ասորի և հույն ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման հայտարարաությանը: Խոշանգ Բրոկայի բաց նամակը ներկայացնում ենք կրճատումներով.
«Հարգելի հայեր, բախտակիցներ, արյամբ և ցեղասպանությամբ՝ խաղաղություն Ձեր Հայաստանին: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Ձեր խորհրադարանն ընդունեց կարևոր և պատմական որոշում՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբի արյունալի իրադարձություններին գնահատական տալով, որը տեղի է ունեցել Օսմանյան Կայսրության հրահանգով: Եզդիները, ովքեր հանդիսանում են հայերին բախտակից ցեղասպանության հարցում, այս որոշումը ընդունեցին ուրախությամբ, բայց նրանք մտահոգված են այն փաստով, որ իրենց հանել են այդ ցուցակից: Եզդիների անհանգստությունը կապված է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքի հետ, որում նա ասում է, որ եզդիների հարցը չի դիտարկում, քանի որ նրանք քրիստոնյաներ չեն, և չկան փաստեր, որոնք վկայում են եզդիների ցեղասպանության մասին: Այս կապակցությամբ հարց է առաջանում. ի՞նչ պատմական փաստերի մասին է խոսում պարոն Շարմազանովը: Այո, եզդիները քրիստոնյա չեն, բայց նրանք մշտապես ենթարկվել են ցեղասպանությունների աշխարհի իսլամացման կողմնակիցների կողմից 1400 տարվա ընթացքում, քանի որ եզդիները քրիստոնյաներից «վատն են և անհավատ»… Իմ հայ ընկերներ, ես չգիտեմ, թե ինչ ցեղասպանության մասին է նշում պարոն Շարմազանովը, բայց եզդիները գիտեն Օսմանյան Կայսրության պատմությունը և համարում են, որ հայերի և եզդիների արյունը միևնույն աստիճան է թափվել: Հենրի Լեարդը (1817-1894 թթ), ով եզդիների և քրիստոնյաների ցեղասպանության ականատեսներից մեկն է, հաստատում է սույն թեզիսն իր «Նինվեյը և նրա մնացորդները» և «Նինվեյի փնտրտուքով» աշխատություններում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եզդիներն իսլամական գաղափարախոսության համաձայն դիտարկվում են որպես «սուրբ գիրք չունեցող» ժողովուրդ, «անհավատներ», որոնք պետք է ոչնչացվեն, և այս մոտեցումը շարունակվում է իսլամական խալիֆայության առաջին իսկ օրերից և մինչ օրս… Իմ հայ արյունակից ընկերներ, իսլամական գաղափարախոսության դրոշի ներքո իրականացված ցեղասպանությունների ժամանակ կամ ընթացքում եզդիները և քրիստոնյաներն (մասնավորապես հայերը) ապացուցեցին իրենց բարեկամությունը, և այդ բարեկամության օրինակ է համարվում Ջհանգիր Աղան, որն ըստ հայկական աղբյուրների՝ եղել է եզդի հերոս՝ կռվելով Օսմանյան Կայսրության դեմ և օգնել հայերին: Ըստ պատմական աղբյուրների՝ Շանգալի և Շեյխանի եզդիները 19-րդ դարում, վտանգելով իրենց կյանքը, փրկեցին և իրենց պահպանության տակ առան 100-ավոր քրիստոնյա ընտանիքներ, որոնց թվում կային հայկական ընտանիքներ… Հարգելի հայեր, պատմական արյունակից եղբայրներ, Օսմանյան Կայսրությունում ցեղասպանություն է իրականացվել ոչ միայն հայերի դեմ, այլ նաև եզդիների: Այդ ցեղասպանությունը դարձավ արյունոտ էջ ոչ միայն Հայաստանի պատմության, այլ նաև Էզիդխանի պատմության մեջ: Նրանք, ովքեր ղեկավարվում են իսլամական գաղափարախոսությամբ, փորձում էին ոչնչացնել ոչ միայն քրիստոնեությունը, այլ նաև եզդիականությունը: Եզդիների և հայերի արյան պատմությունն ընդհանուր ցեղասպանություն է, այնպես, ինչպես ընդհանուր է մեր պատմությունը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել