Tert.am-ը գրում է.

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ նոր քաղաքական մշակույթի, ՀՀ-ի՝ եվրոպական մոդելի ապագային միտված հասարակական-քաղաքական որևէ նախաձեռնություն ստեղծելուն ուղղված կոնսուլտացիաներ է անցկացնում: «Այն մարդիկ, որ գալու են, դեմ են իրար ատելու, իրար հայհոյելու, իրար վրա ցեխ շպրտելու առկա քաղաքական մշակույթին և փորձելու են մաքրել քաղաքական դաշտը»,- ասաց նա և նշեց, որ այդ ուժի նպատակը արդյունավետ պետություն ստեղծելն է, որտեղ մարդը գտնվում է կենտրոնում:

-Պարո՛ն Մարուքյան, ըստ մամուլի՝ այս օրերին հանդիպում եք արևմտամետ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերի և ղեկավարների հետ: Նախ, ճի՞շտ են այս լուրերը և եթե այո, ապա խոսքը քաղաքական կուսակցություն ստեղծելո՞ւ, թե՞ նախաձեռնության մասին է:

 -Տեղեկատվությունը ճիշտ է այնքանով, որքանով, որ դեկտեմբերի 3-ի՝ ԵՏՄ-ին միանալու քվեարկությունից հետո ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել ու մինչ օրս ունենում եմ` կապված նոր մշակույթի, տեսլականի, Հայաստանի՝ եվրոպական մոդելի ապագային միտված հասարակական-քաղաքական որևէ նախաձեռնություն ստեղծելու հետ: Հիմա այդ հանդիպումներն ընթացքի մեջ են, և բնական է, որ եթե կան հանդիպումներ, ապա կլինի տեղեկատվություն, որ կան նման հանդիպումներ: Այս պահին այնքանը կարող եմ ասել, որ կոնսուլտացիաներ են ընթանում: Այն, ինչ ասում եմ, դրա մասին ես անընդհատ խոսել եմ, խոսքը նոր մշակույթի, նոր արժեքներ կրող մարդկանց միավորման մասին է, որոնք Հայաստանի ապագան տեսնում են կոնկրետ, հստակ եվրոպական մոդելի մեջ: Ես կողմնակիցը չեմ պոպուլիստական ինչ-որ բաների, ես այն մշակույթի, որ այսօր գոյություն ունի քաղաքական դաշտում, դրա կողմնակիցը չեմ։ Եվ այն մարդիկ, որ գալու են, փորձելու են մաքրել այդ դաշտը: Իրար ատելու, իրար հայհոյելու, իրար վրա ցեխ շպրտելու այս քաղաքական մշակույթին դեմ է լինելու այս ուժը, որովհետև մեր ժողովուրդը իրապես հոգնել է այս ամենից: Ավելին ասեմ` ուսումնասիրությունները, նաև տարբեր փորձագետների, ցույց են տալիս, որ դրա համար կա հստակ քաղաքական բազա: Այսինքն՝ էլեկտորատի այն բազան, որը անհրաժեշտ է որևէ ուժ ստեղծելու, նման բազա գոյություն ունի՝ նման ուժ ստեղծելու համար:

-Այսինքն` հասարակական պատվե՞ր:

-Այսինքն` հասարակական պահանջարկ: Նման պահանջարկ գոյություն ունի, որ մարդիկ հոգնել են եղած բոլոր տեսակի ընդդիմություններից, քվազի ընդդիմություններից և քաղաքական դեմքերից, որովհետև 20 տարի է՝ նույն մարդկանց, նույն դեմքերն ենք տեսնում: 21-րդ դարի կրթություն ստացած մարդիկ են պետք:

-Պարո՛ն Մարուքյան, գաղտնիք չէ, որ հասարակությունը սիրում է կոշտ հայտարարություններ անող, ինչո՞ւ ոչ՝ հայհոյող քաղաքական գործիչների: Չեք կարծո՞ւմ, որ մեր երկրի օրինաչափություններից դուրս ինչ-որ բան եք անում:

-Այո, իմ մոտեցումները և այն գործընկերների, ովքեր կմիանան, հենց տարբերվում են եղած օրինաչափություններով: Եթե մինչ օրս օրինաչափություն է եղել հայհոյելը քաղաքական հակառակորդին, ապա նման օրինաչափությունները պետք է փոխվեն: Եթե մինչ օրս եղել օրինաչափություն ատելություն քարոզելը հակառակ քաղաքական հոսանքի ներկայացուցիչի նկատմամբ, ապա դա պետք է փոխել: Այսինքն՝ այդ օրինաչափություններից դուրս է լինելու:

-Բայց մյուս կողմից այժմ քաղաքական լեքսիկոնում հայտնվել է ինստիտուցիոնալ ընդդիմություն տերմինը: Ձեր այդ մոդելը և՞ս ինստիտուցիոնալ մոդել է:

-Ինստիտուցիոնալ ընդդիմություն անընդհատ ասվել է, ես էլ եմ ասել, Փաշինյանն էլ է ասել, դա նպատակ է: Որքանով որ ստեղծվող քաղաքական ուժերը, միավորումները կդառնան ինստիտուցիոնալ ընդդիմություն, ժամանակը ցույց կտա, բայց ինքը՝ նպատակը, լավ նպատակ է: Խոսքն անձանց վրայից ապակենտրոնացումն է դեպի թիմեր: Խոսքն այն մասին է, որ մի մարդ չպետք է որոշի հարյուրավոր մարդկանց փոխարեն: Ես, օրինակ, պատկերացնում եմ, որ պետք է լինի ներքին ժողովրդավարական ընթացակարգ: Եթե կուսակցությունը իր ներքին կառուցակարգերում ժողովրդավարական չէ, այս կուսակցությունն իշխանության գալուց հետո ժողովրդավարական կառավարում իրականացնելո՞ւ է , թե ոչ: Ակնհայտ է չէ՞, որ ոչ: Եթե իր որոշումների կայացումը ժողովրդավարական գործընթացներով չի իրականացվում, հետո իշխանության գալուց հետո ո՞նց է ժողովրդավարական գործընթացներով իրականացելու:

-Մենք տեսել ենք նման ժողովրդավարական մոդել՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության», երբ հանրապետականները ծաղրում են, որ 5 հոգանոց խմբակցությունում 7 կարծիք կա:

 -Դրանով այս մոդելի գաղափարը փչացվել է: Այսինքն՝ ոչ թե իրապես գաղափարն է ներկայացվել ու իրացվել, այլ ձևով փչացվել և ծաղրուծանակի է ենթարկվել։ Եվ անցած բոլոր փորձերը մեզ համար դաս են, և պետք է այդ դասերը սովորել: Ինչ եղել, եղել է, հիմա ես որևէ մեկին չեմ քննադատում եղածի համար: Մարդիկ փորձել են, ստացվել է այնքանով, որքանով ստացվել է: Հիմա ժամանակն է, որ հին դասերը սովորելով՝ նոր փորձ կատարվի:

 -Արևմտամետ միավորում ստեղծելու նախորդ փորձերը տապալվեցին, հիշում եք՝ Բորիս Նավասարդյանի հայտարարությունը: Հիմա եթե նախկին կոնսուլտացիաները ոչինչ չտվեցին, ապա Դուք ի՞նչ լավատեսական հիմքեր ունեք:

 -Ես չգիտեմ՝ ում հետ է կոնսուլտացիաներ արել Բորիս Նավասարդյանը, համենայն դեպս, պիտի ասեմ, որ արևմտամետ շարժման մասին չէ խոսքը: Չգիտեմ՝ ով է փորձել և չի ստացվել, բայց մեր դեպքում, նորից եմ կրկնում, խոսքը Հայաստանը՝ որպես եվրոպական մոդելի պետություն ձևավորելու մասին է: Խոսքն այն մասին է, որ պետք է անհանդուրժողական վերաբերմունք ձևավորվի կաշառակերության դեմ, պետք է արդար մրցակցային դաշտ ստեղծվի, մարդիկ հասկանան՝ իրենց վճարած հարկերը ուր են գնում, ինչպես են դրանք ծախսվում, պետք է վստահություն լինի ընտրական համակարգի նկատմամբ: Եվրոպական մոդելի պետություն, երբ ասում են, որ բազմաթիվ չափորոշիչներ կան ու չափանիշներ կան: Այստեղ խոսքը եվրոպական մոդելի մասին չէ, խոսքը արդյունավետ պետություն ստեղծելու մասին է, որտեղ մարդը գտնվում է կենտրոնում:

-Փաստորեն, Դուք առաջարկում եք, որ կուսակցությունները քաղաքական դաշտում լինեն աշխարհաքաղաքական հենքի վրա:

-Ընդդիմությանը քննադատող իմ հայտնի ելույթում ես նշել եմ, որ պետք է լինի նաև արտաքին քաղաքական այլընտրանքի ներկայացում` քաղաքական ուժերի կողմից: Ոչ թե գալ, ասել՝ արտագաղթն այսքան տոկոսի է հասել, աղքատությունը՝ այսքան, երբ արտաքին քաղաքական այլընտրանք, տեսլական չի առաջարկվում, որևէ այլ բան չի առաջարկվում, քան ուղղակի թվարկել վիճակագրությունը, թե ինչ վատ է ամեն ինչ: Մենք առաջարկելու ենք. դա Հայաստանի եվրոպական ճանապարհն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել