Tert.am-ը գրում է.

Արցախյան զրույցների (Թափանցիկ զրույցներ տաքսիների վարորդների հետ, Արմեն Ռակեդջյան,Արտակ Բեգլարյան) պաշտոնական մասի բացումը վերապահված է կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանին։ Սա ամենևին էլ պատահական ընտրություն չէ, որովհետև կրթությունն է երկրի գլխավոր քաղաքականությունը. մնացածը կրթական գործը լավ կամ վատ կազմակերպելու հետևանք է։ Ավելին, կրթությունը նաև ապագան կարդացող, կանխորոշող համակարգ է, ուստի այս զրույցը շոշափելով Արցախի այսօրվա կրթական արժեհամակարգը՝  ակամայից պատասխանում է, թե  վաղն ինչ կլինի մեր հայրենիքի այս ափի հետ։

Երեկ ես ահագին զարմացա՝ լսելով մեր ընդդիմադիր խորհրդարանականների բավականաչափ պահպանողական թեզերը կրթական քաղաքականության շուրջ։ Ստացվում է, որ այս մեն մի հարցում մեկը մեկին համապատասխանում է  ՀՀ-ի ընդդիմության և ԼՂՀ-ի իշխանության տեսակետը, ըստ որի  կրթությունը պետք է լինի ամենակոնսերվատիվ ոլորտը։ Մեզ հետ զրույցում Արցախի կրթական գերատեսչության ղեկավարն ու անգամ վարչապետն արտառոց չհամարեցին այն փաստը, որ այսօր Արցախում անգամ մեկ մասնավոր կրթարան չկա. այստեղ կենտրոնաձիգ կրթական իդեալն է գործողության մեջ։ Ավագ դպրոցների ներդրումն Արցախում նույնպես ահագին ցնցումներ առաջացրեց, և անվախ արցախցիներն այսօր թերևս մի բանից են ամենաշատը սարսափում՝  մեծ մանկավարժ Աբովյանի ասած՝ «նրա շլյապկի ծերից»,  ով հերթական հեղափոխական  թեզիսները թևի տակ կխուժի Ստեփանակերտ։ Բայց սա ամենևին չի նշանակում, թե Արցախի կրթական համակարգը բարեփոխման կարիք չունի, ուղղակի անհեթեթ է օրինակ մարմնակրթության դասաժամերի խիտ ռեժիմ պարտադրել Արցախի գյուղերին, այն դեպքում, երբ այստեղ սպորտդահլիճներ չկան։ Այս նոնսենսը  Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն  էր նկատել, երբ մի անգամ աչքի էր անցկացրել Երևանից ստացված կրթական «նոու հաուների» հերթական թարմ փաթեթը։ Այս  զավեշտական պատմության մանրամասները  մեր հետագա զրույցներում:

-Պարո՛ն նախարար, ի՞նչ արժեհամակարգերի վրա է  խարսխված  Արցախի կրթական համակարգը։ Կարծում եմ, չեք առարկի, որ  կրթությունն է աշխարհայացք, մտածողություն  ձևավորում, մարդ ստեղծում։ Ուրեմն , ո՞րն է Արցախի կրթական իդեալը, ինչպիսի՞ արժեքներ, ինչպիսի՞ մարդ  է ջանում ստեղծել։

-Հարցն, իհարկե շատ գլոբալ է։ Առաջին հերթին և բոլոր դեպքերում կրթական համակարգը հիմնվում է գիտելիքի մատուցման, յուրացման և կարողությունների զարգացման վրա։ Բոլոր պարագաներում մենք պիտի պատրաստենք համակողմանի զարգացած մարդ։ Եվ սա իր մեջ ներառում է և՛ գիտելիքների համապատասխան մակարդակ, և՛ պիտանի  անհատ հասարակության մեջ։

-Իսկ ի՞նչ արժեքների համախումբ ենք  ընտրում  որպես նպատակ, որպեսզի գիտելիքի բազան որպես միջոց  ծառայեցնենք  մեր նպատակին։  Գիտելիքի շատ բազաներ այսօր ծերացել են կամ սպասարկվում են նոր տեխնոլոգիաներով. մի ռոբոտ արդեն ամբողջական մասնագիտությունների ամբողջ հիշողական գիտելիքին տիրապետում է։ Դրա համար էլ կրթական զարգացած համակարգերը շեշտը դնում են մարդու վերլուծական , ստեղծագործական մտքի զարգացման վրա։ Այդպես չէ՞։

-Որպեսզի դու կարողանաս նույն տեղեկատվական տեխնոլոգիաների վրա աշխատել, առաջընթաց արձանագրել, դու պիտի նախևառաջ  գիտելիք ունենաս։ Ամեն ինչ հիմնվում է գիտելիքի վրա։ Այսօրվա դպրոցականը ինքնըստինքյան տարբերվում է 10-15 տարի առաջվա դպրոցականից։

-Իհարկե, իսկ Արցախի կրթական համակարգն այսօր  ի՞նչ նոր գաղափարներ է առաջարկում այս նոր մարդուն։ Որո՞նք են  կրթական ոլորտի առաջնայնությունները։

-Գիտեք,  կրթությունը խիստ կոնսերվատիվ համակարգ է։ Իհարկե, սա չի նշանակում, որ նոր զարգացումները պիտի շրջանցեն մեզ։ Բայց դրանց նպատակը մեկը պետք է լինի՝ դպրոցականը, շրջանավարտը  յուրաքանչյուր աստիճանում ստացած գիտելիքներով պիտի կարողանա հաջորդական կրթություն ստանալ։ Միասնական պահանջներ դնել բոլոր աշակերտների առջև և ասել օրինակ, թե  բոլորը պիտի լավ սովորեն, բարոյահոգեբանական դաստիարակության առումով էլ լինեն իդեալական՝ ճիշտ չի լինի։ Մենք իրականացնում ենք շերտավորված ուսուցում։  Յուրաքանչյուրը տրված գիտելիքի պաշարից իր բաժինն է վերցնում՝  ըստ իր ընդունակությունների և կարողությունների։

-«Հանրակրթության մասին» օրենքն այլընտրանքային կրթօջախների հնարավորություններ է ընձեռում, բայց այս պահին Արցախում որևէ այլընտրանքային կրթարան չկա։ Արդյո՞ք մրցակցությունից դուրս և զուտ պետական մենաշնորհով աշխատող համակարգը հակված չէ լճացման։

-Թվերով խոսենք. 2014թ սեպտեմբերի 1-ի դրությամբ  219 դպրոցներում  ընդգրկված են 21,744 սովորողներ։ Մենք ունենք կրթության բոլոր աստիճանները՝ նախադպրոցականից մինչև հետբուհական մասնագիտական կրթություն։ Իհարկե,  գերակա ոլորտը հանրակրթությունն է.  ունենք երեք առանձնացված ավագ դպրոց, 5 հոսքային ուսուցմամբ միջնակարգ և ռազմամարզական, ֆիզմաթ և երաժշտական  թեքումով ևս երեք դպրոցներ ։ Պատկերը սա է։ Մեզ մոտ  ստեղծվել էր մի մասնավոր դպրոց, որը չկարողացավ գոյատևել։  Ծնողները հիմնականում վճարունակ չեն՝ ահա գլխավոր պատճառը։ Մենք կարծում ենք, որ այստեղ մասնավոր դպրոցները, որոնք հիմնված են վարձավճարների մուծման  գաղափարի վրա, իրեն չի արդարացրել և չի արդարացնելու։ Մենք ունենք պետական կրթական համակարգ, որի արդյունքները լիակատար բավարարում են  մեզ։

-Բայց ՀՀ-ում արդեն  բյուջետային սնուցում է ստացել և մեկնարկել   «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որտեղ հենակետային մեկ  դպրոց էլ կարծես Արցախի համար է նախատեսված։ Ծրագրի հեղինակներն ազդարարում են, որ առաջիկա տասը տարում կարող են փոխել հանրակրթության ամբողջ վարքագիծը, ստեղծել գերազանցության մշակույթ ունեցող ուսուցիչների կրիտիկական զանգված՝  400 հազար աշխատավարձով։ Արցախը  հրաժարվելո՞ւ   այս ծրագրից։

-Իհարկե՝ ոչ։ Երբ ՀՀ-ում «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» ներկայացվեց, մեզ մոտ ևս քննարկումներ ծավալվեցին։ Եվ մենք մեր համաձայնությունը տվել ենք, որ նման մեկ դպրոց էլ ունենանք Ստեփանակերտում։

-Այդ դեպքում ինչո՞ւ միայն մեկը, եթե գաղափարին դեմ չեք, ընդունել եք։

-Առայժմ մեկը, որովհետև նման դպրոց ունենալը բավականին մեծ հաճույք է ու ֆինանսական մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ Եվ այսօրվա դրությամբ թե՛ Հայաստանում, թե՛ մեզ մոտ հնարավոր չէ, որ միանգամից անցնենք նման կարգի դպրոցների։ 

-Այս պահին այստեղ  որքա՞ն է ուսուցչի միջին աշխատավարձը։

-120 հազար դրամի սահմաններում, եթե մեկ դրույք ծանրաբեռնվածություն լինի։ Ստեփանակերտում կես դրույքից մինչև մեկ դրույք ծավալով են հիմնականում աշխատում։ Իսկ շրջաններում կան տեղեր, ուր անգամ համապատասխան մասնագետներ չկան, այնտեղ գուցե՝ դրույքից ավելի։ Գոյություն ունի կառավարության որոշում, որով մենք մանկավարժին գործուղում ենք այլ վայր, եթե նա իր բնակավայրից 30 կմ և ավելի հեռավորության վրա է աշխատում  և տալիս ենք 50 տոկոս հավելյալ աշխատավարձ, ինչպես նաև՝ բնակարանի վարձ։ Սա նրա համար, որ վերաբնակեցված շրջաններում, որտեղ մասնագետի պահանջ կա՝ մասնագետով լրացնենք։

-Սկզբնական շրջանում միտում կար ՀՀ-ի ուսուցչական կազմով  համալրել Արցախի դպրոցները։ Հիմա այդ շարժը կարծես կանգնեց։ Արցախն այլևս շահագրգիռ չէ ՞ ՀՀ-ից  ուսուցչական նոր կազմեր ներգրավելու հարցում։

- Այդ խնդիրը առաջացել էր պատերազմական գործողություններից հետո։ Հիմա նման մեծ խնդիր  մենք չունենք։ Մեր տեղական մասնագետներով կարողանում ենք ապահովել համակարգի աշխատանքը։ Իսկ այստեղ, եթե վերաբնակեցվող շրջաններում ՀՀ-ից գալիս են  մասնագետներ, սկզբունքը նույնն է՝ նրանք պիտի մրցույթով անցնեն  ու սկսեն աշխատել տեղի մասնագետների հետ հավասար պայմաններում։

-Հիմա, եթե ՀՀ-ից մի լավ մասնագետ  այս պահին Ձեր դուռը թակի և ասի՝ ես ուզում եմ իմ մասնագիտական ներուժը ներդնել Արցախի կրթական համակարգում, նրան ի՞նչ կասեք, ոչ մի արտոնություն չե՞ք տա։ Ձեզ ոչ մի կերպ չի՞ ոգևորի, որ Հայաստանից մի լավ մասնագետ, որն ունի կրթական իդեալ, հսկայական գիտելիքներ ուզում  է այդ ամենը փոխանցել հենց  Արցախի երեխաներին։

-Մեզ մոտ չկա այնպիսի մի դասակարգում, որ եթե բարձրորակ ուսուցիչ է, աշխատավարձը պիտի ավելի բարձր լինի։ Ուղղակի, մենք ունենք սահմանված տարակարգեր։ Մեր հանձնաժողովը տալիս է այդ տարակարգը նրանց, ովքեր հաղթահարում են առաջադրված պայմանները, և նրանք սահմանված տոկոսաչափերով ավելի բարձր աշխատավարձ են ստանում։ Իսկ առաջիկա տարիներին մեզ մի ավելի գլոբալ խնդիր է սպասվում, որովհետև  հոսքը դեպի մանկավարժական մասնագիտություն տարեցտարի նվազում է։

-Կատարվե՞լ է որոշակի վերլուծական աշխատանք.ինչո՞ւ է հոսքը նվազում, երբ այստեղ այդքան սուր է գործազրկության խնդիրը։

-Այո, երկու հիմնական պայման  կարող եմ նշել։ Նախ մի քանի մոդայիկ մասնագիտություններ՝ այսպես օրինակ՝ իրավագիտությունը, տնտեսագիտությունը կլանում են  լավագույն շրջանավարտներին։ Եվ ստացվել է այնպես, որ այս մասնագետների ավելցուկ կա։ Բայց դրա  կողքին գյուղատնտեսական, ճարտարագիտական, մանկավարժական  մասնագիտությունների հոսքը գնալով նվազում է։ Բացի դրանից մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավ կարողություններով շրջանավարտները չեն ընտրում մանկավարժական մասնագիտություններ, և սա գալիս է երևի սոցիալական խնդիրներից։ Լինում է , որ ամբողջ տարվա ընթացքում մեր հայտարարությունները գնում են, բայց մի ցանկացող չի գտնվում, որ գնա և աշխատի վերաբնակեցված շրջաններում։ Սովորաբար նրանց փոխարինում ենք  ոչ մասնագետ ուսուցիչներով։

Այսօրվա ուսուցիչը սոցիալապես ապահոված չէ. նրա  աշխատավարձը համադրելի չէ այլ  մասնագետների  հետ։ Իսկ դպրոցի հաջողությունը մանկավարժական կոլեկտիվի պոտենցիալ կարողություններից է կախված։

-Իհարկե, բայց եթե Արցախը հավանություն է տվել «Այբ» դպրոցի նախատիպի վրա կառուցված գերազանցության ծրագրին, կնշանակի այստեղ էլ ուսուցիչները հնարավորություն են ստացել անցնել համապատասխան ատեստավորումը և հաջող արդյունքներից հետո  ստանալ  400 հազար դրամից  ոչ պակաս աշխատավարձ, թողարկել աշխարհի բոլոր համալսարանների կողմից ճանաչելի «Արարատյան բակալավրիատի» ատեստատով աշակերտներ։ Հավատո՞ւմ եք, որ հենց այսպես էլ կլինի։ Եթե այո, ապա ի՞նչ չափորոշիչներով եք ընտրելու երջանիկ ուսուցիչների առաջին ընտրախավին։

-Եթե, իհարկե, գնանք  այս նախաձեռնությանն ընդառաջ, ուրեմն պետք է մրցութային կարգով ընտրենք այն ուսուցիչներին, որոնք կարող են նրանց պահանջները բավարարել։ Բոլոր դեպքերում այդ ուսուցիչները պետք է առանձնանան մասնագիտական գիտելիքներով, մանկավարժական, հոգեբանական պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և ինչ-որ տեղ նաև՝ օտար լեզուների իմացության բարձր մակարդակով։ Ես՝ որպես նախարար, կարծում եմ, որ այդ գործընթացը  բավականին լուրջ խոչընդոտների է մեզ մոտ հանդիպելու. ուսուցիչների սերնդափոխության խնդիր կա, պատերազմական գործողությունները քիչ ավերածություններ չեն արել նաև կրթական համակարգում՝ նորավարտներն իրենց մանկավարժամեթոդական պատրաստվածությամբ թույլ են միջին և ավագ սերնդի ուսուցիչներից։ Եվ այստեղ մենք անկասկած հանդիպելու ենք դժվարությունների։ Մենք պետք է ընտրելու բազա ունենանք՝ ումից ընտրել. դրա համար շտապողականություն չցուցաբերենք, պարզապես ելնենք ռեալ իրադրությունից և այնպես անենք, որ եթե նոր նախաձեռնությանը ընդառաջ ենք գնում, կարողանանք նաև արդարացնել սպասումները։

- Ասացեք խնդրեմ, ո՞րն է Արցախի  դեպքում առավել կիրառական. վեր կանգնել այսօրվա պահանջարկի՞ց՝  ստեղծել ուսյալ մարդ, որի գիտելիքը կկառուցի վաղվա Հայաստանը, թե՞  սպասարկել աշխատաշուկայի կարիքը։ Այս հարցին պատասխանելով, կարող ենք ի վերջո դուրս գալ  կրթական նպատակի ճգնաժամից. ինչպե՞ս ենք մոտիվացնում  Արցախի այսօրվա քաղաքացուն, ասում ենք ՝ ահա քեզ խելք, գնա այդ խելքով երկիրդ կառուցի՞, թե՞ ասում ենք՝ ահա  կրթական մեր շենքի ճարտարապետությունը. մենք քեզ զինել ենք գիտելիքով, որ քո մտքով, քո էներգիայով  լցնես քո երկրի  կոնկրետ այս տեղամասը։

-Գիտեք, այդպես չի լինում, որ որևէ երկիր կանոնակարգի այդ բոլոր բարդ հարցերը  և ասի, թե յուրաքանչյուր ոլորտ պիտի լինի այս քայլերին, այս զարգացածությանը համահունչ։ Հետո, երբ մենք ասում ենք մարդկային հարաբերություններ, աշխատաշուկա, սրանք ընդհանուր առանձնացված գծեր են, որոնք դրսևորվում են ամբողջության մեջ։ Եվ հենց այս ամբողջության մեջ  է մարդն իր տեղը գտնում։ Պետությունը չպիտի բոլորին կողմնորոշի՝ թե դու պիտի այստեղ գնաս, իսկ դու՝ այնտեղ։ Պետությունը, ընդհանուր առմամբ, անձի զարգացման համար պայմաններ է ստեղծում։

-Պարո՛ն Ասրյան, կներեք, բայց ես կրկին փորձելու եմ մեր զրույցը թեքել կրթական արժեքների կողմը։ Տեսեք, «Հանրակրթության մասին » օրենքում որպես թիրախային արժեք է նշված նաև հայրենասիրությունը։  Հիմա Արցախում  ինչպե՞ս, գիտելիքի ի՞նչ բազայի հիման վրա և մանկավարժական ի՞նչ մեթոդոլոգիայով եք հայրենասերներ պատրաստում.անկեղծ եմ ասում, ես, օրինակ, ոչ միայն լավ չեմ հասկանում, թե ինչ է հայրենասերը, այլև ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես են դա պատրաստում։

-Դաստիարակության խնդիրը և ուսուցման խնդիրը միասնություն են։ Եվ մեկը մյուսին օժանդակող, միմյանց կրող գաղափարներ են։ Եվ, եթե մենք ասենք, թե  հայրենասերներ ենք զուտ պատրաստում, նման բան չի կարող լինել, անհնար է։ Պետք է և՛ հայրենասեր լինել, և՛ ասենք՝ ընկերասեր։ Հայրենիք հասկացողությունը՝ քո տունն է, քո շրջանն է, հանրապետությունը, երկիրն ամբողջությամբ։ Ու եթե դու նվիրվում ես այս ամենին, նշանակում է դու արդեն հայրենասեր ես։ Այսինքն՝ դու պատրաստ ես քո հայրենիքին ինչ-որ ծառայություններ մատուցել։ Հայրենասիրությունը դրսևորվում է կոնկրետ գործողությունների մեջ։ Եթե ես աշակերտ եմ՝ իմ հայրենասիրությունը տվյալ պարագայում իմ վերաբերմունքն է դպրոցի նկատմամբ։ Երբ դու դուրս ես գալիս հաջորդ աստիճան, արդեն փոխվում է այդ գաղափարի իրացման դաշտը։

-Օրինակ, ինչ տարբերություն կա  մի  30-40 տարվա և արդեն ազատ, անկախ Արցախի դպրոցների միջև։ Ի՞նչն է փոխվել։

- Մենք խորհրդային դպրոցի իրավահաջորդն ենք։ Եթե ասենք, որ մենք այդ դպրոցը կտրել, մի կողմ ենք դրել և նոր դպրոց ենք կառուցում՝ սխալ կլինի։ Նույն նպատակը ինչ եղել է, հիմա էլ կա. մենք շարունակում ենք կրթել աշակերտին ու այստեղ, իհարկե ձևերը, մեթոդներն են ընդամենը փոխվում։ Ես քիչ առաջ ասացի, որ կրթության ոլորտը կոնսերվատիվ ոլորտ է։ Իհարկե, նաև հնարավորություն ենք ստացել ազգային դպրոց, ազգային կրթություն հիմնելու, բայց մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկան, մեծ փոփոխությունների չես ենթարկի։

-Լավ։ Իսկ պետության հաշվին անվճար կրթություն ստացող  մանկավարժական կադրերի քանի՞ տոկոսն  է վերադառնում Արցախի աշխատաշուկա. խզումը մե՞ծ է։Կարծում եմ, տեղյակ եք, որ ՀՀ-ում կրթական համակարգը վաղուց արդեն աշխատաշուկայի հետ վերջնական խզվել է։ 

-Ես ոչ միայն կխոսեմ մանկավարժության, այլ բոլոր մասնագիտությունների գծով։ Պետական համալսարանում մենք անվճար ուսուցմամբ տարեկան 200 տեղ ունենք։ Մենք անվճար տեղեր ենք հատկացնում փոխատեղմամբ՝ ուսումը խրախուսելու նպատակով։ Այսինքն՝ ով բարձր առաջադիմություն է ցուցաբերում, նա սովորում  է անվճար համակարգում։ Իսկ աշխատանքի ընդունման  ձևը փոխվել է՝ թափուր տեղերի համար մրցույթային կարգով է և մրցույթին կարող է մասնակցել ցանկացածը։ Եվ այս ձևով ընտրությունն ավելի ճիշտ է․ արդեն չկա այն պահանջը՝ թե ավարտել ես ուրեմն պիտի անպայման գնաս ու քո ստացած մասնագիտությամբ աշխատես։ Իսկ նախկինում այս պարտադրանքը կար։

- Ո՞րն է Արցախի դեպքում ավելի արդյունավետ կրթական կոնցեպտ՝ փող ծախսել ֆունդամենտա՞լ գիտությունները զարգացնելու վրա, թե՞ տեխնոլոգիական գիտությունները դիտել որպես առաջնայնություն։ Իմիջիայլոց, Արցախի բոլոր դպրոցներում կա՞ն համակարգիչներ, խոսքը միայն Ստեփանակերտի մասին չէ։

-Չեմ կարծում, թե հստակ շեշտադրելու խնդիր կա, բոլոր ուղղություններն էլ կարևոր են։Մենք  այսօր բոլոր դպրոցներում էլ ունենք համակարգիչներ։ Այստեղ խնդիրը դրանք թարմացնելն ու նորացնելն է։  Այս հարցում մեզ հիմնականում օգնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, նաև բարեգործական մի շարք կազմակերպություններ։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում, օրինակ՝ dasaran.am-ը, մենք էլ ենք ներդրել այստեղ։

-Իսկ բոլոր դպրոցներին համացանցը հասանելի՞ է։

-Դպրոցների գերակշիռ մասում կա․ մոտավորապես 170 դպրոց ընդգրկված է  այդ ծրագրում։

-Գիտե՞ք, երեկվանից Հադրութի երկու գյուղ կանգնել և չի կարող էլեկտրոնային փոստիս մի կարևոր նկար ուղարկել, այդ թվում՝ ուսուցիչները։ Ճիշտն ասած ՝ ես ամենևին էլ չզարմացա, որովհետև ես այս վիճակն արձանագրել եմ անգամ Երևանի կենտրոնի դպրոցներում։ Հիմա այստեղ ի՞նչ է արվում, որ վիճակը մի քիչ շտկվի, որովհետև այսօրվա աշակերտը չի հավատա մի ուսուցչի, ով համակարգչային պարզագույն գիտելիքներ չունի։

-«Ուսումնական նոր ռազմավարություն» ծրագրով բոլոր ուսուցիչներն անցնում են համապատասխան վերապատրաստման դասընթացներ։ Այս ծրագիրը, որն արդեն ներդրվել է դպրոցներում,  նպաստում է, որ բոլոր ուսուցիչները շփվեն համակարգիչների հետ։ 

-Պարո՛ն նախարար, մենք հաղթահարեցինք մեր զրույցի առաջին փուլը.երկրորդին անցնելուց առաջ ուզում եմ իմանալ Ձեր տպավորությունը մեր զրույցից, կարելի է՞։

-Ոչինչ, լավ է, ուղղակի անընդհատ ուզում եք ինչ-որ սխալներ գտնել և մեղադրել ինձ։ Այդպես չէ՞։

-Ամենևին։ Արցախը մեր ընդհանուր տունն է, և ես տնեցու պես էլ հետաքրքրվում եմ նրա ցավերով, որպեսզի բոլորս  միասին գտնենք լուծումները։ Իսկ դրա համար այս պահից սկսած մեր զրույցը կարող ենք դարձնել ավելի անկաշկանդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել