Կանանց, մայրության և գեղեցկության միամսյակի կապակցությամբ գրառումս նվիրում եմ աշխարհի ամենաչքնաղ էակներին` կանանց…

Դու բացել ես իմ սիրտը, ինչպես դուռն են բացում, և մտնում ես աշխարհներից ամենահետաքրքիրը, ամենագեղեցիկը, ամենաարկածայինը, ամենակատարյալը` իսկական ու վսեմ սիրո աշխարհը: 
Այդ աշխարհում ծիածաններ են, Հյուսիսափայլ, այդ աշխարհում ճախրում է սերը, զգացմունքները, բառերը, ժեստը, հայացքը, և սիրո այդ ճախրանքի մեջ տարածվում են նրա ծիածանագույն, երփներանգ թևերը` դառնում համանվագ, անիրական, եթերային… Այդ աշխարհում յուրաքանչյուր հնչյուն, ձայն, հայացք, ապրումներ, զգացմունքներ բարձրանում են մինչև երկինք, ողջ Տիեզերքն ու Բնությունը ներկայացնում կատարյալ ներդաշնակության ու սիրո, զգացմունքների երբեմն նուրբ, երբեմն բուռն, երբեմն տխուր, երբեմն զվարթ, տենչալի ու երջանիկ մի ամբողջության մեջ…
Դու, սիրելով ու զգալով այդ սիրո ողջ էությունը, մտնելու ես այդ դռնից, և քո ուղեկիցն ու քո անփոխարինելի զրուցակիցը, քո կյանքի իմաստն ու նպատակը, քո զգացողությունների և զգացմունքների ոգեշնչողն ու տիրակալը լինելու է սերը, իրական սերը… Տող առ տող և էջ առ էջ կբացես իմ հոգու, իմ սրտի էջերը, կծանոթանաս սիրո ուրույն աշխարհի գաղտնիքներին ու խորհրդավոր, հետաքրքիր, տառապալից, երջանիկ, հիասքանչ ու տարօրինակ ապրումներին, այդ սրտի սիրատոչոր թրթիռներին ու ելևէջներին…
Այսօր, ցավոք, մարդկությանը թվում է, թե կարող է առանց սիրո, առանց այդ գեղեցիկ, վեհ, անարատ զգացմունքի ապրել: Նա այլևս չի ուզում մտորել, խորհել, անրջել, զննել, ցավալ, զգալ, նվիրվել, այլ ուզում է լոկ ֆիզիկական հաճույք վայելել՝ մնալով անտարբեր վեհ ու խորը ճշմարտությունների, ապրումների ու զգացումների հանդեպ… Մինչդեռ սերը մարդկային հոգու ժպիտն է, մտքի ու զգացմունքների հայելին, արտացոլանքը, բերկրանքը…
Դու բացել ես սիրո դուռը, ուստի մտիր անվարան, վստահ, մտիր առանց վախի ու կասկածների, ենթարկվիր Բնության կանչին ու ապրիր, վայելիր, զգա, երջանկացիր, երջանկացրու: Որովհետև անիմաստ է կյանքն առանց սիրո, առանց այդ գեղեցիկ ու հիասքանչ, աննկարագրելի աշխարհի… Ի վերջո, սերն այլ բան է, մի այլ զգացում` դա աշխարհում ամեն չբացահայտվածի և, անշուշտ, անբացատրելի զգացում է:
Գուցե Սերն է՞լ կրոնի մի տեսակ է, պաշտամունք, խորհրդավոր մի աշխարհ…
Անտարակույս… Միայն դա զգալ է պետք, ապրել ու վերապրել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել